- Главная
- Node
- Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակակիր ուսանողները՝ ձեռքբերումների ու նպատակների մասին․ հանդիպում ԵՊՀ-ում
Сентября 26, 2025 | 14:38
Կրթություն
Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակակիր ուսանողները՝ ձեռքբերումների ու նպատակների մասին․ հանդիպում ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակակիր ուսանողների հետ՝ նպատակ ունենալով ամփոփելու կրթաթոշակային ծրագրի ընթացքը, քննարկելու կրթությանն ու մասնագիտական զարգացմանը վերաբերող կարևոր հարցեր։

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային ծրագիրն արդեն մի քանի տարի շարունակ աջակցում է այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն և ձգտում են կիրառել իրենց գիտելիքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ի նպաստ երկրի զարգացման։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հանդիպման ընթացքում նշեց, որ փոխադարձ համագործակցության շնորհիվ հնարավոր է հասնել փոխշահավետ արդյունքների՝ անկախ ծրագրի ծավալից։ Ըստ նրա՝ կարևորն այն է, որ նախաձեռնությունն ունենա իրական ազդեցություն և նպաստի ուսանողների մասնագիտական առաջընթացին։
Ալեքսանդր Մարգարովը հանդիպման ընթացքում նաև խոսեց ԵՊՀ-ի միջազգային վարկանիշային դիրքի, գիտական հետազոտությունների ֆինանսավորման, միջազգային համագործակցության առանցքային հարցերի մասին՝ կարևորելով այն առանձնահատուկ դիրքը, որը Երևանի պետական համալսարանն ունի միջազգային կրթական և գիտական դաշտում։
«Վարդանանց ասպետներ» կազմակերպության նախկին ավագ սպարապետ Հունան Արշակյանը նշեց, որ կազմակերպությունը շարունակաբար ընդլայնում է իր ծրագրերը՝ երիտասարդներին աջակցելու և նրանց մասնագիտական զարգացումը խթանելու նպատակով։ Նա հատկապես կարևորեց, որ ուսանողները համալսարանում ստացած գիտելիքները կիրառեն կարևոր նպատակների համար։ Հունան Արշակյանը լավագույն արդյունքներ արձանագրած և 2025-2026 ուստարվա համար հայտարարված կրթաթոշակային մրցույթի հաղթող ճանաչված ուսանողներին հանդիպման ընթացքում հանձնեց հավաստագրեր։

Կրթաթոշակի արժանացած հինգ ուսանողները ներկայացրին իրենց նպատակներն ու ծրագրերը։ Նրանք խոսեցին ոչ միայն ակադեմիական հաջողությունների, այլև իրենց ապագա մասնագիտական ճանապարհի մասին։ Ուսանողները շեշտադրեցին, որ իրենց նպատակը բուհում ստացած գիտելիքները Հայաստանում, մասնավորապես մարզերում կիրառելն է՝ ի նպաստ համայնքային զարգացման։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Գևորգ Ներսիսյանը Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա պատմում է. «Կրթաթոշակի համար դիմել եմ, քանի որ մագիստրատուրա եմ ընդունվել վճարովի հիմունքներով։ Ուսումս շարունակելու համար ֆինանսական աջակցություն էր անհրաժեշտ։ Ցանկանում եմ զարգացնել մասնագիտական փորձառությունս, խորացնել գիտելիքներս, զբաղվել հետազոտական աշխատանքով և ձեռք բերել նոր պրակտիկ հմտություններ։ Նպատակ ունեմ ապագայում իմ մասնագիտությամբ աշխատելու հենց մարզում՝ Տավուշում։ Ուզում եմ իմ ներդրումն ունենալ մարզի զարգացման գործում, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտում»։
Ուսանողն ապագայում ուզում է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները մյուսներին։
«Շատ կարևոր է, որ ուսանողների պրակտիկ կարողությունները զարգացնելու համար դասավանդեն ժամանակակից փորձ ունեցող մասնագետներ։ Ես ծրագրավորող եմ և ուզում եմ լինել այդ մասնագետներից մեկը»,- ասում է Գևորգը՝ նպատակ ունենալով հիմնել փոքրիկ կազմակերպություն մարզում՝ հնարավորություն ստեղծելով, որ տեղացի ուսանողները կարողանան աշխատել և զարգանալ հենց իրենց բնակության վայրում՝ առանց Երևան տեղափոխվելու անհրաժեշտության։ Դա կխթանի ՏՏ ոլորտի զարգացումը Տավուշում և կօգնի մարզի երիտասարդներին գտնել իրենց տեղը մասնագիտության մեջ։

Կրթաթոշակակիր Նազելի Սարգսյանը կրթաթոշակի մասին տեղեկացել է համալսարանական էլհասցեի միջոցով։ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում սովորող ուսանողն ասում է. «Սա հիանալի հնարավորություն է ուսանողների համար։ Նախատեսում եմ ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս կիրառել Հայաստանում»։
Հանդիպումն ամփոփեց կրթաթոշակակիրների ձեռքբերումներն ու նպատակները՝ շեշտադրելով, որ ուսանողի ձեռք բերած գիտելիքներն ու փորձը արժանանում են խրախուսանքի, ինչպիսին է Թաբիբյան ընտանիքի կրթաթոշակային ծրագիրը։