- Գլխավոր
- Նորություններ
- Փոքր պետություններն ու միջազգային իրավունքը
Հուլիս 15, 2025 | 15:15
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
Փոքր պետություններն ու միջազգային իրավունքը
Երբ խոսքը միջազգային իրավունքի մասին է, հատկապես՝ այնպիսի փոքր երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, հարցերի պակաս երբեք չկա։ Կարո՞ղ են փոքր պետությունները լիարժեք օգտվել այս համակարգից, թե՞ այն միայն մեծ «խաղացողների» համար է։ Եվ եթե համակարգը անընդհատ խախտվում է, արդյո՞ք այն դեռ ունի իմաստ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, այժմ ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանն իր մասնագիտական ճանապարհը հենց այս հարցերի շուրջ մտածելով է սկսել։

«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ժամանակ «Տնտեսություն և հասարակություն» սեկցիայի շրջանակում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է «Փոքր պետություններն ու միջազգային իրավունքը» թեմայով բանախոսություն։

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ի հետ կապը երբեք չի խզվել․ սկզբում եղել է ուսանող, հետո՝ դասախոս, այժմ էլ ղեկավարում է մագիստրոսական մի ծրագիր, որը միտված է սերունդներին կրթելու և նրանց համար բացահայտելու միջազգային իրավունքի բարդ կառուցվածքը։
Եղիշե Կիրակոսյանը պատմում է, որ միջազգային իրավունքի մասին նրա առաջին ընկալումները ձևավորվել են դեռ ուսանողական տարիներին, սակայն ոլորտն ամբողջ խորությամբ բացահայտել է հետագայում՝ մասնակցելով միջազգային դատախաղերի, շփվելով աշխարհի տարբեր իրավական համակարգերի և մշակույթների հետ։ Այդ փորձառությունն իրեն ցույց է տվել միջազգային իրավունքի բազմաշերտությունը ոչ միայն որպես օրենքների համակարգ, այլև որպես աշխարհաքաղաքական մտածողության և ուժերի հավասարակշռության արտացոլում։
«Շատերի մոտ առաջանում է հարց, թե ինչու պահպանել մի համակարգ, որն անընդհատ խախտվում է։ Բայց խախտվելու փաստը չի նշանակում, թե այդ համակարգը գոյություն չունի կամ պետք է անտեսվի։ Այլընտրանքային, ավելի կանխատեսելի մեխանիզմներ պարզապես չկան»,- նշում է Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային իրավունքի պատմության մեջ կարևոր շրջադարձ էր 1648 թվականի Վեստֆալյան համակարգը, որը, դադարեցնելով տևական պատերազմները, ձևակերպեց պետությունների սուվերենության և փոխհավասարության սկզբունքները։ 19-րդ դարից սկսած ձևավորվեց ավելի նորմատիվ և կազմակերպված մոտեցում. ընդունվեցին մի շարք կոնվենցիաներ, սկիզբ առավ միջազգային արբիտրաժը, իսկ երկու համաշխարհային պատերազմներից հետո արդեն զարգացավ իրավունքի ինստիտուցիոնալ շրջանակը՝ Միավորված ազգերի կազմակերպությունից մինչև միջազգային քրեական դատարաններ։
Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը փոխվեց։ Աշխարհակարգի վերադասավորումը, շահերի բախումները և ուժային կենտրոնների փոփոխությունները սկսեցին աստիճանաբար կոտրել Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված իրավական կաղապարները։ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այդ փուլում միջազգային իրավունքը սկսեց ֆրագմենտացիայի ենթարկվել. տարբեր տարածաշրջաններ սկսեցին ձևավորել իրենց տարբերակները, այնինչ սկզբունքները նույնն էին թվում։

Այստեղ է, որ փոքր պետությունները կանգնում են բարդ ընտրության առջև։ Արդյո՞ք արժե շարունակել գործել մի համակարգում, որը թվում է անկայուն և երբեմն անարդար։ Մասնագետի պատասխանը միանշանակ է՝ այո։ Չնայած բոլոր խնդիրներին՝ սա այն նվազագույն համակարգն է, որի ներսում հնարավոր է պաշտպանել շահեր՝ ունենալով գործիքներ և խոսելու հնարավորություն համաշխարհային դերակատարների հետ։
Եվ հենց այս գիտակցումից ելնելով՝ ԵՊՀ-ում ձևավորվել է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը։ Դասավանդումն իրականացվում է անգլերեն՝ միջազգային իրավունքը տրամաբանական, սկզբունքային և գործնական հենքով մատուցելու նպատակով։ Նրա համոզմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք միջազգային իրավունքը կընկալեն ոչ թե որպես միայն Արևմուտքից ներմուծված գաղափարների փաթեթ, այլ որպես գործող համակարգ, որտեղ պետք է ոչ միայն կողմնորոշվել, այլ նաև հնարավորության դեպքում ազդել դրա ձևավորման վրա։
Տեսանյութ