- Գլխավոր
- Նորություններ
- Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիր ԵՊՀ ուսանողների հետ
Սեպտեմբեր 26, 2025 | 18:26
Գիտություն
Կրթական ծրագրեր
Մրցույթներ
Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիր ԵՊՀ ուսանողների հետ
ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի տրամադրած կրթաթոշակին արժանացած ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները, որոնց թվում էին թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները, ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը:

Բարերար Քեն Կակոսյանի նախաձեռնությամբ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողներին՝ փոխհատուցելով նրանց ուսման վարձավճարները: Կրթաթոշակը՝ որպես ֆինանսական աջակցություն, հատկացվում է այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն և մեծ ակտիվություն են ցուցաբերում իրենց համայնքներում: Այս նախաձեռնության նպատակն է ապահովել երիտասարդների շարունակական ներգրավվածությունը իրենց համայնքների զարգացման գործում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով կրթաթոշակի կարևորության մասին, նշեց, որ համալսարանում ստացած գիտելիքների և ձեռք բերած հմտությունների շնորհիվ ուսանողները մարզերում կատարում են աշխատանքներ, որոնք նպաստում են համայնքային համերաշխության ձևավորմանն ու համայնքային գործերի արդյունավետ կատարմանը:
«Արդեն երրորդ տարին է, ինչ մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռվում կրթաթոշակի տեսքով ստանալու իրենց ուսման վարձերի ամբողջական փոխհատուցումը «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կողմից։ Այս տարի հայտարարված մրցույթին դիմել են ավելի քան 31 մասնակիցներ, որոնցից դեռևս չեն ընտրվել կրթաթոշակակիրները»,- ընդգծեց նա։
Ընդհանուր առմամբ՝ նախորդ երկու տարիներին կրթաթոշակի են արժանացել 14 ուսանողներ, որոնցից մի քանիսը այսօրվա հանդիպմանը ներկայացրին, թե իրենց նախաձեռնությունները իրագործման որ փուլում են:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Մարգարիտա Աբրահամյանը ներկայացրեց իր նախաձեռնության հաջողությունները։
«ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում աշխատում ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ և արդեն ունենք բազմաթիվ հաջողություններ։ Նշեմ, որ երեխաներից մեկին օգնում ենք նաև իր գրած բանաստեղծությունները տպագրելու հարցում»,- ասաց նա:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ Արման Կակոսյանը նշեց, որ իր հայրենի քաղաքում՝ Ապարանում, ստեղծել է ուսանողական խորհուրդ, որի շրջանակում քաղաքապետին ներկայացրել են ծրագիր, որով առաջարկվում էր Երևանում տեղակայված բուհերի ուսանողներին տրամադրել ուսանողական ավտոբուս։ Ծրագիրը հաստատվել է, և ավելի քան 90 ուսանողի տրամադրվել է անվճար փոխադրամիջոց:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Մանուկ Աբգարյանը, խոսելով իր նախագծի մասին, մատնանշեց, որ իր նախաձեռնությամբ ստեղծվել է «Արարատյան» խմբակը, որի շրջանակում դասավանդվում է «Մաթեմատիկա» առարկան՝ նպատակ ունենալով օգնելու ավագ դպրոցում սովորող աշակերտներին՝ առանց հավելյալ վճարի նախապատրաստվելու նշյալ առարկայի ավարտական/միասնական քննությանը:
Հավելենք, որ կրթաթոշակի համար դիմող ուսանողները, ներկայացնելով, թե ինչպես են ուսումն ու իրենց հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը, հնարավորություն են ստանում հետագայում կյանքի կոչելու ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը: