- Главная
- Node
- Բանահյուսությունից դեպի հրաշապատում արձակ. ԵՊՀ գրադարանում մեկնարկեց հեղինակային աշխատարանների շարք Ալվարդ Ջիվանյանի հետ
Сентября 10, 2025 | 15:53
Գիտություն
Գրադարան
Կրթություն
Բանահյուսությունից դեպի հրաշապատում արձակ. ԵՊՀ գրադարանում մեկնարկեց հեղինակային աշխատարանների շարք Ալվարդ Ջիվանյանի հետ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հետ մեկնարկելով «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով հեղինակային աշխատարանների շարք։

Վեց հանդիպումներից բաղկացած այս ծրագիրը համատեղում է թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչներ։ Մասնակիցները հնարավորություն ունեն լսելու հետաքրքիր զրույցներ և բանախոսություններ, կատարելու ստեղծագործական առաջադրանքներ ու վարժանքներ, որոնց մի մասը տանը՝ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում։ Ուշագրավ է, որ նրանք կկարողանան ստեղծել իրենց հրաշապատում պատմվածքները, որոնք կներկայացվեն հատուկ շնորհանդես-քննարկման ժամանակ։ Աշխատարանների ավարտին կընտրվեն լավագույն պատմվածքները և կհրատարակվեն։

Գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն մասնակիցների ստեղծագործական կարողությունների զարգացումն է, այլև գրադարանի՝ որպես կրթության, քննարկումների և գրական հետաքրքրությունների տարածքի դերակատարության ամրապնդումը։
«Մեր նպատակը գրադարանն ավելի կենդանի դարձնելն է։ Մենք այն չենք դիտարկում միայն որպես գրքերի պահոց, այլև մի վայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում է հետաքրքրություն գրականության հանդեպ, և զարգանում են մասնագիտական հմտություններ»,- ընդգծեց նա։
Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, կարևորելով ծրագրի թեման և արդիականությունը, ընդգծեց ընտրված ոլորտի յուրահատուկ նշանակությունը ստեղծագործական հմտությունները զարգացնելու տեսանկյունից։

«Բանահյուսությունն ինձ համար ոչ միայն անցյալի պատմությունների հավաքածու է, այլև ստեղծագործական անսպառ աղբյուր։ Ժամանակակից հրաշապատում արձակը՝ ֆենթեզին, շատ առումներով սնվում է հին ավանդույթներից։ Ինձ համար հետաքրքիր է ցույց տալ, թե ինչպես կարելի է ժողովրդական պատմվածքներից, առասպելներից ու հեքիաթներից անցում կատարել դեպի ժամանակակից հրաշապատում աշխարհներ։ Սա ոչ միայն գրական վարժանք է, այլ նաև մտածողության ձևափոխում, երբ սովորում ես ստեղծել «այլ աշխարհներ»՝ դրանց տրամաբանությամբ, կերպարներով ու կանոններով»,- ասաց պրոֆեսորը։
Ծրագրի մտահղացման մասին խոսելով՝ գրադարանի տնօրեն Ա. Մեջլումյանը հավելեց, որ աշխատարանների գաղափարը ծնվել է դեռ ամիսներ առաջ, երբ գրադարանը հյուրընկալել էր Ալվարդ Ջիվանյանին նրա վիպաշարի քննարկման շրջանակում։ Հանդիպումն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ որոշվել է այն շարունակել արդեն ավելի խորացված և գործնական ձևաչափով։
Մասնակցությունը բաց է բոլորի համար, ոչ միայն ԵՊՀ համայնքի։ Հայտերի մեծ քանակը վկայում է ծրագրի նկատմամբ հասարակական հետաքրքրության մասին։ Թեպետ տեղերի սահմանափակ լինելու պատճառով ընդունվել է հայտերի մոտ կեսը, այնուամենայնիվ նախաձեռնությունը խոստանում է դառնալ ստեղծագործական յուրօրինակ հարթակ, որտեղ հեքիաթներն ու առասպելները վերածվելու են ժամանակակից հրաշապատում պատմությունների։