- Главная
- Node
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը պատրաստ է դիմավորելու նոր ուսումնական տարին․ ժամանակացույց
Августа 28, 2025 | 12:25
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը պատրաստ է դիմավորելու նոր ուսումնական տարին․ ժամանակացույց
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը սիրով սպասում է իր աշակերտներին՝ միասին սկսելու մի նոր, հետաքրքիր ու գիտելիքներով լի ուսումնական տարի։ Սեպտեմբերի 1-ին դպրոցը կդառնա ջերմ հանդիպումների, ուրախ զրույցների և ոգևորության վայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ իրեն կզգա դպրոցական ամուր համայնքի մի մասնիկ և կստանա հաջողության հասնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ին, դպրոցի բակում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը դիմավորելու է 2025-2026 ուսումնական տարվա նոր աշակերտներին, նրանց ծնողներին, ինչպես նաև մյուս դասարանների սովորողներին։ Այս յուրօրինակ հանդիպումը նպաստելու է աշակերտների միջև ջերմ միջավայրի ձևավորմանը՝ միավորելով դպրոցական բոլոր սերունդներին մեկ ընդհանուր նպատակների ու հետաքրքրությունների շուրջ։
Ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես կգա դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՍԹԵՄ կրթության կարևորությանը, նոր ուսումնական տարվա ակնկալիքներին ու դպրոցի զարգացման ուղիներին։ Այնուհետև 10-րդ դասարանի աշակերտների համար կկազմակերպվի շրջայց, որի ընթացքում նրանք կծանոթանան դպրոցի պայմաններին, դասասենյակներին, լաբորատորիաներին, հնարավորություններին և ենթակառուցվածքներին, ինչը հնարավորություն կընձեռի նորեկներին ավելի արագ կողմնորոշվելու և իրենց զգալու դպրոցի լիարժեք մասնակիցը։
Այնուհետև նախատեսվում են սոցիալականացմանն ու խմբային շփմանը միտված միջոցառումներ և խաղեր, որոնք կօգնեն աշակերտներին ինտեգրվել, միմյանց ճանաչել, ձևավորել ընկերական կապեր, որից հետո էլ պաշտոնապես կսկսվեն դասերը։
Նշենք, որ երկու փուլով անցկացված մրցույթի արդյունքում 2025-2026 ուսումնական տարում շուրջ 150 դիմորդներից ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց են ընդունվել 63-ը։ Նախորդ տարի մրցույթին մասնակցել էին մոտ 90 դիմորդներ, և նրանցից դպրոց էին ընդունվել 39-ը։ Այս տվյալները վկայում են կրթական հաստատության նկատմամբ աճող հետաքրքրության և վստահության մասին։
«Թվաքանակի աճը պայմանավորված է թե՛ մեր դպրոցի հետևողական աշխատանքով, թե՛ արձանագրած արդյունքներով։ Համալսարանի բարձր համբավին գումարվել են ՍԹԵՄ դպրոցի կատարած հետևողական աշխատանքը, գրանցած հաջողությունները։ Ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ ծնողներ այցելել են դպրոց, հետաքրքրվել առաջարկվող կրթական ծրագրերով և հնարավորություններով։ Ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում նրանք ծանոթացել են այն լայն հնարավորություններին, որոնք տալիս են թե՛ համալսարանը, թե՛ դպրոցը։ Մեր աշակերտները ԵՊՀ բոլոր ենթակառուցվածքներից օգտվելու գրեթե նույն իրավունքն ունեն, ինչ ուսանողները։ Սա մեծ առավելություն է նրանց կրթության և զարգացման տեսանկյունից»,- ասում է դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ 10-րդ դասարանի աշակերտներին սպասում են ամբողջությամբ վերանորոգված և կահավորված դասասենյակներ, որոնք ապահովում են հարմարավետ ու արդյունավետ կրթական միջավայր։
Նշենք, որ ՍԹԵՄ ավագ դպրոցի 4 աշակերտներ, հաղթահարելով Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայի (IABO) նախնական երկու փուլերը, մասնակցել են եզրափակիչ փուլին՝ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների։ Դրա շնորհիվ՝ նրանք հնարավորություն են ունեցել առանց միասնական քննությունների ընդունվելու իրենց նախընտրած պետական բուհ։