- Главная
- Node
- Նոր գիտելիքներ, միջազգային փորձի ուսումնասիրում. ԵՊՀ-ի ընձեռած հնարավորության առավելությունները
Июня 18, 2025 | 13:30
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Նոր գիտելիքներ, միջազգային փորձի ուսումնասիրում. ԵՊՀ-ի ընձեռած հնարավորության առավելությունները
ԵՊՀ «Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Էվելինա Ոսկանյանը 2025թ. երկրորդ կիսամյակից մեկնել է Ֆրանսիա՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակելու Փարիզի քաղաքագիտության ինստիտուտում (Sciences Po, Paris): Էվելինան օրերս է վերադարձել ԵՊՀ: Նրա հետ զրուցել ենք արտերկրի բուհում ստացած գիտելիքների, միջգիտակարգային համագործակցության կարևորության, կրթական գործընթացում բազմամշակութային միջավայրի և այլնի մասին:

Դասախոսություններին ներգրավված էին միջազգային կառույցներում դերակատարում ունեցող գործիչներ
Ընտրածս դասընթացները՝ «Պոպուլիզմ և ժողովրդավարության ճգնաժամը Եվրոպայում», «Ռիսկերի վերլուծություն», «ԵՄ ինստիտուտներ և քաղաքականություն» ու «Համաշխարհային ժողովրդագրական քաղաքականություն», հնարավորություն տվեցին խորությամբ ուսումնասիրելու հանրային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տեսականից մինչև գործնական։ Հատկապես արժեքավոր էր այն հանգամանքը, որ դասախոսություններ էին կարդում բարձր վարկանիշով և միջազգային փորձառությամբ գործիչներ։ Օրինակ՝ Եվրոպական Միության արդարադատության դատարանի (Court of Justice of the European Union) իրավաբանական խորհրդատուն՝ Գաստոն Դեքը, մեզ դասավանդում էր ԵՄ ինստիտուցիոնալ իրավունք՝ ապահովելով եզակի հարթակ մասնագիտական երկխոսության համար։

Համատեղել ուսումն ու պրակտիկան՝ ընդլայնելու պատկերացումը միջազգային կառույցների կառավարման մասին
Արտերկրի կրթական միջավայրը նպաստեց ոչ միայն գիտելիքի ձեռքբերմանը, այլև մասնագիտական հնարավորությունների բացահայտմանը։ Դասաժամերից դուրս մասնակցում էի աշխատաշուկայի վերաբերյալ միջոցառումների, որոնց շնորհիվ էլ տեղեկացա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում (OHCHR) կարճաժամկետ պրակտիկայի հնարավորության մասին։ Հարցազրուցային փուլը հաղթահարելուց հետո սկսեցի համատեղել ուսումս Ժնևում տեղակայված գրասենյակում պրակտիկայի հետ: Միջազգային իրավապաշտպան գործընթացներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների և համընդհանուր պարբերական վերանայման մեխանիզմի շրջանակում ունեցած այս փորձառության շնորհիվ հնարավորություն ունեցա գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքներս: Բացի այս՝ մասնակցել եմ «Երիտասարդներ և առաջնորդներ-2025» աշխատաժողովին, որը կազմակերպել էին «PSIA»-ը և «The New York Times»-ը։ Այստեղ քննարկվում էր միջազգային համագործակցության ապագան՝ ներկայությամբ համաշխարհային առաջնորդների, որոնց թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանի։ Այցելել եմ նաև մի շարք միջազգային կառույցներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ, ինչպես նաև տարբեր դեսպանատներ՝ ընդլայնելով պատկերացումներս միջազգային կառավարման և քաղաքական համատեքստերի մասին։
Մասնագիտական հետաքրքրության բերումով այցելել եմ եվրոպական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Ժնև (չորսամսյա պրակտիկա ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակում (OHCHR)), Բրյուսել (ԵՄ կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսություններ), ինչպես նաև Ստրասբուրգ (ծանոթություն Եվրոպայի խորհրդի գործունեությանը)։ Այս փորձառությունները խորացրին իմ ակադեմիական գիտելիքները՝ միաժամանակ ընդլայնելով միջազգային համագործակցության և մշակութային համակեցության վերաբերյալ պատկերացումներս մասնագիտական և անձնական մակարդակներում։

Ժամանակակից գրադարան, անկախ ուսումնասիրության սենյակներ, ինստիտուտի ենթակառուցվածքները
Փարիզի քաղաքագիտության ինստիտուտն ապահովում էր ժամանակակից, ուսանողակենտրոն ենթակառուցվածքներ։ Հիմնական ռեսուրսները ներառում էին ժամանակակից գրադարան (հասանելիությամբ հազարավոր գիտական ամսագրերի, տվյալների բազաների (JSTOR, Scopus, OECD iLibrary)), անկախ ուսումնասիրության սենյակներ, խմբային քննարկումների համար ժամանակակից սարքավորումներով տաղավարներ, ուսումնական նյութերի բաշխման, դասընթացների կազմակերպման և գնահատման էլեկտրոնային հարթակ։
Գրադարանն ինձ օգնել է հատկապես մագիստրոսական թեզի նախապատրաստման ժամանակ, երբ անհրաժեշտ էր համադրել առաջնային աղբյուրներ ու միջազգային փորձագիտական վերլուծություններ։
Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի տված գիտելիքների ու ընձեռած հնարավորությունների արդյունքը
Օգտվելով արտասահմանյան բուհի ընձեռած հնարավորությունից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Աշոտ Մարդոյանի հետ համահեղինակել եմ «Հանրային և մասնավոր հատվածի համագործակցություն. հնարավորությունները և ռիսկերը» անգլալեզու գիտական հոդվածը, որն առաջիկայում կտպագրվի «Այլընտրանք» գիտական հանդեսում: Ներկայում մշակում եմ «Արհեստական բանականության դերն ու ազդեցությունը կազմակերպական առաջնորդության գործընթացների վրա. դեպքային ուսումնասիրություն» թեմայով մագիստրոսական ատենախոսությունս։ Այս թեմայի ընտրությունը պայմանավորված է հանրային կառավարման թվայնացման ոլորտում իմ և գիտական ղեկավարիս ունեցած հետաքրքրությամբ։
Բազմամշակութային միջավայրը՝ խորքային պատկերացումների խթան
Ինստիտուտում ձևավորված բազմամշակութային ակադեմիական միջավայրն առանձնանում էր բովանդակային հարստությամբ ու ինտելեկտուալ բազմազանությամբ։ Ուսանողների մոտ 70%-ը արտերկրից էին՝ ներկայացնելով ավելի քան 150 երկիր: Ակտիվ համագործակցության հնարավորություն ունեցա Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի տարբեր երկրների ուսանողների հետ։ Այդ միջավայրը նպաստում էր խնդիրներին բազմակողմանի մոտեցում ցուցաբերելուն։ Դասապրոցեսներում մշակութային տարբերությունները ոչ թե խոչընդոտ էին, այլ հարուստ ռեսուրս՝ տեսանկյունների բախման, համեմատության և համադրության միջոցով ավելի խորքային պատկերացում կազմելու համար։ Օրինակ՝ հանրային քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններում միևնույն երևույթի մասին կարող էին հնչել Աֆրիկայում քաղաքական կայունության, Հարավային Ամերիկայում սոցիալական անհավասարության կամ Սկանդինավիայում կառավարման թափանցիկության շեշտադրումներով կարծիքներ։ Սա ինձ հնարավորություն տվեց վերանայելու և վերաիմաստավորելու ազգային համատեքստերում սովորական դարձած որոշ մոտեցումներ: Բազմամշակութային փորձառությունը ներառում էր դասերից դուրս ակտիվ հաղորդակցությունը ևս՝ և՛ խմբային նախագծերը, և՛ մասնագիտական միջոցառումները։
Միջգիտակարգային նախաձեռնությունները՝ նորարարական լուծումների հիմք
Արտերկրում ակնառու են միջգիտակարգային համագործակցության լայն հնարավորությունները, ահավասիկ՝ քաղաքական գիտությունների, տնտեսագիտության, իրավունքի և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները համատեղ աշխատում են խոշոր նախագծերում և հետազոտություններում՝ տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով մեկ թեմա, օրինակ՝ շրջակա միջավայրի համաշխարհային քաղաքականությունը կամ տնտեսական անհավասարությունը։ Այս մոդելը զարգացնում է համալիր և ինտեգրացված մոտեցում՝ նպաստելով նորարարական և գործնական լուծումների հայտնաբերմանը։ ԵՊՀ-ում նման միջգիտակարգային նախաձեռնություններն ավելի քիչ են և կարիք ունեն զարգացման։ ԵՊՀ-ում կցանկանայի տեսնել ավելի ինտերակտիվ դասավանդում, արդիական ուսումնական ծրագրեր և միջազգային փոխանակման ու գիտական հետազոտության փորձի հաճախականության էլ ավելի խթանում։

Արտերկրի դասախոսները խրախուսում են քննադատական քննարկումները
Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի և ԵՊՀ դասախոսների միջև քիչ են տարբերությունները։ Երկու կրթական հաստատություններում էլ դասախոսները շատ արհեստավարժ են, ունեն բավական փորձառություն և հետաքրքրված են ուսանողների հաջողությամբ։ Հիմնական տարբերությունն այն է, որ արտերկրում դասախոսները ավելի բաց էին շփումների մեջ, խրախուսում էին քննադատական քննարկումները և ուսանողի ակտիվ մասնակցությունը, իսկ ԵՊՀ-ում շեշտադրվում է գիտելիքի մանրակրկիտ ու համակարգված փոխանցումը։
ԵՊՀ-ի տված գիտելիքները, մասնագիտական նախաձեռնություններում ներգրավվածությունը ուղի հարթեցին դեպի արտերկիր
Արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորության ձևավորումը միաժամանակ բարձր ակադեմիական առաջադիմության, մասնագիտական աճի նպատակադրումների և միջազգային փորձի շուրջ անհատական հետաքրքրվածության արդյունք էր։ Այն դիտարկում էի որպես միջազգային փորձի ուսումնասիրության հրաշալի հարթակ, որը կօգնի ավելի բազմաշերտ մոտեցում զարգացնելու թե՛ հետագա գիտական գործունեության, թե՛ գործնական քաղաքական վերլուծության մեջ։ ԵՊՀ-ում ունեցած փորձառությունը և ներգրավվածությունս տարբեր մասնագիտական նախաձեռնություններում հնարավորություն տվեցին դիմելու և մասնակցելու «Էրազմուս+» շարժունության ծրագրին։