- Գլխավոր
- Նորություններ
- Կրթողը պետք է ձևավորի նպատակ և մոտիվացիա. կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբեր 12, 2025 | 16:31
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Կրթողը պետք է ձևավորի նպատակ և մոտիվացիա. կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդեսը
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդես-քննարկումը, որը կազմակերպվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ գործակցության շրջանակում: Գիրքը սովորելու հաջողված փորձառությունների մասին է:

Ի՞նչ է սովորելը, ինչո՞ւ, ի՞նչ և ինչպե՞ս են մարդիկ սովորում, ի՞նչ գործոններ են ազդում սովորելու վրա, ի՞նչ դեր է կատարում սովորեցնողը: Այս և այլ հարցերի պատասխանները հնարավոր է գտնել «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքում։

Գրքի խմբագիր, ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ թեպետ ամբողջ աշխարհում միտում կա ամեն ինչ դարձնելու կրթության առարկա, այնուամենայնիվ կրթության՝ սովորելու մասին խոսում են միայն ուսուցչի՝ կրթողի տեսակետից։ Հենց սա էլ հիմք է դարձել գրքի ստեղծման համար։
«Սովորողի ձայնը միջազգային գիտական հրապարակումներում բացակայում է, ուստի որոշում կայացվեց կատարելու այս հետազոտությունը «ներքևից վերև» և ներկայացնելու, թե ինչու և ինչպես են կրթված մարդիկ սովորել»,- ընդգծեց նա:

«Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ գրքի ստեղծումը կարելի է երկու զուգահեռ ուղիներով դիտարկել․ մի կողմից՝ սա հեղինակների հետազոտական աշխատանքն է, մյուս կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տարիների «մտքի գիծը»։
«Սովորելու ձևերի մասին գաղափարն էր, որ ԵՀՀ տարբեր ծրագրերի շրջանակում անընդհատ քննարկվում էր: Ի վերջո, այս հետազոտական աշխատանքի և՛ կառուցվածքը, և՛ գաղափարը, և՛ իրագործումը արտահայտում են այն գործունեությունը, որը ԵՀՀ-ն տարիներ շարունակ իրականացրել է: Սա Հայաստանում յուրօրինակ մտքի դրսևորում է հատկապես հասարակագիտական ոլորտում, ուստի պետք է քայլեր ձեռնարկել, որ գիրքը լայն տարածում ունենա»,- ասաց նա:
Գրքի հեղինակներ, մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանն ու Նիկոլ Մարգարյանն իրենց սոցիալ-մարդաբանական հետազոտական աշխատանքի ընթացքում զրուցել են տարբեր մասնագիտությունների, տարիքի ու զբաղմունքի տեր 50 բանասացների հետ, որոնք իրենց մասնագիտական ոլորտներում կայացած անձնավորություններ են ու կիսվել են սովորելու իրենց փորձառությամբ:

Նիկոլ Մարգարյանի խոսքով՝ բանասացների ասելիքի ամբողջականությունը, լեզուն ու ոճը ամբողջապես պահպանվել են, որ նրանց փորձառությանը ծանոթանալու ցանկություն ունեցողները կարողանան ընկալել ամեն ինչ` առանց համատեքստային խոչընդոտների և լրացուցիչ ծածկագրերի, որոնք, սովորաբար, վերլուծողները ներդնում են՝ փոխելով տեքստը։
«Փորձել ենք հաղթահարել էլիտիզմը: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն իրենց նմանների փորձառությունը, ինչը ավելի իրատեսական է դարձնում նրանց փորձի կիրառման հնարավորությունը»,- մատնանշեց նա:
Աղասի Թադևոսյանն էլ ընդգծեց, որ սովորողի համար չափազանց կարևոր նշանակություն ունի սովորելու նպատակի ձևակերպումը, և շատ կարևոր է, որ սովորողը մասնակցի այդ գործընթացին։
«Երբ սովորողը հստակ պատկերացնում է իր նպատակը, թե ինչու է ինքը սովորում, և ինչ խնդիրներ կան իր առջև այդ նպատակին հասնելու ճանապարհին, ապա, ըստ խնդիրների, որոշվում են քայլերը: Եվ ամեն քայլի համար ձևավորվում է մոտիվացիա»,- շեշտեց նա:

Գրքի հեղինակների խոսքով՝ սովորեցնողը պետք է նպատակ ու մոտիվացիա ձևավորի: Նրանք առաջարկում են ֆորմալ կրթական հաստատություններում ժամեր հատկացնել, որ կրթողը աշակերտների, ուսանողների հետ միասին քննարկի, թե ինչու են նրանք սովորում այս կամ այն առարկան։
Հեղինակները խորհուրդ են տալիս գրքում տեղ գտած գաղափարները դիտարկել կրթական ֆորմալ, ինֆորմալ (հեղինակները նկատի ունեն ինքնակրթության տարբեր ձևերը) կամ ոչ ֆորմալ (հեղինակները նկատի ունեն քաղաքացիական և ոչ պետական ոլորտներում կազմակերպվող կրթությունը) իրադրություններում:
Նշենք, որ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի ներկայացմամբ ԵՊՀ գրադարանը և ԵՀՀ-ն ազդարարում են համատեղ քննարկումների սկիզբը։ Ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գրադարանում կներկայացվեն և կքննարկվեն ԵՀՀ-ի՝ վերջերս և այլ տարիների հրատարակած գրքերը, որոնք անդրադառնում են արդիական թեմաների՝ կրթություն, մշակույթ, պատերազմ և խաղաղություն, քննադատական մտածողություն, քաղաքացիական հասարակություն և այլն: Հարթակը թե՛ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին, թե՛ հասարակությանն առհասարակ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակելու և բանավիճելու, ինչպես նաև ստանալու այլընտրանքային կրթություն։