- Главная
- Node
- ԵՊՀ ուսանողները Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
Августа 28, 2025 | 10:00
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ ուսանողները Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
Մասնակցելով Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադային (International Mathematics Competition)՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Նարեկ Հովեյանն ու ֆիզիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։

Բուլղարիայում կայացած ուսանողական միջազգային օլիմպիադան բաղկացած էր երկու փուլից։ Մասնակիցները երկու օրվա ընթացքում լուծել են 10 խնդիր (օրական՝ հինգ խնդիր), որոնք ընդգրկում էին մաթեմատիկական անալիզի, հանրահաշվի, հավանականությունների տեսության և այլ բնագավառների առաջադրանքներ։ Արդյունքում ԵՊՀ ուսանողներն արժանացել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալների։ Անհատական արդյունքների հիման վրա կազմվել է թիմային դասակարգում, որի արդյունքում ԵՊՀ թիմը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը։
Թիմի ղեկավարն ու մարզիչն էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դասախոս Ալբերտ Գևորգյանը։
Ուսանողների նախապատրաստական պարապմունքները տևել են մոտ երկու ամիս։ Այդ ընթացքում ուսանողների հետ աշխատել են նաև Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի ասիստենտ Կարեն Քեռյանը, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի դասախոս Վազգեն Միքայելյանը, Ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Հակոբյանը։
«Տարբեր բնագավառներին առնչվող պարապմունքները նպաստել են ոչ միայն մասնակիցների՝ օլիմպիադայում գերազանց արդյունքներ արձանագրելուն, այլև նրանց բարձր պատրաստվածությանը՝ առաջադրանքները ժամանակին և արդյունավետ լուծելու տեսանկյունից»,- կարևորեց Կարեն Քեռյանը։
Երևանի պետական համալսարանը այս հեղինակավոր օլիմպիադային մասնակցում է 2005 թվականից ի վեր և այդ ընթացքում բազմիցս գրանցել է գերազանց արդյունքներ։
Նշենք, որ ս․թ․ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տեղի ունեցած օլիմպիադային մասնակցել են աշխարհի 73 համալսարանների թիմեր (434 ուսանողներ): Մրցույթը նախատեսված է համալսարանական կրթության առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերն ավարտող ուսանողների համար։