Май 21, 2025 | 12:08
Образовательные программы
Образование
Международное сотрудничество
Факультет русской филологии ЕГУ - часть обучения студентов Кембриджского университета
Шесть студентов Кембриджского университета в течение четырёх месяцев продолжили своё обучение на факультете русской филологии Ереванского государственного университета, изучая русский язык и литературу. Они обучались в университете в рамках сотрудничества ЕГУ и Кембриджского университета.

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Պավել Բալայանը նշեց, որ Քեմբրիջի համալսարանի ուսանողների համար նախապես կազմվել է կրթական ծրագիր՝ համաձայնեցվելով Քեմբրիջի համալսարանի հետ։
«Օտարերկրյա ուսանողներն ուսումնասիրել են ռուսերենի քերականությունը և բանավոր խոսքը, հնչյունաբանությունը, ինչպես նաև լեզվաերկրագիտություն և ռուս գրականություն: Բացի դրանից՝ նրանք ծանոթացել են Հայաստանի պատմությանն ու մշակույթին՝ դասախոսների հետ այցելելով Սաղմոսավանք, Հովհաննավանք և Հայոց այբուբենի հուշարձան՝ Տառերի պուրակ»,- ասաց Պավել Բալայանը։
Նա ընդգծեց, որ 4 ամիսների ընթացքում հիմնականում հատուկ ուշադրություն են դարձրել ուսանողների բանավոր խոսքի զարգացմանը՝ կազմակերպելով նաև տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, ինչպես նաև հանձնարարել էսսեներ գրել։
«Կազմված ծրագրի իրագործմամբ մենք բարձրացրել ենք նրանց՝ լեզվի իմացության մակարդակը»,- հավելեց ԵՊՀ դոցենտը:
ԵՊՀ այցելած ուսանողները սովորում են Քեմբրիջի համալսարանի տարբեր ֆակուլտետներում․ ոմանք ուսումնասիրում են Ռուսաստանի պատմությունը, ոմանք՝ ժամանակակից և միջնադարյան լեզուներ: Նրանք պատմել են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսանելու, ինչպես նաև Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին։
Ֆեյթ Մարթին․ «Քեմբրիջի համալսարանում ուսումնասիրում եմ Ռուսաստանի պատմությունը: Ընտրելով ԵՊՀ-ն՝ մենք ռուսաց լեզու սովորեցինք մի երկրում, որտեղ հնարավորություն ունեինք ազատ խոսելու այդ լեզվով։ Ինչ վերաբերում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետին, կարծում եմ՝ այն բավական լայն հնարավորություններ ընձեռեց մեզ՝ կարճ ժամանակահատվածում զարգացնելու հատկապես բանավոր խոսքը»:
Մայքլ Գևին. «Ես սովորում եմ Քեմբրիջի համալսարանի ժամանակակից և միջնադարյան լեզուների ֆակուլտետում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ուսումնառելու ԵՊՀ-ում և բացահայտելու Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներից մեկը՝ Հայաստանը: Այստեղ առկա է մեծ թվով ռուսական համայնք, բացի դրանից՝ Հայաստանում շատերն են ռուսերեն խոսում և ոուսերենի ամենօրյա կիրառումն էլ նպաստեց մեր բանավոր խոսքի զարգացմանը»:
Էսմե Քոքեին. «Քեմբրիջի համալսարանում ուսումնասիրում եմ ժամանակակից և միջնադարյան լեզուներ: Ես հետաքրքրված եմ ռուսական մշակույթով, գրականությամբ, իսկ ռուսերենը դիտարկում եմ որպես շատ կիրառվող լեզու: Կարծում եմ՝ ապագայում կընտրեմ աշխատանք, որը կապված կլինի քաղաքացիական ծառայության ոլորտի հետ»:
Ջոնա Ֆլաուեր. «Ես ուսումնասիրում եմ Ռուսաստանի պատմությունը: Իմ ուսանող ընկերներին միանշանակ խորհուրդ կտամ ուսումնառել ԵՊՀ-ում, քանի որ այստեղ դասախոսներն ընկերական ու աջակցող են, իսկ համալսարանի կրթական միջավայրն ու կրթության որակը՝ նպաստավոր»:
Ջոնաթան Ռիդինգ. «Իմ ուսումնասիրության շրջանակում է Ռուսաստանի պատմությունը, հետաքրքրված եմ նաև գրականությամբ և քաղաքականությամբ։ Շատ գոհ եմ ԵՊՀ-ում այս 4 ամիսների ընթացքում ստացածս գիտելիքներից։ Այստեղ ռուսերենի իմացությունս իսկապես բարելավվել է»:
Վիլյամ Համմ. «Ես Քեմբրիջի համալսարանի ժամանակակից և միջնադարյան լեզուների ֆակուլտետի ուսանող եմ: Ռուսերենի ուսումնասիրության ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ինձ նաև հետաքրքրում է թարգմանական գործունեությունը: Իսկ Հայաստանն ինձ տպավորել է իր գեղատեսիլ բնությամբ: Մեր նախաձեռնությամբ այցելել ենք նաև պատմամշակութային մի շարք վայրեր, այդ թվում՝ Գառնի, Գեղարդ, Ջերմուկ, մասնակցել ենք նաև արշավի Դիլիջանում, որտեղ թեպետ անձրևոտ եղանակ էր, բայց քաղաքը շատ գեղեցիկ ու կանաչ էր: Շատ ժամանակ ենք անցկացրել բնության գրկում՝ զմայլվելով Հայաստանի գեղատեսիլ վայրերով»:
Նշենք, որ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում յուրաքանչյուր կիսամյակ, այդ թվում՝ ամռանը, տարբեր ծրագրերով ուսումնառում են օտարերկրյա ուսանողներ՝ զարգացնելու ռուսերենի իմացության մակարդակը: