- Գլխավոր
- Նորություններ
- Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Մայիս 20, 2025 | 15:02
Գործընկերներ
Կրթություն
Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
Արժևորելով մոնսինյոր Պասկալ Գոլնիշի երկարամյա նվիրումը կրթությանը, ինչպես նաև ծավալած մարդասիրական գործունեությունը՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրանց շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

Ֆրանսիացի Պասկալ Գոլնիշը տարիներ շարունակ համագործակցում է ԵՊՀ-ի հետ. նրա ղեկավարած «Արևելքի ուղի» («L’Œuvre d’Orient») կազմակերպությունն աջակցել է բազմաթիվ ուսանողների վարձավճարների փոխհատուցման հարցում, օգնել արցախցի ուսանողներին, ինչպես նաև նպաստել համալսարանի ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նվիրումի և շարունակական աջակցության համար էլ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշել է մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհել բուհի ամենաբարձր՝ ԵՊՀ պատվավոր դոկտոր կոչումը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց Պասկալ Գոլնիշի և նրա ղեկավարած կազմակերպության՝ տարիներ շարունակ ցուցաբերած մարդասիրական և կրթական աջակցությունը․

«Մեծ ուրախությամբ ենք ձեզ հյուրընկալում ԵՊՀ-ում։ Մենք գիտենք՝ այս տարիների ընթացքում որքան եք աջակցել թե՛ մեր ուսանողներին, թե՛ բուհին։ Բազմաթիվ ուսանողներ Ձեր և «Արևելքի ուղի» կազմակերպության շնորհիվ հնարավորություն են ստացել շարունակելու իրենց ուսումը։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել արցախցի ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու փաստը, ինչպես նաև այն աջակցությունը, որ ցուցաբերվել է արցախցի տեղահանված ընտանիքներին։ Այս ամենի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը. վստահ ենք՝ մեր համագործակցությունը շարունակվելու է»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն իր ելույթում շեշտեց.

«Սա բացառիկ հնարավորություն է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Ձեր նվիրման և ծավալած հայանպաստ գործունեության համար։ Կարծում եմ՝ դա Ձեր՝ հայասեր լինելու ապացույցն է: Չեմ հիշում ուսանողությանը, ուսման վարձավճարներին վերաբերող մի ծրագիր, որի համար դիմել ենք և դրական պատասխան չենք ստացել։ Երանի այն օրը, երբ մեր սիրելի Անդրանիկ Սրբազանը դարձավ այս կազմակերպության հետ կապող օղակ, որի շնորհիվ էլ այն մեզ համար դարձավ հարազատ կառույց։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի, և որ Դուք կայցելեք նաև մեր ֆակուլտետ՝ դասախոսություններով հանդես գալու»,- ասաց նա։
Մոնսինյոր Պասկալ Գոլնիշը, ստանալով ԵՊՀ պատվավոր դոկտորի բարձր կոչումը, շնորհակալություն հայտնեց համալսարանին՝ այսօրինակ գնահատականի համար։
Պասկալ Գոլնիշը, դիմելով ԵՊՀ ուսանողներին, ասաց, որ ուսումը ոչ միայն անձնական առաջխաղացում է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու և զարգացնելու ազգային ժառանգությունն ու արժեքները։
«Ես գիտեմ, որ ԵՊՀ-ն մեծ աշխատանք է տանում ի նպաստ կրթության բարելավման և զարգացման: Ցանկանում եմ, որ միշտ հպարտ լինեք հայ լինելու համար, որովհետև ձեր ապագան այս հողի վրա է, ոչ թե այլ տեղում։ Ուզում եմ, որ այս ճանապարհը միասին անցնենք։ Մենք ենք ձեզ շնորհակալ այն բանի համար, որ ապրում եք և ապացուցում, թե ինչ է նշանակում իսկական հայ լինել։ Վստահ եղեք՝ մեր կազմակերպությունը ձեր կողքին է և շարունակելու է քաջալերել հայկական մշակույթի ներկայությունը»,- ավելացրեց նա։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև Տ․ Գևորգ արք․ Նորատունկյանը, Անդրանիկ եպս․ Այվազյանը, ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական խորհրդի քարտուղար Մերի Հովհաննիսյանը, ինչպես նաև հյուրեր, ուսանողներ։