- Գլխավոր
- Նորություններ
- Կրթություն, գիտություն, պրակտիկա․ համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և Բարձրագույն դատական խորհրդի միջև
Դեկտեմբեր 05, 2025 | 16:23
Գործընկերներ
Կրթություն
Կրթություն, գիտություն, պրակտիկա․ համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և Բարձրագույն դատական խորհրդի միջև
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և Իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով իրավաբանական կրթություն-գիտություն-պրակտիկա շղթայական համագործակցության արդյունավետ, կառուցողական և շարունակական զարգացումը։
Հուշագրի նպատակն է ամրապնդել կողմերի միջև արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձի փոխանակումը, ապահովել տեսություն-պրակտիկա կապի զարգացումը՝ գործնական հմտություններով իրավաբան կադրերի պատրաստման համար, ինչպես նաև կատարել գիտական հետազոտություններ, որոնք կնպաստեն արդարադատության համակարգի հետագա կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ այս համագործակցության շնորհիվ կարձանագրվեն դրական արդյունքներ՝ նպաստելով ինչպես համալսարանի, այնպես էլ իրավաբանական կրթության ու արդարադատության ոլորտի զարգացմանը։
«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կտա իր պտուղները։ Այն կամրապնդի տեսության և պրակտիկայի կապը, ինչպես նաև հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերելու գործնական հմտություններ, շփվելու փորձառու մասնագետների հետ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ դատարանային համակարգի հետ գործակցության շրջանակում արդեն կարևոր քայլեր են արվել, որոնց վառ ապացույցն է Գլխավոր դատախազության վարչական շենքում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի բացումը։
Կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մի շարք հիմնական ուղղություններով, մասնավորապես ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական պրակտիկայի կազմակերպման գործում։ Կկազմակերպվեն նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և դատական համակարգի փորձառու մասնագետների դասախոսություններ, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կրթական այլ նախաձեռնություններ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն արժևորեց համագործակցության կարևորությունը և մատնանշեց, որ չափազանց կարևոր է դատավորների մասնակցությունը ուսուցման գործընթացին։
«Ըստ իս՝ կարևոր է, որ դատավորներն էլ դասավանդեն, քանի որ դատավորի վարքագիծը, էթիկան, կեցվածքը, ինչպես նաև այլ չափորոշիչներ կարևոր նշանակություն ունեն մասնագետի ձևավորման գործում։ Այդ ամենը ուսանողներին ներկայացնելը, իմ կարծիքով, մեր նոր սերնդի ձևավորման, նրանց ճիշտ արժեքներով դաստիարակելու արդյունավետ միջոց է»,- ասաց նա և հիշեցրեց, որ դատավորները հնարավորություն ունեն ուսումնական հաստատություններում դասավանդելու շաբաթական 8 ժամ։
Արթուր Աթաբեկյանն ընդգծեց, որ իրենք պատրաստակամ են շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը՝ շեշտելով, որ այսօրինակ համագործակցությունները հնարավորություն են տալիս ձևավորելու առավել պատրաստված մասնագետներ և ամրապնդելու ոլորտների միջև կապը։
Ըստ հուշագրի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ կտրամադրվեն իրավական խնդիրներին վերաբերող գիտականորեն հիմնավորված խորհրդատվական կարծիքներ։ Կկազմակերպվեն և կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ (կլոր սեղան-քննարկումներ), դատախաղ-մրցույթներ և մասնագիտական փորձի փոխանակմանը միտված այլ միջոցառումներ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը նշեց, որ ֆակուլտետի համագործակցությունը դատական համակարգի հետ ունի երկար տարիների պատմություն, և ներկայում համալսարանը փորձում է այդ համագործակցությունը բերել նոր հարթություն՝ երկկողմ համաձայնությամբ։ Նա ընդգծեց, որ ուսանողների համար առանձնապես կարևոր է տեսության և պրակտիկայի համադրումը, ինչպես նաև գործնական հմտությունների ձևավորումը, ինչին զգալիորեն նպաստում է դատավորների հետ շփումը։
Հ․ Խաչիկյանը նաև մատնանշեց, որ սա համագործակցության մշակույթ է, որը միշտ եղել է և շարունակում է պահպանվել, և այժմ այն առավել արդյունավետ ու գովելի դրսևորումներ ունի։
Ըստ հուշագրի՝ կողմերը կկատարեն համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, կներկայացնեն և կտպագրեն մենագրություններ, գիտական հոդվածներ և գործնական ուղեցույցներ, մասնավորապես ԵՊՀ «Պետություն և իրավունք» ամսագրում, «Բանբեր Երևանի համալսարանի. իրավագիտություն» հանդեսում և այլ հարթակներում։
Համագործակցությունը կծավալվի նաև արդարադատության որակի բարձրացմանն ու իրավաբանական կրթության բարեփոխմանը միտված ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Բացի դրանից՝ ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերը կտրամադրվեն Բարձրագույն դատական խորհրդի գրադարանին։







