- Главная
- Node
- «Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ և ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսանելու մասին
Май 06, 2025 | 11:07
Կրթական ծրագրեր
Կրթություն
«Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ և ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսանելու մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աննա Թեմուրյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումնառությունը շարունակում է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում (Ֆրանսիա)։ Նա նշում է, որ ինստիտուտը, Փարիզից բացի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ևս ունի տարածաշրջանային մասնագիտացմամբ մասնաճյուղեր (Ասիա, Աֆրիկա, Արևմտյան Եվրոպա, միջերկրածովյան տարածաշրջան և այլն)։

Աննա Թեմուրյանը սովորում է Ռեյմս քաղաքի կամպուսում՝ Փարիզից ոչ շատ հեռու, որտեղ մասնագիտացումը Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի տարածաշրջաններն են։ Ինստիտուտում ուսումնասիրում է միջազգային հարաբերություններին ու պատմությանը վերաբերող մի շարք դասընթացներ, այդ թվում՝ «Միջազգային իրավունք», «20-21-րդ դարերի համաշխարհային պատմություն», «Ճգնաժամ և վերակառուցում 20-րդ դարի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում», «Միացյալ Թագավորություն և ԱՄՆ. հատուկ հարաբերություննե՞ր»։
Նա խորությամբ ուսումնասիրում է Եվրոպական միության ձևավորման պատմությունը և կառույցները, իսկ «Միջազգային իրավունք» դասընթացի շրջանակում՝ ծանոթանում միջազգային իրավական համակարգին և դրանում անհատների, պետությունների, միջազգային կառույցների ու դատարանների դերին։
«1970-ական թվականներից, մարդու իրավունքների առաջընթացով պայմանավորված, միջազգային իրավունքի ավանդական և առաջնային սուբյեկտների՝ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողքին անհատները ևս աստիճանաբար իրենց տեղն են գտել միջազգային իրավական համակարգում։ Անհատները միջազգային իրավունքում ունեն սահմանափակ իրավասուբյեկտություն և չեն տիրապետում իրավաստեղծ գործառույթների»,- նշում է Աննան ու ընդգծում, որ չնայած դրան՝ միջազգային իրավունքում անհատների դերի վերարժևորումը թույլ է տվել վերջիններիս ավելի արդյունավետորեն պաշտպանել սեփական իրավունքները դրանք ոտնահարելու դեպքում՝ պետությունների դեմ դատական գործընթացներ սկսելով այնպիսի միջազգային ատյաններում, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան դատարանը՝ հետևելով որոշ հատուկ ընթացակարգերի:

«Բացի այս առարկաներից՝ շարունակում եմ ուսումնասիրել ֆրանսերենը: Նշեմ, որ ԵՊՀ-ում արդեն երեք տարի է, ինչ որպես երկրորդ օտար լեզու սովորում եմ ֆրանսերեն։ Այժմ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում օգտվում եմ լեզվակիրների միջավայրում ֆրանսերենի իմացությունս բարելավելու եզակի հնարավորությունից»,- հավելում է նա։
Ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում Աննան մասնակցում է նաև կոնֆերանսների, որտեղ բանախոսում են անվանի գիտնականներ և հանրային գործիչներ: Նա նշում է, որ այդ կոնֆերանսներին մասնակցությունը կա՛մ ներառվում է տվյալ դասընթացի ծրագրում, կա՛մ խրախուսվում է. «Օրինակ՝ վերջերս համալսարան էր այցելել 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, եզդի ակտիվիստ Նադյա Մուրադը, ում պատմությունն իսկապես հուզիչ էր և քաջալերող։ Երբեմն այցելում են նաև Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, տարբեր երկրների կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան անձինք»։
ԵՊՀ ուսանողն ընդգծում է, որ իր կյանքում հիմա հնարավորինս շատ գիտելիք և փորձ քաղելու շրջան է. հետաքրքրվում է միջազգային հարաբերությունների ոլորտի մի շարք ճյուղերով՝ միջպետական հարաբերություններ և դիվանագիտություն, միջազգային իրավունք, միջազգային տնտեսական հարաբերություններ և ֆինանսական համակարգ, միջազգային մարդասիրական գործունեություն. «Միջազգային հարաբերություններն այն ոլորտն է, որը տալիս է մասնագիտանալու և վերամասնագիտանալու բազմաթիվ հնարավորություններ։ Ես փորձում եմ առավելագույնս լավ ծանոթ լինել դրանց՝ հիմա և ապագայում ճիշտ կողմնորոշվելու համար»:
Խոսելով բազմամշակութային միջավայրից՝ Աննան շեշտեց, որ թեպետ տարբեր ազգերի հետ շփման ընթացքում երբեմն լինում են թյուրըմբռնումներ մշակութային տարբերությունների պատճառով, սակայն այդ միջավայրը նպաստում է մարդու աշխարհաճանաչողությանը, լայն մտահորիզոնի ձևավորմանը, տարբեր անհատների հետ շփման եզրեր գտնելու ունակությանը։
Ընդգծելով այն քայլերը, որոնք նպաստել են արտերկրում ուսումը շարունակելուն, ԵՊՀ ուսանողն ասաց. «Բարձր առաջադիմությունն իր առաջնային դերն ունի արտերկրում կրթությունը շարունակելու հեռանկարների հարցում։ Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ, տեղյակ լինել գիտական անցուդարձից, մասնակցել կարևոր դասախոսություններին և կոնֆերանսներին, լսել ոլորտի գիտակ մարդկանց։ Բացի դրանից՝ կարևոր է ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս՝ մասնակցել կամավորական աշխատանքների, պրակտիկաների, նախաձեռնել սեփական ծրագրեր։ Առհասարակ, պետք է ձեռքը տվյալ ոլորտի իրադարձությունների և հնարավորությունների զարկերակին պահել ու ակտիվություն ցուցաբերել»։

Ներկայացնելով արտերկրի դասախոսների մոտեցումները՝ նա ընդգծեց, որ որոշ դասախոսների կապը ուսանողների հետ փոքր-ինչ ավելի անմիջական է, քան ԵՊՀ-ում. «Թեպետ ինստիտուտում գրեթե բոլորն էլ խստապահանջ են թե՛ ուսման հարցում, թե՛ գնահատման ժամանակ, բայց հանդիպում են դասախոսներ, որոնք, այնուամենայնիվ, չեն կաշկանդվում լսարանում իրենց անձնական կյանքից խոսելուց, անում են կատակներ, որոնք լսարանում լսելն արտասովոր է»:
Ֆրանսիայի լավագույն ինստիտուտներից մեկում ուսումնառությունն Աննայի համար անփոխարինելի փորձ է մասնագիտական և անձնական աճի տեսանկյունից. «Ինձ համար մեծ պատիվ և միաժամանակ պատասխանատվություն կլիներ ստացածս գիտելիքն ու փորձը ի շահ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աշխատանքում ծառայեցնելը։ Իսկ մինչ այդ դեռ ճանապարհ կա անցնելու։ Նշեմ նաև, որ բակալավրի կոչում ստանալուց հետո պատրաստվում եմ ընդունվել մագիստրատուրա միջազգային հարաբերությունների կամ այլ հարակից ոլորտում»։
Աննան վստահ է՝ ԵՊՀ-ն մեծ ներուժ ունի, և ուսանողների համար նշաձողը հետևողականորեն բարձր պահելը է՛լ ավելի կբարելավի ուսումնական գործընթացը և դրա արդյունքները։