- Главная
- Node
- «Ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել ԱԲ գործիքներից, որովհետև դրանց կիրառումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը». Հրանտ Խաչատրյան
Июль 11, 2025 | 15:06
Հասարակություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ
«Ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել ԱԲ գործիքներից, որովհետև դրանց կիրառումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը». Հրանտ Խաչատրյան
Արհեստական բանականության (ԱԲ) գործիքների մեծ մասը բավականին լավ հայերեն է խոսում, նույնիսկ կան այնպիսիք, որոնք նաև արևմտահայերեն ու գրաբար են խոսում: Այս մասին ընդգծում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։

Թեմայի շուրջ Հրանտ Խաչատրյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի շրջանակում հանդես է եկել բանախոսությամբ: Նրա խոսքով՝ արհեստական բանականություն ստեղծողներն ուժեղ գործիքների կողքին ստեղծում են նաև թույլ տարբերակներ, որոնք ավելի մատչելի են՝ հնարավորություն տալով կազմակերպություններին ու անհատներին ընտրելու իրենց խնդրի լուծման համար ավելի համապատասխան գործիք:

Նա նշեց, որ արհեստական բանականության գործիքների ընտրութան համար կան կայքէջեր, որտեղ հերթականությամբ ցուցադրվում են տվյալ ԱԲ-ի ամենալավ գործիքները. «Գործիքի ընտրության համար անհրաժեշտ է մտնել տվյալ կայքէջն ու նույն հարցն ուղղել երկու տարբեր արհեստական բանականությունների, այնուհետև պատասխաններից ընտրել, թե որն է ավելի լավը: Ստացվում է մենամարտ արհեստական բանականությունների միջև, և այդպես հաշվարկվում է միավոր, ու դասավորվում են արհեստական բանականության գործիքները լավից վատ»:
«YerevaNN» լաբորատորիայի տնօրենն իր բանախոսության շրջանակում ընդգծեց նաև, որ կա տեսակետ, թե ԱԲ օգտագործողներն այն մարդիկ են, որոնք զբաղվում են ԱԲ ստեղծելով, մինչդեռ դա այդպես չէ. «Օրինակ՝ «Microsoft Excel» ծրագիրը լավագույն օգտագործողները «Microsoft Excel» ստեղծողները չեն։ Կան մասնագետներ, որոնք բավական խորացված օգտագործում են, բայց չեն կարող սարքել ծրագիր»:

Հրանտ Խաչատրյանը արհեստական բանականության մասին խոսելիս առանձնացնում է երեք մակարդակ. «Առաջին՝ նոր գործիքներ ստեղծելը, որը հետազոտական աշխատանք է, երկրորդ՝ արդեն եղած գործիքների օգնությամբ նոր պրոդուկտներ ստեղծելը, որովհետև այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաներն այնքան առաջ են գնացել, որ հսկայական պրոդուկտ ստեղծելու պոտենցիալ կա, ու հետազոտության արդյունքները պետք է բերել իրական կյանք, և երրորդ՝ երբ արդեն պրոդուկտները ստեղծվել են, և ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել այդ գործիքներից, որովհետև այդ գործիքների կիրառումը էապես մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը, հատկապես, եթե այդ աշխատանքը կապված է թվային աշխարհի հետ»:
Видео