- Главная
- Node
- Ժողովրդագրական խնդիրներին՝ գիտական պատասխան. ԵՊՀ-ում ստեղծվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն
Сентября 12, 2025 | 10:00
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Հետազոտություն
Ժողովրդագրական խնդիրներին՝ գիտական պատասխան. ԵՊՀ-ում ստեղծվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն
Վերջին տարիներին ժողովրդագրության թեման դարձել է առանցքային ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագիտական մակարդակներում՝ պայմանավորված բնակչության ծերացման, նվազման, միգրացիոն տատանումների և այլ խնդիրների սրացմամբ։ Հայաստանը նույնպես կանգնած է ժողովրդագրական մարտահրավերների առաջ. արձանագրվում են ծնելիության, միգրացիայի, կյանքի տևողության, ծերության հետ կապված խնդիրներ։ Այս համատեքստում ակնհայտ դարձավ, որ երկրում բացակայում է համակարգված գիտահետազոտական, վերլուծական և կրթական հարթակ ժողովրդագրության ոլորտում։ Խնդիրներն ուսումնասիրելու, լուծումներ առաջարկելու, ինչպես նաև քաղաքականություններ մշակելու նպատակով ստեղծվեց ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը՝ համալսարանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերով։

Կենտրոնը ստեղծվել է 2025 թվականի սկզբին, իսկ պաշտոնական բացումը նախատեսվում է հոկտեմբերին։ Այն դառնալու է առաջին կառույցը Հայաստանում և տարածաշրջանում, որը կմիավորի ժողովրդագրական հետազոտությունը, քաղաքականությունների մշակումն ու հանրային իրազեկման աշխատանքները՝ երկարաժամկետ և համակարգային մոտեցմամբ։ Կենտրոնի առաքելության, գործունեության ուղղությունների և ապագա ծրագրերի մասին զրուցել ենք ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիգրան Գասպարյանի հետ։
Ժողովրդագրությունը (դեմոգրաֆիան) փոխկապակցված է հասարակական ու տնտեսական բոլոր ոլորտների հետ, և փոխադարձ ազդեցությունը վճռորոշ է երկրի երկարաժամկետ զարգացման համար։
«Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը կանգնած է լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ։ Այս հանգամանքը հրատապ պահանջ էր ստեղծել ունենալու համապարփակ և երկարաժամկետ ժողովրդագրական ռազմավարություն։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում թե՛ ՀՀ Կառավարությունը, թե՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, թե՛ տեղական և միջազգային տարբեր ոլորտների փորձագետներ ակտիվորեն աշխատել են այդ ռազմավարության մշակման ուղղությամբ։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոր և տվյալահենք հետազոտություն՝ պարզելու ժողովրդագրական պատկերը, ինչպես նաև կառուցելու սցենարներ՝ պատկերացնելու, թե ուր ենք շարժվում առաջիկա 30-50 տարիներին»,- ասում է կենտրոնի տնօրենը։

Տիգրան Գասպարյանը հավելում է նաև, որ հետազոտությունը վերածվել է լայնածավալ փաստաթղթի, որում արտացոլվում է 9-ից ավելի նախարարությունների ներգրավվածությունը գործընթացում։ Այնուամենայնիվ, պարզ է դարձել, որ ռազմավարության իրականացումն իր ողջ ծավալով հնարավոր չէ միայն պետական կառավարման համակարգի շրջանակում։ Ըստ նրա՝ սա նաև ազգային նշանակության ռազմավարություն է, և ողջ հասարակությունը, հատկապես փորձագիտական համայնքը պետք է ներգրավված լինի այս գործընթացում։
Այս պատճառով առաջ քաշվեց գաղափարը՝ ստեղծելու առանձին կենտրոն, որը կդառնա ինչպես ռազմավարության խորհրդատու և աջակցող մարմին, այնպես էլ տարածաշրջանային նշանակության ժողովրդագրության կենտրոն։
Ըստ կենտրոնի տնօրենի՝ ակներև է նաև մեր երկրում գոյություն ունեցող մասնագիտական բացը ժողովրդագրության ոլորտում պատրաստված կադրերի առումով։ Կենտրոնը նաև նպատակ կունենա ստեղծելու մագիստրոսական կրթական ծրագրեր՝ պատրաստելու ոլորտի բարձրակարգ մասնագետների՝ նպաստելով երկրի ժողովրդագրական զարգացմանն ու կայունությանը։
«Կարծում եմ՝ կենտրոնի ստեղծումը համալսարանում շատ ճիշտ և հեռատես քայլ է։ Դա մի կողմից արտահայտում է պետության լուրջ վերաբերմունքը ժողովրդագրական հարցերի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ հիմք է դնում ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Համալսարանական միջավայրը հնարավորություն կտա ոչ միայն կատարելու քաղաքականության մշակմանն աջակցող փորձագիտական աշխատանք, այլև ձևավորելու կրթական ծրագրեր՝ ապահովելով բարձրորակ մասնագետների պատրաստում ապագայի համար»,- նշում է նա։
Ժողովրդագրությունն ամենամեծ մարտահրավերներից է։
Առաջիկա տարիներին կենտրոնը կդառնա գիտական և վերլուծական հենք՝ զբաղվելով լայնածավալ հետազոտություններով ժողովրդագրության ոլորտում։ Հիմնական ուղղությունները կլինեն՝
ծնելիության մակարդակի և միտումների վերլուծություն,
կյանքի տևողության և առողջ երկարակեցության հետ կապված հարցեր, ակտիվ ծերության, տարեցների ներգրավվածության և կենսակերպի բարելավմանն ուղղված ուսումնասիրություններ,
մահացության ցուցանիշների ուսումնասիրություն և կանխարգելման հնարավոր ուղիներ,
միգրացիոն գործընթացների վերլուծություն՝ ներառյալ արտագաղթը և ներգաղթը։
Կենտրոնը կփորձի համապարփակ կերպով ուսումնասիրել մարդու ամբողջ կյանքի ճանապարհը՝ ծնունդից մինչև ծերություն՝ ընդգծելով, որ կյանքի բոլոր փուլերը փոխկապակցված են ժողովրդագրական գործընթացների հետ։
Մարդու ամբողջ կյանքի հետ կապված հարցերը ժողովրդագրական են։
«Այսօր, երբ խոսում ենք մեր երկրի ժողովրդագրական մարտահրավերների մասին, անհրաժեշտ է ոչ միայն վերլուծել թվերը, այլև փոխել մեր մտածողությունն ու մոտեցումները։ Ծնելիության ցուցանիշների բարելավման հարցում միայն սոցիալ-տնտեսական միջոցներն արդեն բավարար չեն։ Մեզ անհրաժեշտ է աշխատել նաև հասարակության պատկերացումների և արժեհամակարգի փոփոխության վրա։ Շատ հաճախ մենք կանգնում ենք ընտրության առաջ՝ քանա՞կ, թե՞ որակ։ Իրականում ծնելիության ցուցանիշների բարելավումը պետք է ուղեկցվի համապարփակ՝ ընտանիքներին աջակցող քաղաքականություններով, և ընթանա կյանքի որակի բարձրացմանը զուգընթաց, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ։ Այդ հարցում կարևոր է կոտրել տարիների ընթացքում ձևավորված կարծրատիպերը, և հենց սա կարող է դառնալ կենտրոնի կարևոր առաքելություններից մեկը՝ ձևավորել գիտական ու արժեհամակարգային մոտեցում»,- մատնանշում է նա։
Ըստ կենտրոնի տնօրենի՝ հաջորդ հարցը կյանքի տևողությունն է, ինչի հետ կապված՝ ունենք մի շարք խնդիրներ՝ առողջության, կենսակերպի, ինչպես նաև սոցիալական ու հոգեբանական գործոնների մակարդակով։ Հետազոտությունները կարող են օգնել պարզելու իրական պատկերը և առաջարկելու արդյունավետ լուծումներ։

«Երրորդ կարևոր ուղղությունն ակտիվ ծերության հարցն է։ Մեր հասարակությունում ավագ սերնդի նկատմամբ դեռ պահպանվում են հնացած մոտեցումներ։ Մենք պետք է ձևավորենք նոր պատկերացում՝ 60-ից հետո կյանքը շարունակվում է լիարժեք։ Մարդիկ կարող են և պետք է շարունակեն աշխատել, սպորտով զբաղվել, հասարակական կյանքին մասնակցել։ Զարգացած երկրները վաղուց այս ուղով են շարժվում, և մենք նույնպես պետք է անցում կատարենք այդ մտածողությանը։
Վերջապես՝ միգրացիան՝ ժամանակակից ժողովրդագրական քաղաքականության մի անբաժան բաղադրիչը։ Նվազող և ծերացող հասարակություններում միգրացիոն քաղաքականությունը կարող է դառնալ կարևոր գործիք դեմոգրաֆիական հավասարակշռության պահպանման համար»,- շեշտում է Տիգրան Գասպարյանը։
Կենտրոնը միավորելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակի գիտնականների, փորձագետների, պետական կառույցների ներկայացուցիչների և քաղաքականություն մշակողների ոչ միայն վերլուծելու, այլև կիսվելու արդյունքներով, կրթելու հանրությանը և բարձրացնելու իրազեկվածության մակարդակը։
«Կենտրոնը բացառիկ է նաև իր մշակած ռազմավարությամբ․ շատ քիչ երկրներ կան, որ ունեն նման համապարփակ ժողովրդագրական ռազմավարություն։ Հոկտեմբերին նախատեսում ենք կազմակերպել ժողովրդագրության շաբաթ՝ մեծ ուշադրություն դարձնելով ոլորտի կարևոր հարցերին։ Այս շրջանի օրակարգում կլինեն մեր առաջին ռազմավարական ծրագրի ներկայացումը, քննարկումն ու ընդունումը»,- կարևորում է տնօրենը։
ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիգրան Գասպարյանը լիահույս է, որ կենտրոնը կզբաղեցնի իր կարևոր տեղը փորձագիտական դաշտում՝ դառնալով հարթակ, որտեղ կկազմակերպվեն ակտիվ քննարկումներ և կձևավորվեն արդյունավետ լուծումներ։
«Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ստեղծվի հարթակ, որտեղ տարբեր ոլորտների մասնագետներ կկարողանան շփվել ու համագործակցել հենց ժողովրդագրությանն առնչվող թեմայի շրջանակում։ Այդ համագործակցությունը հիմք կդառնա համակարգված և լայնածավալ աշխատանքների համար։ Եվ մենք կստեղծենք այդ կապը»,- ամփոփում է հետազոտողը։