ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված սերտ համագործակցության շրջանակում ս.թ. ապրիլի 29-ին ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաև մասնագիտական ոլորտի հնարավորություններին իրազեկվելու նպատակով գիտաճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, հանդիպեցին ՀՀ ԿԲ մակրոպրուդենցիալ քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հայկ Ավետիսյանի հետ և մասնակցեցին ինտերակտիվ քննարկման:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԲ մակրոպրուդենցիալ քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հայկ Ավետիսյանը ներկայացրեց Կենտրոնական բանկի հիմնական գործառույթները, առաջնահերթությունները և դրանց իրականացումն ապահովող գործիքակազմը: Քննարկումներ ծավալվեցին նաև դրամավարկային քաղաքականության սկզբունքների և գնաճի կառավարման շուրջ։
Ուսանողները դրսևորեցին բարձր ակտիվություն և հետաքրքրվածություն հատկապես ինտերակտիվ հարցուպատասխանի ընթացքում՝ ներգրավվելով բովանդակային ու կառուցողական քննարկմանը, ձևակերպելով կարևոր հարցադրումներ ոլորտային զարգացումների շուրջ և արտահայտելով իրենց տեսակետները։

Ուսանողներն այցելեցին նաև ԿԲ դրամի թանգարան, ծանոթացան տարբեր ժամանակներում Հայաստանում շրջանառված դրամների բացառիկ ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների և մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին, բացահայտեցին փողի մշակութային ու տնտեսական նշանակությունը։
Ֆակուլտետը պարբերաբար նախաձեռնում է նմանօրինակ այցեր, որոնց նպատակն է խթանել ուսանողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը։ Նմանօրինակ ձևաչափով հանդիպումները կարևոր են ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտման և աշխատաշուկայի պահանջներին համահունչ կրթական միջավայր ձևավորելու տեսանկյունից։
Նշենք, որ այցի կազմակերպման աշխատանքներում ներգրավված էր նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ)։