- Գլխավոր
- Նորություններ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Քրիստինե Ալագուլյանն արժանացավ ԵՊՀ արծաթե մեդալի
Սեպտեմբեր 26, 2025 | 17:23
Կրթություն
Հասարակություն
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Քրիստինե Ալագուլյանն արժանացավ ԵՊՀ արծաթե մեդալի
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ակտիվ մասնակցության և բարեխիղճ աշխատանքի համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դասախոս, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» միջոցառմանը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ակտիվ ներգրավվածության մասին, ընդգծեց Քրիստինե Ալագուլյանի անգնահատելի աշխատանքի կարևորությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ միջոցառման լուսաբանման աշխատանքները կազմակերպելու և համակարգելու գործում։
«Արդեն երրորդ տարին անընդմեջ մեծ ջանքերով ու ակտիվ աշխատանքների շնորհիվ հաջողությամբ կայանում է «ԲանՈՒԳործ» էքսպոն, սակայն այս տարի այն անցկացվեց է՛լ ավելի լայն մասշտաբով։ Կարծում եմ՝ սա կարևոր փորձառություն էր նաև կազմակերպական աշխատանքներում ներգրավված ուսանողների, հատկապես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար․ միջոցառման հաղորդավարները, ուղիղ եթերով հարցազրույցներ անցկացնողները հենց նրանք էին։ Թե՛ նրանց խոսքը, թե՛ կեցվածքը, թե՛ կատարած աշխատանքը վկայում են նրանց պատրաստվածության բարձր մակարդակի մասին, ուստի նրանց արդեն կարելի է համարել կայացած լրագրողներ։ Իսկ այս ամենը բարձր որակով և ընդգծված արհեստավարժությամբ իրագործվեց Քրիստինե Ալագուլյանի ղեկավարությամբ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ իր հերթին արժևորեց Քրիստինե Ալագուլյանի դերակատարումը ֆակուլտետում. «Անժխտելի է, որ Քրիստինե Ալագուլյանի ներկայությունը ֆակուլտետում կարևոր անհրաժեշտություն է, և նրա շնորհիվ, կարելի է ասել, ձևավորվում է յուրօրինակ մթնոլորտ ու միջավայր։ Նա որքան պրոֆեսիոնալ է որպես հեռուստատեսային դեմք, նույնքան էլ պրոֆեսիոնալ է որպես դասախոս լսարանում, և այս ամենի ամենաակնառու ցուցիչը ուսանողների վերաբերմունքն է նրա հանդեպ»,- նշեց Ն. Մարտիրոսյանը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դասախոս Քրիստինե Ալագուլյանը, շնորհակալություն հայտնելով նման գնահատանքի համար, ասաց. «Իմ կարծիքով՝ չկա աշխատանքի մեկ այլ արդյունավետ ձև, քան համատեղ աշխատանքը։ Բոլորիդ աջակցությունը շատ մեծ էր այս հաջողված նախաձեռնության մեջ»։