- Գլխավոր
- Նորություններ
- Կենսաբազմազանության պահպանությունից մինչև համատեղ հետազոտություններ․ ԵՊՀ-ում հյուրընկալվել է Կոբեի պատվիրակությունը
Հոկտեմբեր 27, 2026 | 10:35
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Կենսաբազմազանության պահպանությունից մինչև համատեղ հետազոտություններ․ ԵՊՀ-ում հյուրընկալվել է Կոբեի պատվիրակությունը
ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ներկայացուցիչները հյուրընկալել են Կոբե քաղաքի (Ճապոնիա) պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման և շրջակա միջավայրային ԴՆԹ-ի (eDNA) հետազոտությունների ոլորտներում հայ-ճապոնական գիտակրթական համագործակցության հնարավորությունները։
Պատվիրակության աշխատանքները համակարգում էր Կոբեի քաղաքապետի արտաքին կապերի գծով օգնական Լեո Լուչուկը։ Պատվիրակության կազմում էին նաև Կոբեի համալսարանի պրոֆեսոր, մարգագետնային էկոհամակարգերի մասնագետ Ացուշի Ուշիմարուն, քաղաքապետարանի ներկայացուցիչներ և բնապահպանական հետազոտություններով զբաղվող ուսանողներ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքներն ու գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղությունները։
Ճապոնիայի պատվիրակությունը ներկայացրել է սատոյամա կոչվող՝ մարդու գործունեության և բնության փոխազդեցությամբ ձևավորված լանդշաֆտների պահպանության ու կառավարման փորձը՝ անդրադառնալով նաև դրանցում ջրային ռեսուրսների կառավարման առանձնահատկություններին։ Այս լանդշաֆտները կարևոր կենսամիջավայր են բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների համար։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը՝ դիտարկելով ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունները։


