ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ հանդիպում ունեցավ Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մա Սինյույի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, ՀՀ հյուպատոս Միսակ Բալայանը, չինական կողմից Միջազգային համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Վանգ Յումենգը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վանգ Սիդանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի միջև գիտակրթական համագործակցության հաստատման ուղղությունները։ Չինական կողմը մեծ հետաքրքրություն և պատրաստակամություն ցուցաբերեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցության հարցում։ Իր հերթին դեկան Տ. Եփրեմյանը ներկայացրեց ԵՊՀ դերը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներուժը, ինչպես նաև վերջին շրջանում կատարված բարեփոխումները, արդիականացված կրթական ծրագրերը և հետազոտական նախագծերը։
Կողմերը քննարկեցին ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման, համատեղ հետազոտությունների և համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման հարցեր։
Դեկան Տիգրան Եփրեմյանը Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի գործընկերներին հրավիրեց մասնակցելու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամենամյա միջազգային գիտաժողովին։
Չինական կողմի առաջարկով նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի հետ։