- Главная
- Node
- ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում այցելել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
Май 20, 2025 | 14:36
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում այցելել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի մայիսի 12-17-ը գործուղվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (ք. Ադիս Աբեբա): Ա. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Սահակ Սարգսյանի միջնորդությամբ ու անմիջական աջակցությամբ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Եթովպիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարների, Աֆրիկյան միության նախագահի, UNECA-ի գործադիր քարտուղարի, Ադիս Աբեբայի, Օրոմիայի պետական համալսարանների նախագահների, Ազգային արխիվների և գրադարանային գործակալության ղեկավարության, Եթովպիայի ազգային թանգարանի ու «STEMpower Եթովպիա» կազմակերպության տնօրենների հետ: Երկկողմ հանդիպումների ձևաչափով քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Եթովպիայի հետ համագործակցության հեռանկարային հնարավորությունները:

Պատվիրակությունը հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Վերջինս պատվիրակության անդամներին ներկայացրել է կրթության ոլորտում Եթովպիայի բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել դրա շրջանակում երկու երկրների միջև համագործակցության հաստատումը։Եթովպիայի կրթության նախարարն անդրադարձել է հայկական դպրոցի մասնաշենքին, որը կարող է դիտարկվել որպես կրթամշակութային, թվային կրթության ու գերազանցության կենտրոնի ձևաչափով գործունեության հարթակ: Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ քննարկելու համագործակցության հայեցակարգային հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Երևանի պետական համալսարանի ու Ադիս Աբեբայի համալսարանի միջև համագործակցության զարգացումը, ԵՊՀ-ում Աֆրիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու, ինչպես նաև Ադիս Աբեբայի համալսարանում Հայագիտական կենտրոն ունենալու գաղափարները:
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը Ադիս Աբեբայի համալսարանի նախագահ, դոկտոր Սամուել Կիֆլենին փոխանցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ողջույնն ու հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան:
ԵՊՀ-ն ունի արևելագիտության հզոր ավանդույթ, հատկապես արաբական, իրանական ու թյուրքական ուսումնասիրությունների ոլորտներում, և ներկայումս ձգտում է ընդլայնել ու վերափոխել այդ ծրագրերը՝ դրանք դարձնելով ասիական ու աֆրիկյան ուսումնասիրման ավելի ընդգրկուն ծրագրեր՝ տարբեր տարածաշրջանային ուղղություններով: Ընդգծվել է՝ ԵՊՀ-ն բաց է համագործակցության համար Եթովպիայի համալսարանների հետ տարբեր ձևաչափերով, ներառյալ երկարաժամկետ ու կարճաժամկետ ուսանողական ծրագրեր, հեռավար դասընթացներ, գիտական համագործակցություն ու ակադեմիական շարժունության նախաձեռնություններ։

Կողմերը քննարկել են նաև Ադիս Աբեբայի համալսարանի հենքի վրա հայագիտության ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը խթան կհանդիսանա միջբուհական համագործակցության զարգացման համար։
Աֆրիկյան միության նախագահ Մահմուդ Ալի Յուսսուֆն անդրադարձել է ուսանողների կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու կարևորությանն ու հնարավորություններին։ Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը ու ԲՏՃՄ կրթությունը նույնպես կարևորվել են համատեղ ծրագրեր իրականացնելու համատեքստում։ Աֆրիկյան միության նախագահը ողջունել է Երևանի պետական համալսարանում Աֆրիկագիտության կենտրոն ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը՝ նշելով միության հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու կարևոր նախաձեռնությանը։
Առաջիկա ժամանակահատվածում կձևավորվեն Եթովպիայի հետ համագործակցության հայեցակարգային բովանդակությունը, որը կներառի նաև համագործակցության հուշագրերի ստորագրում ու գործնական ծրագրերի իրականացում:
Այցի մանրամասները՝ https://escs.am/am/news/29161: