- Գլխավոր
- Նորություններ
- Նոր մեծ հնարավորություն ուսանողների համար. ԵՊՀ-ն և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության հուշագիր
Հունիս 18, 2025 | 13:39
Գործընկերներ
Կրթություն
Նոր մեծ հնարավորություն ուսանողների համար. ԵՊՀ-ն և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության հուշագիր
Երևանի պետական համալսարանը և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն «Ինեկոբանկը՝ քո կողքին» կրթական ծրագիրի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու կողմերի փոխգործակցությունը:

Կնքված հուշագրով սահմանվում են ծրագրի պայմաններն ու նպատակները, ինչպես նաև այն գործառույթները, որոնք կողմերը պարտավորվում են համատեղ իրականացնել։ Այս համագործակցությունն իր շուրջն է համախմբում բարձրագույն կրթության և ֆինանսաբանկային ոլորտների ջանքերը՝ ուղղված երիտասարդների մասնագիտական աճի, կարողությունների զարգացման և որակյալ կրթության հասանելիության ապահովմանը։
Երևանի պետական համալսարանն արդեն երրորդ տարին անընդմեջ միանում է «Ինեկոբանկը՝ քո կողքին. ապագան ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթության աջակցության ծրագրին։ 2023 թվականին մեկնարկած ծրագրին նախորդ երկու տարիների ընթացքում դիմել են հարյուրավոր ԵՊՀ ուսանողներ, որոնցից շատերը հաղթող են ճանաչվել և օգտվել կրթության ֆինանսավորման հնարավորություններից։
2023-2024 թվականներին հազարից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին: Ընտրվել է 19 հաղթող, 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, 6-ը մեկնել են Ֆրանսիա, Չեխիա, Նիդեռլանդներ և մասնակցել կարճաժամկետ ծրագրերի։ 12 մասնակից էլ աշխատանքի է ընդունվել «Ինեկոբանկում»:
2025-ին ծրագիրն առավել ընդգրկուն է դարձել: Իրականացվող «Ինեկո Կամպուս. ապագան կրթությամբ և գիտելիքով» ծրագրի շրջանակում մրցութային ընթացակարգով ընտրված ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ կստանան ֆինանսական աջակցություն.
150 ուսանողի՝ կրթաթոշակի տրամադրում (300․000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ուսանողի))
15 ուսանողի՝ 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում (մինչև 1․500․000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ուսանողի))
20 հնարավորություն՝ արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու (2․000․000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ուսանողի))
30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում
Այս տարի ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ է։
ԵՊՀ-ի և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի համագործակցության հուշագիրն ամրապնդում է աշխատաշուկայի և կրթության միջև նոր կամուրջը, որը հնարավորություն կտա երիտասարդներին հասնելու իրենց նպատակներին՝ ապահովելով կրթության որակ և գործնական աջակցություն։ Կողմերը լիահույս են, որ այս համագործակցությունը խթանելու է նոր սերնդի մասնագիտական պատրաստվածությունը և հիմք է ծառայելու ապագա նոր համագործակցությունների կնքման համար։

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով նախաձեռնությունը, «Ինեկոբանկը՝ քո կողքին»-ի շրջանակում իրականացվող «Ինեկո Կամպուս» կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառմանը խոսեց բուհի դերակատարման մասին, մասնավորապես ընդգծեց կրթական ծրագրի առաջնահերթությունը որպես հարթակ, որը նպաստելու է երիտասարդների մասնագիտական զարգացմանը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այս տարի ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է՝ ներառելուվ 14 բուհեր: Մինչդեռ նախկինում ծրագրում ընդգրկվում էին ավելի քիչ թվով բուհեր, որի հետևանքով ուսանողների մասնակցությունը ևս ավելի սակավ էր։

«Անցյալ տարի ԵՊՀ-ից ստացված 337 դիմումներից հաղթող են ճանաչվել երեքը։ «Ինեկոբանկը՝ քո կողքին» նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը հանդիպեցինք ԵՊՀ երեք հաղթող ուսանողների հետ: Չնայած ֆինանսաբանկային ոլորտի կրթություն չունենալուն՝ նրանցից երկուսն արդեն աշխատում են բանկում»,- ընդգծեց Կարինե Նազարյանը՝ հավելելով, որ ծրագիրը նոր և կարևոր հնարավորություն է ընձեռում երիտասարդներին կայանալու և նոր ճանապարհներ ուղենշելու համար։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին աջակցելու նպատակով իրականացնում է «Ինեկոբանկը՝ քո կողքին» ծրագիրը՝ այդպիսով նպաստելով ինչպես մասնագիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ ստեղծելով կարիերայի նոր հնարավորություններ։