- Главная
- Node
- ԵՊՀ-ից մինչև Լուսին․ հայ գիտնական, որ տիեզերքի հետ խոսեց նրա լեզվով
Апреля 16, 2026 | 10:10
Գիտություն
ԵՊՀ-ից մինչև Լուսին․ հայ գիտնական, որ տիեզերքի հետ խոսեց նրա լեզվով
Գիտեի՞ք, որ Լուսնի վրա աշխարհագրական մի տարածք կա, որն անվանվել է ի պատիվ հայ գիտնականի։ Ավելի ուշագրավն այն է, որ նրա գիտական ուղին սկսվել է հենց Երևանի պետական համալսարանից, իսկ հետագայում հատել ոչ միայն Երկրի, այլև տիեզերքի սահմանները։ Նա Նորայր Սիսակյանն է․ այն եզակի հայերից, որի գիտական ժառանգությունը հպարտություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։
Տիեզերքի լեզվով՝ մարդկության համար
Այս օրերին, երբ շատերը խոսում են ՆԱՍԱ-ի «Արտեմիս-2» առաքելության մասին, որը պատմական փուլ է անցել՝ մոտ յոթ ժամ տևած թռիչքի ընթացքում տիեզերանավով շրջանցելով Լուսնի հեռավոր կողմը, քչերը գիտեն, սակայն, որ Լուսնի մակերևույթի խառնարաններից մեկը հայ անվանի գիտնականի անունով կոչվում է «Սիսակյանի ծով»:
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Նորայր Սիսակյանը (1907–1966) հայ ականավոր կենսաքիմիկոս էր, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից։ Նրա ղեկավարությամբ տիեզերական կենսաբանության և բժշկության բնագավառներում ուսումնասիրվել են ճառագայթման, անկշռության, Երկրի ձգողության և այլ գործոնների հետ կապված հարցեր: Իրավամբ, մեծ է նրա ավանդը տիեզերական կենսաբանության զարգացման ոլորտում, ինչպես նաև դեպի տիեզերք ԽՍՀՄ-ից կատարված առաջին թռիչքների պատրաստվածության աշխատանքներում։
Իր գիտական հետազոտությունների բացահայտումները նա զեկուցումներում բազմիցս ներկայացրել է աշխարհին՝ միջազգային գիտաժողովներում ու համաժողովներում, դասախոսություններ կարդացել Բելգիայի, Փարիզի, Ճապոնիայի և այլ երկրների համալսարաններում:
Նորայր Սիսակյանի գործունեության սահմաններն ընդգրկում էին լայն աշխարհագրություն՝ հայրենականից մինչև համաշխարհային։
1959–1964 թթ. եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ, 1964–1966 թթ.՝ 13-րդ նստաշրջանի նախագահ, 1965–1966 թթ.՝ Միջազգային աստղագիտության ակադեմիայի իսկական անդամ և փոխնախագահ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ:
Մարսը կարո՞ղ է լինել մարդկության հաջորդ կանգառը․ հարցը, հայ գիտնականը և Իլոն Մասկը
Վերջին տարիներին Մարսը դարձել է մարդկության գիտական և տեխնոլոգիական պատկերացումների ամենաթեժ ուղղություններից մեկը։ Իլոն Մասկի գլխավորությամբ «SpaceX»-ը մշակում է մոլորակի բնակեցման կոնկրետ ծրագրեր, իսկ Մարսը լուրջ տեղ է գրավել թե՛ գիտական դիսկուրսում, թե՛ հանրային երևակայության մեջ։
Սակայն, այս ամենի մեջ, ուշագրավն այն է, որ հարցի շուրջ, մինչև Իլոն Մասկը, դեռևս 1960-ականներին հայ ականավոր գիտնական, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից Նորայր Սիսակյանն է մտորել, գիտական հետազոտություններ կատարել և բարձրաձայնել Մարսի՝ որպես գիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող մոլորակի մասին։ Նա առաջիններից էր, որ նկատեց Մարսի՝ Երկրին նման կենսաբանական պայմանների ներուժը և այն դիտարկեց ոչ միայն որպես հետազոտման նպատակ, այլև որպես կյանքի ծագման ու տարածման նոր միջավայր։
Երբ Նորայր Սիսակյանը 1960 թ. դարձավ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, նա գիտության ոլորտում հաստատուն քայլերով բացահայտումներ էր կատարում։ Հինգ տարի անց ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնգրեսում (Փարիզում)՝ շեշտեց. «Մարսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար:
Մարսի միջավայրը ամենամոտն է Երկրի պայմաններին. մեծապես հարմար է մարդու կենսագործունեության համակարգի ստեղծման համար:
Մարսի մթնոլորտում հայտնաբերվել են ածխածնային միացություններ, իսկ ջրի առկայությունը կասկածի տակ անգամ չի դրվում: Բացի դրանից՝ Մարսի վրա բացակայում է Երկրից աղտոտվածության հավանականությունը, այսինքն՝ կատարյալ պայմաններ ունենք ուսումնասիրելու կյանքի խնդիրը մեր մոլորակից դուրս»:
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի մասին առավել մանրամասն տե՛ս «Академик Норайр Мартиросович Сисакян: Ученый. Учитель. Патриот»
Իսկ Իլոն Մասկը հետագայում պիտի կարևորի Մարսը մարդկային գիտակցության երկարաժամկետ գոյատևման տեսանկյունից։
«Մարսը կկոչվի «Նոր աշխարհ», ինչպես Ամերիկան անցյալ դարերում: Ի՜նչ ոգեշնչող արկածախնդրություն․․․ Երկիրը գեղեցիկ է, բայց փխրուն։ Մեզ պահուստային ծրագիր է պետք»,- նշել է Մասկը մի առիթով՝ Մարսը դիտարկելով որպես մարդկության հաջորդ կանգառ։
Սիսակյանի կենսափիլիսոփայությունը
«Կյանքն իր բնույթով, էությամբ, հակասական և միաժամանակ լավատեսական երևույթ է»,– ասել է Սիսակյանը գիտական մի համագումարի ժամանակ:
Սրանք տիեզերական կենսաբժշկության հիմքը դրած մարդու մտքերն են: Երբ Սիսակյանը դեռ նոր էր ակադեմիկոս դարձել, նա հսկայական պատասխանատվություն էր ստանձնել՝ ուղղակիորեն ղեկավարելով տիեզերական թռիչք նախապատրաստող մի շարք փորձարկումներ: Այստեղ նրան օգնության հասավ իր կենսափիլիսոփայությունը, որը պիտի դառնար նրա հաջողությունների երաշխիքը՝ տրամադրելով միշտ լավատեսական։
Նա ղեկավարել է ԽՍՀՄ-ում բազմաթիվ կենսաքիմիական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերագնացների կենսաբանական պատրաստվածության հետ կապված հետազոտություններ։ Սա ոչ միայն գիտական առաջընթաց էր, այլև պատասխանատու միջավայր, որտեղ մարդկային կյանքը կախված էր գիտության ճշգրտությունից։
Կյանքի՝ հակասական և լավատեսական բնույթի մասին նրա խոսքը, որն այսօր հնչում է աֆորիզմի նման, կարելի է ընկալել որպես Սիսակյանի հումանիստական կենսափիլիսոփայության հիմք, որը դարձավ խթան՝ գիտությամբ հատելու Երկրի սահմանները և հասնելու տիեզերք։
Տիեզերքը, Մարսը, Լուսինը և ԵՊՀ-ն
Եթե հարցնեն, թե արդյոք կարող ենք կապ գտնել տիեզերքի, Մարսի, Երկրի, Լուսնի և Երևանի պետական համալսարանի միջև, առնվազն տարօրինակ կթվա հարցը և երևի ժպիտ կառաջացնի զրուցակցի մոտ։ Սակայն ո՛չ Նորայր Սիսակյանի կենսագրությանն ու գիտական ժառանգությանը ծանոթ մարդու համար։ Արժանահիշատակ մի փաստ ևս, որը տալիս է վերոնշյալ հարցի պատասխանը․ մեծանուն գիտնականը 1928 թ․ ուսանել է Երևանի պետական համալսարանում, որը նրան տվել է առաջին լուրջ գիտական խթանները։
ԵՊՀ-ում ձևավորվել է նրա մտածողության առանցքը՝ գիտության զարգացումը դիտել որպես համամարդկային նպատակ, ոչ միայն անձնական հաջողության միջոց։ Այդ տարիներին նա առաջին անգամ ներգրավվեց գիտական հետազոտություններում՝ դառնալով նորաստեղծ համալսարանի լավագույն ուսանողներից մեկը։
ԵՊՀ-ում ստացած ամուր բազան հնարավորություն տվեց Սիսակյանին շարունակելու իր ուսումնառությունը Մոսկվայում, որտեղ հետագայում դարձավ ԽՍՀՄ առաջատար գիտնականներից։
ԵՊՀ-ն ոչ միայն սկիզբ, այլև շարունակություն
Նորայր Սիսակյանի կապը Երևանի պետական համալսարանի հետ ոչ միայն իր ուսանողական անցյալով է հիշվում, այլև ականավոր գիտնականի իր ներդրումով։ 1945–1950 թվականներին նա ԵՊՀ-ում վարել է էնզիմոլոգիայի հատուկ դասընթաց․ տարիներ, երբ կենսաքիմիան դեռ ձևավորվող գիտակարգ էր Հայաստանում։ Սիսակյանի դասախոսությունները բարձր մակարդակի գիտականություն էին փոխանցում ուսանողությանը, և նա փաստացի եղել է այդ բնագավառի առաջին լուրջ ակադեմիական համակարգողներից Հայաստանում։
Նրա ուսուցանած թեմաները, հիմնված լինելով ժամանակի առաջատար միջազգային հետազոտությունների վրա, խթանեցին նոր գիտական հետաքրքրությունների ձևավորումը և մասնագիտական սերնդափոխությունը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։ Բացի դասախոսական աշխատանքից՝ Սիսակյանը նպաստել է նաև համալսարանում կենսաքիմիայի գիտահետազոտական ուղղությունների ձևավորմանը՝ ստեղծելով այնպիսի գիտական միջավայր, որտեղ սկսեցին հասունանալ հայ կենսաբանության ապագա առաջատարները։
ԵՊՀ-ում նրա ներկայությունը ոչ միայն հարստացրեց բուհական ծրագրերը, այլև բարձրացրեց համալսարանի հեղինակությունը Խորհրդային միության գիտական շրջանակներում։ Այս տարիները նշանավորվեցին համալսարանում կենսաբանական գիտությունների համակարգային զարգացման հիմքերի դրմամբ, որտեղ Սիսակյանը համարվեց առանցքային դերակատար։
Փոքր լսարանից մինչև Լուսին․ արժևորում և հիշատակ
Այսօր, երբ աշխարհում հաճախ է խոսվում գիտության միջազգայնացման մասին, Սիսակյանի անունը հիշեցնում է մեզ, որ Հայաստանը միշտ ունեցել է իր տեղը այդ քարտեզի վրա։ Եվ դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»՝ ի նշան նրա համաշխարհային գիտական ներդրումների։
ԵՊՀ-ն՝ որպես նրա գիտական կյանքի մեկնակետ, շարունակելու է հպարտությամբ ներկայացնել ու տարածել Սիսակյանի ժառանգությունը՝ երիտասարդ սերունդներին ոգեշնչելու և հավաստիացնելու, որ գիտությունը սկսվում է փոքր լսարաններից, բայց կարող է հասնել մինչև տիեզերք։
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, Մոսկվայի Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքի պատին փակցված է հուշատախտակ, նրա անունը ոսկե տառերով գրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքի պատին, կիսանդրին կանգնեցված է ծննդավայրում: Նրա անունով են կոչվում նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը, Աշտարակի միջնակարգ դպրոցներից մեկը, փողոց Երևանում և Աշտարակում: Աշտարակում գործում է Ն. Սիսակյանի տուն-թանգարանը:
Գիտության երախտավոր Նորայր Սիսակյանի որդին՝ Ալեքսեյ Սիսակյանը (1944-2010), անվանի ֆիզիկոսն ու տեսաբանը, արժանվույնս շարունակեց հոր ճանապարհը։ Ի թիվս գիտության ոլորտում ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների՝ առանձնացնենք մի կարևոր փաստ ևս. ԵՊՀ-ում նրա ջանքերով 1999 թ․ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, ՌԴ, Դուբնա) և ԵՊՀ հիմնարար և կիրառական գիտական ներուժի միավորման, ուսման որակի բարձրացմանը նպաստող համատեղ ծրագրերի մշակման, ինչպես նաև միջազգային կապերի (այդ թվում՝ տարածաշրջանային) ամրապնդման և զարգացման նպատակով ԵՊՀ-ում ստեղծվեց Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՀՀՄԿ), որը 2011 թվականից անվանվեց ի հիշատակ նշանավոր գիտնական Ալեքսեյ Սիսակյանի։
Նման կերպարները հիշեցնում են, թե ինչպիսի մեծ դեր կարող է ունենալ կրթությունը մարդու և մարդկության ճակատագրում՝ ոգեշնչելով սերունդներին նոր նվաճումների ու բացահայտումների։