ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և Լունդի համալսարանի առաջատար մերձարվորարևելյան հետազոտությունների կենտրոնի (Շվեդիա) համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց «Թուրքիայի Հանրապետությունը և չլուծված խնդիրները. 100 տարին և ավելին» («The Republic of Turkey and its Unresolved Issues. 100 Years and Beyond») խորագրով գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ՝ ընդգծելով պատմական արդարության և գիտական անաչառության նշանակությունը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով նախաձեռնության ակադեմիական կարևորությանը, ասաց. «Գիտությունը սահմաններ չունի. այն ունի մեկ արժեք՝ ճշմարտություն։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք մինչ օրս մնում են չլուծված։ Մեզ համար առանձնապես կարևոր է հայերի ցեղասպանության հարցը, որը շարունակում է մնալ արդիական ինչպես գիտական, այնպես էլ հանրային խոսույթում»։
Աշխարհի ամենանշանավոր գիտական հրատարակչություններից մեկի՝ «Փալգրեյվ Մաքմիլան»-ի («Palgrave Macmillan») հրատարակած գրքում ներկայացվում են Թուրքիայի Հանրապետության ողջ գոյության ընթացքում կուտակված և չլուծված խնդիրները։ Այն եզակի է իր բաց հասանելիության ձևաչափով ու միջգիտակարգային մոտեցմամբ և համադրում է պատմությունը, քաղաքականությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և հոգեբանությունը։ Գրքում քննադատական վերլուծության են ենթարկվում այն թեմաները, որոնք հաճախ անուշադրության են մատնվում կամ դիտավորյալ չեն բարձրաձայնվում։ Դրանց շարքում առանձնանում են հայերի և դերսիմցիների ցեղասպանությունները, «տարօրինակ» դիմադրության շարժումները, բնապահպանական պայքարներն ու «քաղաքի իրավունքի» շուրջ զարգացող քննարկումները։
Բարձր գնահատելով Լունդի համալսարանի առաջատար մերձարվորարևելյան հետազոտությունների կենտրոնի ներդրումը ակադեմիական համագործակցության գործում՝ միջոցառման ավարտին Լունդի համալսարանի առաջատար մերձարվորարևելյան հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Սվանտե Լունդգրենին շնորհվեց ԵՊՀ արծաթե մեդալ՝ որպես հայագիտության ու արդարության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքի բարձր գնահատական, ինչպես նաև հայանպաստ գործունեության և ԵՊՀ-ի հետ երկարամյա արդյունավետ գործակցության համար։
Մանրամասները՝ այստեղ։