ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 7-13-ը անցկացվել է «Լեռնագնացությունը սկսնակների համար-2» խորագրով դասընթացը։
Դասընթացին մասնակցել են հարցազրույցների փուլը հաղթահարած շուրջ 30 ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ինչպես նաև ՀՀ այլ բուհերից, որոնց միավորել էր բնության հետ ակտիվ շփման, արշավների և լեռնագնացության նկատմամբ հետաքրքրությունը։
Առաջին փուլում կազմակերպվել են բանախոսություններ` «Կողմնորոշում տեղանքում» (բանախոս՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս, ա.գ.թ. Տաթևիկ Սաֆարյան), «Լեռնային վտանգներ» (բանախոս՝ «Թռիչք» արշավական ակումբի հիմնադիր, Հայկական ալպինիզմի ֆեդերացիայի անդամ Աշոտ Թոփուզյան), «Լեռնային գույք և հանդերձանք» (բանախոսներ՝ արշավականներ Աղվան Վարդանյան, Քրիստինե Սաֆարյան), «Արահետաշինությունը և դրա դերը լեռնագնացության մեջ» (բանախոս՝ «Արահետ փոփոխության համար» ՀԿ հիմնադիր Աշոտ Դավթյան), «Առաջին օգնություն» (բանախոս՝ Իրինա Սինդոյան) թեմաներով։
Մասնակիցներին ներկայացվել են քարտեզով և կողմնացույցով տեղորոշվելու հիմնական մեթոդները, փոխանցվել բնական օբյեկտների միջոցով կողմնորոշվելու հմտություններ, ապա անդրադարձ է կատարվել լեռներում հանդիպող հիմնական վտանգներին՝ եղանակային կտրուկ փոփոխություններ, քարաթափում, վայրի կենդանիների առկայություն, ինչպես նաև դրանց կանխարգելման և հաղթահարման ուղիներին։ Բացի վերոգրյալից՝ դասընթացի մասնակիցները ծանոթացել են արահետների նախագծման և կառուցման գործընթացներին և այլն։
Դասընթացի երկրորդ փուլն անցել է դաշտային պայմաններում․ մասնակիցներն այցելել են Հրազդանի կիրճ, կիրառել տեղանքում կողմնորոշվելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել Հրազդանի կիրճում քիչ հայտնի երկրաբանական առանձնացումները և ջրի բնական ելքերը։
Դասընթացի ավարտին մասնակիցները բարձրացել են Ապակեքար լեռ (ՀՀ Տավուշի մարզ, 1651 մետր)։ Արշավը գլխավորել են արդեն իսկ փորձառու արշավականներ Աղվան Վարդանյանը, Քրիստինե Սաֆարյանը և Կենաս Տեր-Արիստակեսյանը։