- Главная
- Node
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողուհին պրակտիկա է անցնում Ֆարմացիայի ինստիտուտում
Июль 15, 2025 | 11:46
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողուհին պրակտիկա է անցնում Ֆարմացիայի ինստիտուտում
ԱՄՆ-ից ժամանած ուսանողուհի Թամսին Հորնը ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) համագործակցության շրջանակում երկամսյա ծրագրով պրակտիկա է անցնում Ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանողուհի Թամսին Հորնը նշում է, որ ընտրել է ԵՊՀ-ն՝ մասնագիտական հմտություններ զարգացնելու, ինչպես նաև հայկական մշակույթին ու Հայաստանին ծանոթանալու նպատակով։

«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորում եմ քիմիա, իսկ այս պահին լաբորատոր աշխատանքներ եմ կատարում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում: Այստեղ հնարավորություն եմ ունեցել կիրառելու տեսական գիտելիքներս՝ ձեռք բերելով գործնական հմտություններ լաբորատոր աշխատանքի տարբեր ուղղություններով։ Սովորել եմ աշխատել մասնավորապես բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիկ (ԲԱՀՔ) տարբեր սարքավորումների հետ, կատարել ինչպես նմուշապատրաստում, այնպես էլ փորձերի տվյալների մշակման և արդյունքների վերլուծության ծրագրային գործիքների կիրառում»,- ասաց Թամսին Հորնը՝ ընդգծելով, որ Ֆարմացիայի ինստիտուտում աշխատում է բույսերի լուծամզվածքներում (էքստրակտներում) վիտամին C-ի քանակության որոշման մեթոդի մշակման և վալիդացման հետազոտական նախագծի վրա:
«Օրինակ՝ ներկայում մասնակցում եմ հետազոտական նախագծի, որի շրջանակում մշակում ենք մեթոդ՝ մասուրի, չիչխանի և այլ բույսերի լուծամզվածքներում վիտամին C-ի քանակը ճշգրիտ որոշելու նպատակով։ Փորձնականորեն հաստատել ենք, որ ընտրված մեթոդը բավականին զգայուն է, ճշգրիտ և հուսալի։ Աշխատանքների ավարտին կկազմվի արդյունքների վերաբերյալ զեկույց»,- նշեց ուսանողուհին:
Ընդգծենք, որ Թամսին Հորնը «Միջազգային գիտության և տեխնոլոգիաների նախաձեռնություններ»-ի («MISTI») «Եվրասիա» ծրագրի անդամ է։ «MISTI»-ն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կիրառական միջազգային փոխանակման ծրագիր է, որն ինստիտուտի ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն է տալիս աշխատելու արտասահմանյան երկրներում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը արտասահմանյան աշխատանքային փորձը համարում է կրթության կարևոր բաղադրիչ։
ԱՄՆ-ից ժամանած ուսանողուհի Թամսին Հորնի հետ աշխատում է Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Լուսինե Սահակյանը: