- Главная
- Node
- Միավորելով ԵՊՀ շրջանավարտների համայնքի ներուժը․ կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը
Июль 21, 2025 | 16:20
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ
Միավորելով ԵՊՀ շրջանավարտների համայնքի ներուժը․ կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը
Լոս Անջելեսում ս․թ․ հուլիսի 17-ին տեղի ունեցավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը՝ նշելու Հայաստանի առաջատար բուհի՝ Երևանի պետական համալսարանի հաջողությունները և ներկայացնելու հիմնադրամի գործունեությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմենուհի Աշվանյանի նախաձեռնությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, արտակարգ և լիազոր դեսպան, «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դոկտոր Արմեն Բայբուրդյանը։
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընդգծեց «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի կարևորությունը ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև ամբողջ Հայաստանի համար՝ առանձնացնելով համալսարանի բացառիկ առաքելությունը՝ ապահովելու երկիրը բարձր որակավորում ունեցող տարբեր ոլորտների մասնագետներով։
Արմեն Բայբուրդյանը՝ որպես ԵՊՀ շրջանավարտ, անդրադառնալով իր փորձառությանը, մեծապես արժևորեց համալսարանի կարևոր դերը իր մասնագիտական ուղու ձևավորման գործում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և հիմնադրամի խորհրդի անդամներին համալսարանի զարգացման գործում ցուցաբերած մեծ նվիրվածության համար։ Նա ներկայացրեց ԵՊՀ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումները, որոնք ուղղված են ուսումնական ծրագրերի արդիականացմանը, գիտական հետազոտությունների և նորարարությունների խթանմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և միջազգային գործակցությունների ընդլայնմանը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը խոսեց իրավաբանական կրթության ոլորտում, մասնավորապես ԵՊՀ-ում կատարվող բարեփոխումների մասին, որոնք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի իրավական և դատական համակարգերի վրա՝ նպաստելով երկրի անվտանգության և կայունության ապահովմանը։
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի խորհրդի անդամ Հայկ Նազարյանը ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը՝ հիմնավորելով, թե ինչու և ինչպես պետք է շարունակել իրականացնել ռազմավարական ծրագրեր, որոնք կուժեղացնեն Հայաստանի առաջատար համալսարանը՝ դրանով իսկ աջակցելով հայկական պետականությանն ու հասարակությանը՝ հաղթահարելու ժամանակակից մարտահրավերները։
Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 120 համայնքային առաջնորդներ և ԵՊՀ շրջանավարտներ, որոնք ներկայում բնակվում են ԱՄՆ-ում։ Միջոցառումը դարձավ հիշարժան երեկո՝ նվիրված համալսարանի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի քննարկմանն ու դրանց իրագործման համար անհրաժեշտ քայլերի մշակմանը։