- Главная
- Node
- Գիտակրթական և միջազգային համագործակցության նոր հեռանկարներ. «CEA-Leti»-ի ներկայացուցիչները այցելեցին ԵՊՀ
Сентября 09, 2026 | 13:32
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գիտակրթական և միջազգային համագործակցության նոր հեռանկարներ. «CEA-Leti»-ի ներկայացուցիչները այցելեցին ԵՊՀ
Միջազգային համագործակցության ընդլայնում, կրթության արդիականացում, գիտության և տեխնոլոգիաների զարգացում, գիտելիքը բիզնեսի վերածելու նոր հնարավորություններ. ԵՊՀ-ն վերջին տարիներին հետևողականորեն փոխակերպում է իր գործունեության տարբեր ուղղությունները՝ ձգտելով ավելի ակտիվորեն ինտեգրվելու միջազգային գիտակրթական համակարգերին։
Այս գործընթացի հերթական դրսևորումը ԵՊՀ-ում ֆրանսիական գիտահետազոտական առաջատար կենտրոնի՝ «CEA-Leti»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումն էր։ Միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած կենտրոնի հետ հնարավոր գործակցությունը ԵՊՀ-ի համար կարող է դառնալ միջազգային գործընկերային ցանցն ընդլայնելու և նոր գիտահետազոտական ու նորարարական ծրագրերում ներգրավվելու ևս մեկ հնարավորություն։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի զարգացման հիմնական ուղղությունները, կատարվող բարեփոխումներն ու միջազգային համագործակցության փորձը։
«CEA-Leti»-ի ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրեցին ԵՊՀ միջազգային համագործակցության հնարավորությունները, անգլերենով իրականացվող կրթական ծրագրերը, Տվյալների մշակման կենտրոնի և արհեստական բանականության ոլորտում ձևավորված ներուժը, ինչպես նաև գիտական հետազոտությունները տեխնոլոգիական լուծումների և բիզնես գաղափարների վերածելու մեխանիզմները։
Դեպի միջազգային կրթական միջավայր
ԵՊՀ-ն այսօր համագործակցում է Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ կրթական ու գիտահետազոտական, «Էրազմուս+», ինչպես նաև կրկնակի դիպլոմների ծրագրեր։ Համալսարանում գործում են նաև անգլերենով կրթական ծրագրեր՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, կենսաբանության, համակարգչային գիտության, քիմիայի և այլ ուղղություններով։
Հատկանշական օրինակ է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագիրը, որտեղ ներգրավված են նաև օտարերկրյա մասնագետներ, այդ թվում՝ եվրոպական դատարանների նախկին դատավորներ։ Գործարկվել է նաև «Եվրասիական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը, որի հիմքում ԵՊՀ-ի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով անցկացվող ձմեռային ու ամառային դպրոցների փորձն է։ Դրանց շրջանակում շուրջ 6-7 փուլերի ընթացքում Ֆրանսիայից և Շվեյցարիայից Հայաստան է այցելել ավելի քան 250 ուսանող։
«Մենք փորձում ենք կրթական ծրագրերը համապատասխանեցնել նոր իրականությանը և չսահմանափակվել միայն լսարանով։ Նպատակն այն է, որ ուսանողի կրթական փորձը լինի հնարավորինս գործնական և կիրառելի»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը։
Բարեփոխումներ համալսարանի գրեթե բոլոր ոլորտներում
Վերջին հինգ տարիներին ԵՊՀ-ն անցել է լայնածավալ բարեփոխումների ճանապարհ՝ անդրադառնալով ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքներին, այնպես էլ կրթական ծրագրերին, գիտության և կրթության կապին։
Բարեփոխումները միտված են համալսարանում ստեղծելու բարձրագույն կրթության և գիտության համար սահմանված ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմաններ, ինչպես նաև ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունենան լիարժեք աշխատելու, գիտակրթական գործունեություն ծավալելու և հետազոտություն կատարելու՝ ունենալով դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Միևնույն ժամանակ, կրթական ծրագրերը պարբերաբար վերանայվում են՝ դրանք նոր իրականությանը համապատասխանեցնելու նպատակով։ ԵՊՀ-ում շեշտը դրվում է գործնական և նախագծային ուսուցման, ինչպես նաև գիտության ու կրթության առավել սերտ կապի ձևավորման վրա։
Այս համակարգում գիտահետազոտական կենտրոններում ստեղծվող գիտելիքը պետք է հասնի լսարան, իսկ ուսանողներն իրենց հերթին հնարավորություն ունենան ներգրավվելու հետազոտական ծրագրերում։
Գիտություն, արհեստական բանականություն և նոր հնարավորություններ
Երևանի պետական համալսարանի զարգացման կարևոր ուղղություններից է նաև նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացումը։
Համալսարանում ստեղծվել է Տվյալների մշակման կենտրոն, որտեղ ներկայում աշխատում է երեք հետազոտական թիմ, իսկ կենտրոնի միջին շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 94-96%։ ԱԲ (AI) գործարանի գործարկումից և Կառավարության կողմից դրա հաշվողական հզորությունների ձեռքբերումից հետո այդ ռեսուրսը հասանելի է դառնում նաև ակադեմիական համայնքին։
Այս հնարավորություններից արդեն օգտվում են մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև ֆիզիկայի հետազոտական խմբերը։ ԱԲ ներուժը սկսում են կիրառել նաև այլ ոլորտներում. օրինակ՝ ԵՊՀ կենսաբանները քննարկում են իրենց հետազոտությունների զարգացումն ու ավտոմատացումը ԱԲ-ի միջոցով։
«Մարդկային սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար հաշվողական հզորությունները հնարավորություն են տալիս որոշակիորեն բազմապատկելու մարդկային ռեսուրսի հնարավորությունները։ Ճիշտ օգտագործելու դեպքում սա կարող է Հայաստանին մեծ հնարավորություն տալ՝ ավելի շատ կենտրոնանալու գիտելիքահենք տնտեսության վրա»,- ընդգծեց Միքայել Հովհաննիսյանը։
Միջազգային ճանաչում՝ ոչ միայն վարկանիշներով
ԵՊՀ-ն Հայաստանի միակ համալսարանն է, որը ներառված է և՛ «QS», և՛ «Times Higher Education» վարկանիշային համակարգերում։ Վերջին տարիներին համալսարանի դիրքը ընդհանուր համաշխարհային վարկանիշում եղել է մոտավորապես 1000-1800-րդ տեղերի միջակայքում, իսկ ներկայում այն գտնվում է մոտավորապես 1000-1200-րդ տեղերի միջակայքում։
Առանձին ցուցանիշներով արդյունքները զգալիորեն ավելի բարձր են․ շրջանավարտների աշխատանքի տեղավորման և մասնագիտական հաջողության ցուցանիշով ԵՊՀ-ն աշխարհում մոտ 76-րդ տեղում է, իսկ դասախոս-ուսանող հարաբերակցության ցուցանիշով՝ մոտ 362-րդ։ «Ֆիզիկա» կրթական ծրագիրը ներառված է աշխարհի լավագույն 600-ի, իսկ «Կենսաբանություն» և «Իրավագիտություն» կրթական ծրագրերը՝ լավագույն 700-ի շարքում։
Վերջին հինգ տարիների կտրվածքով ԵՊՀ ցուցանիշների տարեկան միջին առաջընթացը կազմել է մոտ 20-25 տոկոս։
Գիտելիքից դեպի տեխնոլոգիա և բիզնես
ԵՊՀ նորարարական էկոհամակարգի կարևոր օղակներից է Բիզնես ինկուբատորը, որը համալսարանում գործում է մոտ երեք տարի և իր առաքելությունը ձևակերպում է որպես գիտելիքը տեխնոլոգիայի ու բիզնեսի վերածելու գործիք։ Բիզնես ինկուբատորի մասին հանդիպմանը պատմեց ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը:
Ինկուբատորի ծրագրերից մեկը՝ «Mini MBA»-ը, ուղղված է հատկապես բնագիտական ոլորտի ուսանողներին ու հետազոտողներին։ Ծրագրի շրջանակում ընտրվում են տեխնոլոգիական փոխանցման ներուժ ունեցող հետազոտությունները, մասնակիցները սովորում են դրանք ներկայացնել բիզնես միջավայրին և վերջնական փուլում պատրաստում են բիզնես գաղափարի ներկայացում։
Ծրագրի արդեն երեք փուլով մոտ 60 հետազոտող անցել է գիտությունից դեպի բիզնես ճանապարհը, և կան դեպքեր, երբ հետազոտական գաղափարների հիման վրա հաջողվել է ֆինանսավորում ներգրավել։ Այս մոտեցումը ինկուբատորում անվանում են «Paper to Business»։
Մյուս կարևոր ուղղությունը «PhD Incubation» ծրագիրն է, որն իրականացվում է Նյու Յորքի «Cornell Tech»-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը տևում է մոտ 8 ամիս և նպատակ ունի օգնելու ասպիրանտներին ու հետդոկտորական հետազոտություն կատարողներին՝ իրենց գիտական աշխատանքը վերածելու բիզնես գաղափարի կամ ընկերության։
«Գիտական դրամաշնորհները գիտության ֆինանսավորման միակ աղբյուրը չեն։ Բիզնեսը նույնպես կարող է նպաստել ինչպես հաջող հետազոտության, այնպես էլ կայուն բիզնեսի ստեղծմանը: Այս մոտեցման ուժը հատկապես տեսանելի է բազմամասնագիտական նախագծերում։ Դրանցից մեկը համակարգչային տեսողության և արհեստական բանականության միջոցով երեխաների հոգեբանական գնահատման ծրագիրն է, որտեղ համատեղ աշխատում են մաթեմատիկոսներ, ԱԲ մասնագետներ, հոգեբաններ և բիզնեսի մասնագետներ», - մատնանշեց ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը։
Համագործակցությունը՝ ԵՊՀ-ի զարգացման առանցքում
ԵՊՀ-ն համագործակցում է նաև աշխարհի առաջատար ընկերությունների և միջազգային կառույցների հետ։ Դրանց թվում է «NVIDIA»-ն, որի հետ համալսարանն ունի համագործակցության ուղղություններ: Բացի դրանից՝ Բիզնես ինկուբատորը ներգրավված է նաև «Data Science for Business» մագիստրոսական ծրագրի աշխատանքներում։ ԵՊՀ-ն «NVIDIA»-ի համաշխարհային կրթական նախաձեռնության հատուկ դպրոցի ակտիվ անդամներից է։
Համալսարանը շարունակում է զարգացնել կապերը նաև Չինաստանի և Կենտրոնական Ասիայի համալսարանների հետ, մասնավորապես՝ միջազգային հարաբերությունների, կենսաբանության և քիմիայի ուղղություններով։
Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է շարունակաբար: Համալսարանի ռազմավարական նպատակը հստակ է. դուրս գալ ինստիտուցիոնալ մեկուսացումից և առավել ակտիվորեն ինտեգրվել գլոբալ գիտահետազոտական ու կրթական համակարգերին։
«Համագործակցությունը համալսարանի առաջընթացի ամենակարևոր ճանապարհներից է։ Միմյանցից սովորելը, փորձի փոխանակումը և համագործակցությունը համալսարանի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն: Եվ հենց այս տրամաբանությամբ է ԵՊՀ-ն շարունակում իր ճանապարհը՝ ավանդույթը համադրելով նորարարության, գիտությունը՝ գործնական կիրառության, իսկ տեղական ներուժը՝ միջազգային համագործակցության հետ»,- հավելեց Միքայել Հովհաննիսյանը։
ԵՊՀ զարգացման ուղղությունները հետաքրքրեցին «CEA-Leti»-ի ներկայացուցիչներին․ հյուրերը հետաքրքրված էին համալսարանի միջազգային համագործակցության հնարավորություններով, անգլերենով իրականացվող կրթական ծրագրերով, Տվյալների մշակման կենտրոնի և արհեստական բանականության ոլորտում առկա ներուժով, ինչպես նաև գիտական հետազոտությունները տեխնոլոգիական լուծումների և բիզնես գաղափարների վերածելու մեխանիզմներով։
Հանդիպման ընթացքում «CEA-Leti»-ի ներկայացուցիչները հատուկ հետաքրքրություն ցուցաբերեցին ԵՊՀ բիզնես ինկուբատորի ծրագրերի նկատմամբ։ Նրանք հետաքրքրվեցին երիտասարդ հետազոտողների ներգրավման, ստարտափների զարգացման ու ֆինանսավորման հնարավորություններով, համալսարանի և մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափերով, ինչպես նաև տարբեր մասնագիտական ուղղությունների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի համատեղ աշխատանքի փորձով։
Հարցուպատասխանի ընթացքում կողմերը անդրադարձան նաև այն գործիքներին և հնարավորություններին, որոնք կարող են հիմք դառնալ գիտակրթական, տեխնոլոգիական և նորարարական հետագա համագործակցության համար։










