Июль 02, 2025 | 10:14
Исследовательская работа
Публикации и научные журналы
Культура
«Армянское рукописное искусство раннехристианского периода начало развиваться в V веке». Доцент ЕГУ Сейрануш Манукян
«Էջմիածնի Ավետարան» ձեռագիր մատյանի փղոսկրյա կազմի ու մատյանի վերջում կցված 4 պատկերազարդ թերթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վաղքրիստոնեական ժամանակաշրջանի հայկական ձեռագրարվեստը սկսել է զարգանալ 5-րդ դարից: Այս մասին ընդգծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը:

Սեյրանուշ Մանուկյանն ունի հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրությանը նվիրված շուրջ 128 աշխատություն: Նրա «Վաղ քրիստոնեության ժամանակաշրջանի հայկական ձեռագրական արվեստը» վերտառությամբ հոդվածը հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող «Древнерусское искусство» հանդեսում, որը երբեմն ունենում է ձեռագիր գրքի արվեստին նվիրված հատորներ:

Սեյրանուշ Մանուկյանը նշում է, որ վաղ քրիստոնեության ժամանակաշրջանի ձեռագրեր շատ քիչ կան: Դրանք հայկական, սիրիական ու հունական ձեռագրերն են. «Հայկական քիչ թվով ձեռագրերից մեկը Էջմիածնի Ավետարանն է: Մատյանը գրվել և պատկերազարդվել է 10-րդ դարում, մինչդեռ մատյանի վերջին կցված 4 պատկերազարդ թերթերը թվագրվում են 6–7-րդ դարերով: Ձեռագիրն ունի նաև 6-րդ դարի առաջին կեսով թվագրվող փղոսկրյա կազմ»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտը փաստում է, որ վաղքրիստոնեական ժամանակաշրջանի հայկական ձեռագրարվեստը սկսել է զարգանալ 5-րդ դարից:
«Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմի վրա պատկերված են վաղքրիստոնեական արվեստին բնորոշ բարձրաքանդակ (ռելիեֆ) պատկերներ, որոնք թվագրվում են 6-րդ դարի առաջին կեսով, իսկ 4 թերթերի վրա պատկերված են թեմաներ, որոնք բնորոշ են 6–7-րդ դարերին: Ես այն եզրահանգմանն եմ եկել, որ վաղ շրջանի հայկական ձեռագրարվեստը եղել է ավելի հին, քան նշված հուշարձանները՝ պատկերազարդ 4 թերթերն ու փղոսկրյա կազմը, որոնք կցված են 10-րդ դարի «Էջմիածնի Ավետարան» ձեռագիր մատյանին»,- ասաց Սեյրանուշ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս եզրահանգումը հիմնված է պատկերագրական, ոճական և կերպարային վերլուծությունների վրա. «Կերպարային աշխարհը, որ տեսնում ենք փղոսկրյա կազմի վրա և ձեռագիր մատյանի վերջում կցված 4 մանրանկարներում, խոսում են ձեռագրարվեստի, մանրանկարչական արվեստի շատ բարձր մակարդակի մասին: Հետևաբար դրանք չէին կարող լինել հայկական ձեռագրարվեստի առաջին աշխատանքները: Վերջիններս ավելի վաղ ստեղծված ձեռագրարվեստի վկայությունն են»:

Դոցենտը, նկարագրելով Էջմիածնի Ավետարանին կցված 4 թերթերը, նշեց, որ դրանք ծածկված են 4 տարբեր մանրանկարներով՝ «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտությունը»: Սեյրանուշ Մանուկյանը ներկայացված տեսարանների պատկերագրությունը կապում է քրիստոնեական պարականոն տեքստերի և մասնավորապես «Հակոբի Նախաավետարան» գրքի, հայկական «Քրիստոսի մանկություն» պատմության հետ:
Ըստ նրա՝ այդ մանրանկարները կապված են ամենավաղ քրիստոնեական պատկերների հետ, այդ թվում՝ սիրիական 6-րդ դարի ձեռագրերի, 6–7-րդ դարերի ղպտիական արվեստի, Լմբատավանքի որմնանկարների հետ: Այսինքն՝ այս մանրանկարները կապ ունեն 6-րդ դարի վաղքրիստոնեական հուշարձանների հետ:
Սեյրանուշ Մանուկյանն ընդգծեց, որ ձեռագրերը վաղքրիստոնեական շրջանում ստեղծվել են ոչ միայն այնպիսի կենտրոններում, ինչպիսիք էին Կոստանդնուպոլիսը, Ալեքսանդրիան, Անտիոքը, Աքսումը, այլև՝ Հայաստանում և մասնավորապես Էջմիածնում. «Ըստ իս՝ վաղքրիստոնեական ժամանակաշրջանի հայկական ձեռագրարվեստը սկսել է զարգանալ 5-րդ դարից՝ այն շրջանից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը: Ճիշտ է՝ 5-րդ դարի մանրանկարներ մեզ չեն հասել, բայց ունենք 5-րդ դարի ձեռագրային արվեստի մի քանի պատառիկներ, որոնց մեջ կան նաև ավետարանական տեքստեր: Կարող ենք փաստել՝ 5-րդ դարում արտագրվել են տարբեր տիպի մատյաններ՝ ավետարաններ, ինչպես նաև ներկայացվել են հայ հեղինակների՝ հայատառ աշխատությունները»:

Արվեստաբանը նաև փաստում է, որ Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմը 6-րդ դարի առաջին կեսի աշխատանք է. «Փղոսկրյա կազմը քրիստոնեական արվեստի գլուխգործոցներից է: Կարող ենք ասել, որ մատյանը՝ փղոսկրյա կազմով և վերջում կցված մանրանկարներով, ամենաթանկարժեք ձեռագիրն է հայկական արվեստում: Այն թանկարժեքներից մեկն է նաև աշխարհի վաղքրիստոնեական հուշարձանների շարքում: Այդպիսի կազմերը ընդամենը 3-ն են, որնցից մեկը Ռավեննայում է, մյուսը՝ Փարիզի ազգային գրադարանում»:
Սեյրանուշ Մանուկյանը նշում է, որ Փարիզի ազգային գրադարանում պահվող «Լուպիցինի Ավետարան» գրքի փղոսկրյա կազմին պատկերված են գրեթե նույն այն տեսարանները, որոնք կան Էջմիածնի Ավետարանի կազմին. «Ներկայացված տեսարաններից են Քրիստոսի բժշկումները: Բացի այդ՝ երկու կազմերն էլ ունեն նույն չափերը: Դա թույլ է տալիս ենթադրել, որ դրանք ունեցել են պատրաստման մեկ ընդհանուր կենտրոն:
Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմը՝ իր հնգամաս կառուցվածքով և վաղքրիստոնեական տեսարանների ընտրությամբ, կապվում է փղոսկրյա այլ իրերի հետ ևս, օրինակ՝ Միլանի, Բեռլինի փղոսկրյա երկփեղկ սալերի, Ռավեննայի Մաքսիմիանոսի գահի և այլնի հետ, որոնք թվագրվում են 6-րդ դարով: Դրանց մեծ մասում Քրիստոսը մորուսավոր է, մինչդեռ Էջմիածնի Ավետարանում Քրիստոսը պատկերված է անմորուս երիտասարդի կերպարանքով: Պատկերագրական այս տիպը հանդիպում է ավելի վաղ ժամանակաշրջանում ևս: Ուստի՝ կարող ենք փաստել, որ Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմը 6-րդ դարի առաջին կեսի աշխատանք է»:
Արվեստաբանն ընդգծում է, որ 989 թվականի բուն ձեռագիրը հետագա դարերի ավետարանների պատկերազարդման հիմքն է. «Մի կողմից՝ 10-րդ դարի այս մատյանի պատկերազարդումն ունի գծեր, որոնք կրկնում են 6–7-րդ դարերի պատկերազարդումը, մյուս կողմից՝ պարունակում են հետագա դարերի հայկական ավետարանների պատկերազարդման համակարգի տարրեր: Այս առումով Էջմիածնի Ավետարանը գլուխգործոց է, որն իր մեջ փաստացի ներառում է 3 արժեքավոր հուշարձան»:
ԵՊՀ դոցենտի հոդվածում ներկայացված են նաև հայկական ձեռագրերի կայացման ընթացքը, գրության տարբեր ձևերը, մանրանկարչական արվեստի հիմունքները, հայկական ներկերը, հայկական մագաղաթի առավելությունները և այլ կարևոր տեղեկություններ: Նրանում մատնանշվում են հայկական ավետարանների տարբերությունները հունական և լատինական ավետարանական գրքերից, այն է՝ հայ մատենագիրները ռուբրիկացիայի (տեքստաբաժանման) և ձևավորման շնորհիվ մի գրքում միավորել են «Քառավետարան»-ը և «Ավետարանական ընթերցվածքներ» գիրքը: Ըստ հեղինակի՝ Հայաստանում գոյություն է ունեցել նաև ավետարանի խմբագրության, ձևավորման մաշտոցյան նախատիպ: