- Главная
- Главная страница
- ԵՊՀ գիտական նախաձեռնությունը՝ «Springer»-ի հրատարակությամբ․ լույս է տեսել «Transformative Economies» գիտական ժողովածուն
Октября 27, 2026 | 11:22
Գիտություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ գիտական նախաձեռնությունը՝ «Springer»-ի հրատարակությամբ․ լույս է տեսել «Transformative Economies» գիտական ժողովածուն
«Springer» հեղինակավոր հրատարակչությունը 2026 թվականին լույս է ընծայել «Transformative Economies: Spatial and Societal Perspectives» գիտական ժողովածուն, որը պատրաստվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ։ Գրքի չորս միջազգային խմբագիրներից մեկը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն է։ Ժողովածուն ներառում է 12 երկրի 38 գիտնականների հեղինակած 13 հետազոտություն, որտեղ անդրադարձ է կատարվում տնտեսական համակարգերի փոխակերպմանը, մարդկային կապիտալին, ինստիտուտների որակին, նորարարությանը, կայուն զարգացմանն ու տարածքային դիմակայունությանը։
Ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային երրորդ գիտաժողովի շրջանակում։ Շնորհանդեսին ներկա են եղել ժողովածուի բոլոր չորս խմբագիրները, որոնք ելույթներով ներկայացրել են գիրքը և անդրադարձել դրա գիտական նշանակությանը։
Կառլեն Խաչատրյանի հետ զրուցել ենք ժողովածուի ստեղծման, միջազգային խմբագրական աշխատանքի առանձնահատկությունների և տնտեսական փոխակերպումների ուսումնասիրման կարևորության մասին։
- Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս ծնվեց այս ժողովածուի ստեղծման գաղափարը, և ի՞նչ նշանակություն ունի նման միջազգային նախագծում ԵՊՀ ներգրավվածությունը։
- Այս ժողովածուն մեր միջազգային կապերի զարգացմանն ուղղված աշխատանքի արդյունքն է։ Դրա ստեղծման նախաձեռնությունը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետինն է։ Գաղափարը ծնվեց 2024 թվականին, երբ ֆակուլտետում առաջին անգամ նախաձեռնեցինք «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած ճանաչված գիտնականներ, որոնց հետ քննարկումները նպաստեցին միջազգային նոր կապերի ձևավորմանը։ Հետագայում այդ կապերը վերածվեցին երկարաժամկետ մասնագիտական համագործակցության։
Գիտաժողովից հետո ֆակուլտետի նախաձեռնությամբ մշակեցինք ժողովածու ստեղծելու գաղափարը և համապատասխան հայտը ներկայացրինք «Springer»-ին՝ ներկայացնելով գրքի հայեցակարգը, թեմատիկ ուղղությունները, հեղինակների շրջանակը և խմբագրական թիմը։ Հայտը ստացավ «Springer»-ի հավանությունը, և դրանից հետո սկսվեց արդեն գրքի ստեղծման հիմնական աշխատանքը։
Մենք ձևավորեցինք հեղինակների շրջանակը, սահմանեցինք աշխատանքի պատրաստման ժամկետները, իսկ ստացված հոդվածները անցան բազմափուլ գրախոսման գործընթաց։ Գրքում ներառված բոլոր աշխատանքներն անցել են բազմափուլ գրախոսման գործընթաց և առնվազն երկու անգամ վերանայվել ու վերամշակվել են։ Խմբագրական և գրախոսական աշխատանքի արդյունքում ժողովածուն պատրաստվեց «Springer»-ի պահանջներին համապատասխան և լույս տեսավ 2026 թվականին։
- Ի՞նչ հետազոտություններ են ընդգրկված ժողովածուում, և ո՞վ կարող է օգտվել դրանցից։ Արդյո՞ք այն հասանելի է նաև ԵՊՀ ուսանողներին և այլ երկրների հետազոտողներին։
- Ժողովածուն ներառում է աշխարհի 12 երկրից 38 հեղինակների 13 հետազոտական աշխատանքներ։ Հեղինակները ներկայացնում են տարբեր երկրների գիտական համայնքները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական մի շարք պետությունների, ինչպես նաև Հայաստանի։
Ժողովածուում ընդգրկված են ոչ միայն ԵՊՀ գիտնականների, այլև Հայաստանի այլ բուհերի և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների աշխատանքներ։ Մեր նպատակն էր համախմբել հայաստանյան գիտական համայնքի տարբեր ներկայացուցիչների և նպաստել նրանց հետազոտությունների ներկայացմանը միջազգային գիտական հարթակում։
Գիրքը, բնականաբար, առաջին հերթին նախատեսված է տնտեսագիտական համայնքի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում։ Ժողովածուն առկա է բաց հասանելիությամբ «Springer»-ի հարթակում, ուստի դրանից կարող են օգտվել տարբեր երկրների հետազոտողներ, մասնագետներ և ուսանողներ։ Ցանկանում ենք, որ ժողովածուն հասանելի և հետաքրքիր լինի նաև ԵՊՀ ուսանողների համար։
- Որպես գրքի միջազգային խմբագիր՝ ինչպե՞ս էիք կազմակերպել աշխատանքը, որո՞նք էին դրա հիմնական փուլերը, և ի՞նչ փորձ ձեռք բերեցիք տարբեր երկրների հեղինակների հետ համագործակցելիս։
- Սկզբում չորս խմբագիրներով բաշխեցինք աշխատանքները՝ յուրաքանչյուրին վերապահելով մի քանի հետազոտության խմբագրման և գրախոսման գործընթացի համակարգումը։ Աշխատանքը կատարել ենք առցանց՝ էլեկտրոնային նամակագրության և պարբերական հանդիպումների միջոցով։ Հանդիպումների ընթացքում քննարկել ու վերանայել ենք միմյանց աշխատանքը՝ ապահովելով ժողովածուի գիտական և խմբագրական միասնականությունը։
Միաժամանակ, պարբերական հանդիպումների ընթացքում քննարկում և վերանայում էինք նաև միմյանց կատարած աշխատանքը։ Կարող եմ ասել, որ համագործակցությունը բավական արդյունավետ էր, և այս ձևաչափը հնարավորություն տվեց ապահովելու գրքի ընդհանուր գիտական ու խմբագրական մակարդակի միասնականությունը։
- Տարբեր երկրների հետազոտողների հետ աշխատելիս ի՞նչ նոր մոտեցումներ կամ գաղափարներ բացահայտեցիք, որոնք հատկապես հետաքրքրում էին Ձեզ՝ որպես տնտեսագետի։
- 2024 թվականի առաջին գիտաժողովում ներկայացված շուրջ 80 զեկուցումներից ընտրվեցին մի շարք հետազոտություններ, որոնցից 13-ն ընդգրկվեցին ժողովածուում։ Ընտրության ընթացքում հաշվի ենք առել ոչ միայն աշխատանքների գիտական նորույթը, այլև դրանց թեմատիկ փոխկապակցվածությունը։
Ժողովածուում տնտեսական փոխակերպումները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից՝ մարդկային կապիտալի և ինստիտուտների դերից մինչև մշակութային առանձնահատկություններ, նորարարություն ու թվային տեխնոլոգիաներ։ Փորձել ենք ներկայացնել այդ գործոնների փոխկապակցվածությունը և դրանց դերը տնտեսական զարգացման գործընթացներում։
- Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ կգտնի ընթերցողը այս ժողովածուում, և ինչո՞ւ է այն կարևոր այսօր։
- Ժամանակակից աշխարհում տնտեսական համակարգերը շարունակաբար փոխակերպվում են, և այդ գործընթացների պատճառներն ու հետևանքները հասկանալը կարևոր է ինչպես հետազոտողների, այնպես էլ տնտեսական քաղաքականությամբ հետաքրքրվողների համար։ Ժողովածուում ներկայացված հետազոտություններն այս փոփոխությունները դիտարկում են տարբեր տեսանկյուններից՝ անդրադառնալով մարդկային կապիտալի, ինստիտուտների, նորարարության և տեխնոլոգիական զարգացման դերին։ Կարծում եմ՝ գիրքը կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորությամբ հասկանալ տնտեսական փոխակերպումների մեխանիզմներն ու դրանց ազդեցությունը հասարակության վրա։
Նշենք, որ ժողովածուում ընդգրկված է նաև Կառլեն Խաչատրյանի, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի և ասիստենտ Անի Խալաթյանի համահեղինակությամբ հետազոտությունը՝ «The Impact of Human Capital and Institutions on Economic Development: Fragility Context», որտեղ ուսումնասիրվում է մարդկային կապիտալի, ինստիտուցիոնալ որակի և տնտեսական զարգացման փոխկապակցվածությունը՝ 120 երկրների տվյալների հիման վրա։







