- Главная
- Node
- Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական»
Июль 11, 2025 | 10:26
Կրթություն
Հասարակություն
Հետազոտություն
Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական»
Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ֆինանսներ և արդյունաբերություն, արդեն նորություն չէ։ Սակայն ԱԲ-ի և հոգեբանության ոլորտների խաչման մասին շատ քիչ է խոսվել։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է «սովորել» հոգեբանություն և դառնալ այնպիսի հզոր գործիք, որը ունակ կլինի մասնագիտորեն օժանդակելու հոգեբանին՝ ապահովելով հոգեբանական արագ գնահատումներ։

ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում 2024-2025 թթ․ կատարվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի վերաբնակեցված երեխաների հոգեբանական վիճակի գնահատման մեքենայական ուսուցման գործիքի մշակում և կիրառում» խորագրով հետազոտություն, որը նպատակ ուներ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թվայնացված նկարներն օգտագործելով՝ բացահայտելու և գնահատելու նրանց հոգեբանական վիճակը՝ կիրառելով մեքենայական ուսուցման տեխնիկան: Տվյալագիտության և հոգեբանության ոլորտներում կատարելով համատեղ հետազոտություններ՝ գիտական խմբի անդամները ստեղծել են ԱԲ գործիք, որը կարող է կատարել հոգեբանի գործառույթները։ Մեքենայական ուսուցման ալգորիթմները կարող են հայտնաբերել հոգեբանական խնդիրների նրբերանգները և դասակարգված ձևով արձանագրել հոգեբանական վիճակի փոփոխությունները՝ տալով ճշգրիտ նկարագիր։
Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի խոսքով՝ մրցույթի հայտարարվելուն պես միտք է հղացել ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ համատեղ իրականացնելու այս ծրագիրը։ Ձևավորվել է թիմը, որում, գիտնականներից բացի, ներգրավվել են նաև Արցախից տեղահանված 4-րդ կուրսի ուսանողներ։

«Հետպատերազմական ժամանակաշրջանում շատ արդիական է գնահատել տեղահանված արցախցի բնակչության, հատկապես երեխաների հոգեվիճակը։ Երեխաների դեպքում ավելի նպատակահարմար է ոչ թե ուղղակի թեստավորում անցկացնել, այլ օգտագործել անուղղակի մեթոդներ, որոնք հոգեբանության մեջ բավականին ընդունված պրոյեկտիվ թեստերն են։ ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում մենք զբաղվում ենք այդ թեստերով, որոնք կոչվում են հատուկ թեմատիկ նկարների միջոցով երեխաների հոգեվիճակի գնահատման պրոյեկտիվ նկարչական մեթոդներ»,- նշեց Հ․ Ավանեսյանը և հավելեց, որ արդիական է հասկանալ՝ հոգեբանական ինչ փոփոխություններ են տեղի ունենում երեխաների շրջանում։
Գիտական խմբի անդամները զուգահեռ հարցումներ են անցկացրել երեխաների ծնողների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք առնչվել տեղահանման ժամկետների և գործընթացի հետ, ինչպես են տեղափոխվել և տեղավորվել ՀՀ-ում։ Այս տվյալները առ այսօր արդիական են բնակչության հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից։

«Ընդհանրապես, պրոյեկտիվ թեստերի վերլուծությունը բավականին բարդ գործընթաց է, որը մեծ արհեստավարժություն և փորձ է պահանջում։ Անհրաժեշտ է հասկանալ նկարի բնույթը, մատիտի սեղմածության աստիճանը, գունային հարաբերությունները, թղթի ծավալի օգտագործման ոճը։ Օրինակ, երբ մարդուն նկարելու նպատակով տրվում է սովորական թուղթ, և նա նկարելիս օգտագործում է ամբողջ էջը, դա համարվում է նորմալ։ Սակայն անհանգստություններ կամ մտավախություններ ունեցող մարդիկ հաճախ թղթի միայն մի հատվածն են օգտագործում, փոքրացնում նկարելու տարածքը և տեղավորում նկարը տարբեր անկյուններում, ինչը նույնպես վերլուծության կարևոր օբյեկտ է։ Սեփական գիտելիքների հիման վրա մենք սկսեցինք ուսուցողական գործընթաց՝ արհեստական բանականությանը սովորեցնելու պրոյեկտիվ թեստերի մեկնաբանում»,- մատնանշեց հոգեբանը։
Հետազոտական ծրագրի ավարտական փուլում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կազմակերպվեց արցախցի երեխաների նկարների ցուցահանդես, որին ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու, ինչպես նաև տեսնելու և տեղեկանալու հետազոտական ծրագրի մասին։

Սկզբնական փուլում ծրագրավորողների հետ համատեղ ուսումնասիրվել են համացանցում հասանելի հսկայական թվով նկարներ։ Սա հնարավորություն տվեց գնահատելու արհեստական բանականության «կրթվածության» մակարդակը՝ տարբեր նկարներ հոգեբանորեն գնահատելու նրա ունակության առումով, ինչպես նաև ներդնելու նկարչական թեստերին բնորոշ գիտականորեն հիմնավորված լրացուցիչ պարամետրեր։ Հետագայում հավաքագրվեցին և վերլուծվեցին ավելի քան 50 երեխաների նկարները։
Ըստ Հրանտ Ավանեսյանի՝ հոգեբանական գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների հոգեբանական վիճակի դրսևորումները և սթրեսները կապված են ՀՀ-ում հարմարվելու հետ։ Նա նշեց, որ «Տուն-ծառ-մարդ» պրոյեկտիվ թեստը հնարավորություն է տալիս դիտարկելու տունը՝ որպես խորհրդանշական պատկեր, որտեղ վերլուծվում են տան չափը, պատուհանների առկայությունը, տան անդամների քանակը և այլն։ Նկարների սյուժեի մեջ «տուն» հասկացությունը շատ լավ չէր արտահայտվում։ Վերլուծվում էին ծառի դիրքը, հեռավորությունը, ինչը օգնում էր բացահայտելու երեխայի ներաշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։
ԵՊՀ բիզնես ինկուբատորում հաջողվել է լուծել ծրագրի տեխնիկական մասի հետ կապված խնդիրները։

«Գիտական նախագծի հիմնական ենթանպատակներից մեկը արհեստական բանականության գործիքի մշակումն էր։ Երեխաները նկարում են պատկերներ, որոնք գնահատվում են հոգեբանական որոշակի սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքները կարելի է ծրագրավորել արհեստական բանականության համակարգում, որի շնորհիվ ԱԲ-ն սովորում է վերլուծել և գնահատել երեխաների հոգեբանական վիճակը։ Արդյունքում գնահատման գործընթացն իրականացնում է ոչ թե հոգեբանը, այլ արհեստական բանականության գործիքը՝ ապահովելով ավելի արագ վերլուծություններ»,- նշեց Ռուբեն Գևորգյանը։
Նա հավելեց՝ իրենք աշխատել են գործընթացը ավտոմատացնելու վրա, որպեսզի ստեղծվի բիզնես ինկուբատորի թիմ, որը կիրագործի այդ խնդրի ավտոմատացված լուծումը։
Պարզվել է, որ արհեստական բանականության գործիքները չեն գործում այն նույն սկզբունքներով, որոնցով աշխատում են հոգեբանները։ ԱԲ-ն տալիս էր այնպիսի մեկնաբանություններ, որոնք չէին համընկնում հոգեբանների վերլուծությունների հետ։ Այս առումով գիտական խմբի համար խնդիրն ավելի էր բարդացել։
«Մենք ստիպված եղանք ԱԲ-ին նորից «սովորեցնել» որոշ նոր տեսություններ, մեթոդներ՝ ստանալով նոր գործիք, որը կաշխատի հոգեբանի տրամաբանությանը հնարավորինս նման։ Գիտական առումով այս խնդիրը հաջողությամբ լուծվեց, սակայն առջևում դեռ երկար և հետաքրքիր ճանապարհ կա՝ գիտական արդյունքը լիարժեք կիրառության վերածելու համար»,- մանրամասնեց Ռուբեն Գևորգյանը։
Նրա խոսքով՝ գիտական արդյունքները հետագայում բերվելու են Բիզնես ինկուբատոր՝ գաղափարը բիզնեսի վերածելու և հավելված (App) ստեղծելու նպատակով:
Ծրագրի ղեկավարի կարծիքով՝ եթե հաջողությամբ իրագործվի մեքենայական ուսուցման փուլը, ապա ստեղծված գործիքը, նայելով նկարին, կկարողանա դուրս բերել հոգեբանական մեկնաբանություններ։ Նա ընդգծեց, որ, այդուհանդերձ, գործիքը չի կարող ամբողջությամբ փոխարինել հոգեբանին։ Այն կարող է տրամադրել գնահատման չափանիշներ և նախնական վերլուծություններ, սակայն մարդու հոգեկան վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պետք է տա մասնագետը։ Սա նուրբ գործընթաց է, և այստեղ գործում են նաև էթիկական սահմանափակումներ։

Հ․ Ավանեսյանի խոսքով՝ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարվող աշխատանքների փուլը արդեն ավարտվել է, և այժմ թիմը անցում է կատարում դեպի բիզնես ինկուբատորի փուլ։ Նախատեսվում է հրապարակել գիտական արդյունքները, ինչպես նաև ծրագրի հիման վրա ստեղծված գործիքը ներկայացնել միջազգային հարթակներում։
«Մենք նպատակ ունենք մեր տպագիր աշխատանքներով դուրս գալու միջազգային շուկա։ Սա լուրջ գործիք է, որը չունի սահմաններ, սակայն դրա զարգացման և կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսավորում և այլ ռեսուրսներ»,- ընդգծեց նա։
Գիտական խմբի անդամներն արդեն ունեն տպագրված երկու հոդված, մասնակցել են միջազգային գիտաժողովի, ևս մեկ հոդված պատրաստման փուլում է։ Մի հոդված էլ արդեն ուղարկվել է միջազգային գիտական շտեմարաններից մեկում՝ «Scopus»-ում տպագրելու նպատակով։