ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական մասնագիտական խաղ-մրցույթ: Միջոցառումը, որը միավորել էր տարբեր կուրսերի և կրթական ծրագրերի ուսանողների, նպատակ ուներ նպաստելու մասնագիտական գիտելիքների կիրառմանը, թիմային համագործակցության զարգացմանը և ուսանողական կյանքի ակտիվացմանը։

Ս.թ. մայիսի 7-ին կազմակերպված խաղ-մրցույթին մասնակցում էին չորսական մասնակիցներով երեք թիմեր, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին առաջինից չորրորդ կուրսերի տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ: Այսպիսի կազմը նպաստեց մասնակիցների բազմակողմանի փորձի և մտածողության համադրմանը՝ ապահովելով մրցույթի խորքային և բովանդակալից ընթացք։
Մրցույթն անցկացվեց դինամիկ և ստեղծարար մթնոլորտում՝ նպաստելով մասնակիցների նախաձեռնողականության ու արագ կողմնորոշվելու ունակությունների դրսևորմանը։ Թիմերի աշխատանքը գնահատեց փորձառու մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Ս. Դավոյանը, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, դոցենտ Ա. Խառատյանը և Կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ Ա. Մկրտչյանը։ Միջոցառմանը ներկա էին մրցույթի ընթացքով հետաքրքրված դասախոսներ, բազմաթիվ ուսանողներ:
Խաղի արդյունքներով հաղթող ճանաչվեց երկրորդ թիմը, որի կազմում էին Արփինե Աղեկյանը (Ֆինանսներ, 1-ին կուրս), Սոնիկ Գաբրիելյանը (Տնտեսագիտություն, 2-րդ կուրս), Զինա Ղազարյանը (Կառավարում, 3-րդ կուրս), Արթուր Համբարձումյանը (Ֆինանսներ, 4-րդ կուրս)։

Հաղթող թիմի անդամներին ֆակուլտետի դեկանը պարգևատրեց պատվոգրերով և նվեր-գրքերով, իսկ խաղ-մրցույթին մասնակից բոլոր ուսանողները ստացան հավաստագրեր։
Միջոցառման ավարտին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ամփոփելով մրցույթի ընթացքն ու արժևորելով նմանատիպ նախաձեռնությունների դերը, ընդգծեց ուսանողների ակտիվ մասնակցության կարևորությունը՝ այն համարելով մասնագիտական և անձնական ներուժի բացահայտման արդյունավետ հարթակ։ Նա հավելեց, որ ֆակուլտետում շարունակվելու են այսօրինակ ծրագրերը՝ գիտելիքահեն, մրցակցային և համագործակցային միջավայրի ձևավորումը խթանելու նպատակով: