- Главная
- Node
- ԵՊՀ-ն ամփոփել է մասնակցությունը «T4GREEN» ծրագրին
Октября 10, 2025 | 15:48
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ամփոփել է մասնակցությունը «T4GREEN» ծրագրին
Երևանի պետական համալսարանը հաջողությամբ ամփոփել է իր մասնակցությունը «Erasmus+ Capacity Building»՝ «T4GREEN» ծրագրին, որի նպատակն է Հայաստանում և Մոլդովայում վերափոխել ուսուցչական կրթությունը՝ այն դարձնելով ժամանակակից, մրցունակ և համահունչ «կանաչ» ու թվային անցման պահանջներին։

«T4GREEN» («Transforming Teacher Education for Green and Digital Transition in Armenia and Moldova») ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին՝ միավորելով Հայաստանի և Մոլդովայի առաջատար համալսարանները, կրթական կազմակերպությունները, նախարարությունները, ինչպես նաև եվրոպական գործընկերներին Պորտուգալիայից, Չեխիայից և Իսպանիայից։ Այս համագործակցությունը հնարավորություն է տվել համադրելու ազգային առանձնահատկությունները եվրոպական փորձի հետ և մշակելու ուսուցչական կրթության նոր մոդելներ, որոնք ուղղված են ուսուցիչների նոր սերնդի պատրաստմանը։
Երևանի պետական համալսարանի մասնակցությունն ու նախաձեռնությունները
Ծրագրի տարբեր փուլերում ԵՊՀ թիմը մասնակցել է միջազգային հանդիպումների և վերապատրաստումների։ 2024 թվականի սեպտեմբերին Պորտուգալիայի Կովիլհա քաղաքում համալսարանականները ներկայացրել են Հայաստանի և Մոլդովայի կրթական համակարգերի համեմատական վերլուծությունը և քննարկել ուսուցչական կրթության հիմնախնդիրները։
Նույն տարվա դեկտեմբերին Չեխիայի Բռնո քաղաքում ուսումնասիրվել են ներառական կրթության, թվային գործիքների և «կանաչ» անցման եվրոպական փորձերը։
2025-ի հունիսին Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում քննարկվել են STEM-ի, օտար լեզուների և կրթական չափորոշիչների բարեփոխումները՝ համադրելով հայկական և մոլդովական փորձը եվրոպական լավագույն մոդելների հետ։
ԵՊՀ-ն ծրագրի ընթացքում կատարել է մի շարք բարեփոխումներ։ Վերանայվել են առարկայական ծրագրերը և դրանց նկարագրիչները՝ ներառելով թվային տեխնոլոգիաների և միջառարկայական մոտեցումների բաղադրիչներ։ Դասավանդման գործընթացում ներդրվել են ինտերակտիվ և նախագծահենք մեթոդներ, կազմակերպվել են դասախոսների վերապատրաստումներ՝ ուղղված թվային գործիքների կիրառմանը և «կանաչ» օրակարգի ինտեգրմանը։ Բացի դրանից՝ ԵՊՀ կրթական ծրագրերը համեմատվել են եվրոպական առաջատար համալսարանների փորձի հետ՝ լավագույն լուծումները ներմուծելու նպատակով։
Նոր մոդելներ և ձևավորված մոտեցումներ
«T4GREEN»-ի շրջանակում ԵՊՀ-ում ձևավորվել են ուսուցման նոր ուղղություններ և մոդելներ։ Դրանցից մեկը «կանաչ» դասավանդումն է, որը նախատեսում է բնապահպանական և կայուն զարգացման սկզբունքների ինտեգրում կրթական գործընթացում։ Մյուսը թվային ուսուցումն է, որի շրջանակում դասավանդման մեջ ներգրավվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ արհեստական բանականություն, մեծ տվյալների վերլուծություն, GIS, ինչպես նաև AR/VR լուծումներ։ Զարգացվել են նաև միջառարկայական կապերը, որոնք միավորում են կենսաբանությունը, էկոլոգիան, տեխնոլոգիաներն ու ինֆորմատիկան՝ ստեղծելով միավորված կրթական միջավայր։
Հեռանկարներ և հաջորդ քայլեր
ԵՊՀ-ն նախատեսում է շարունակել ուսուցչական կրթության բարեփոխումները՝ հիմնվելով «T4GREEN» ծրագրի ընթացքում կուտակված փորձի վրա։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դասախոսների նոր վերապատրաստումներ՝ ուղղված թվային գործիքների և կայուն զարգացման բաղադրիչների ինտեգրմանը, վերանայել առարկայական նկարագրիչները՝ դրանք համահունչ դարձնելով եվրոպական չափանիշներին, ընդլայնել լաբորատոր և կիրառական աշխատանքները, ինչպես նաև խթանել ուսանողների ներգրավվածությունը միջազգային կրթական միջավայրում։
«T4GREEN» ծրագրին մասնակցությունը դարձավ նշանակալից քայլ ԵՊՀ-ի համար՝ ուսուցչական կրթությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Ծրագրի ընթացքում կատարված փորձարարական վերանայումներն ու նոր դասընթացները ցույց տվեցին, որ ԵՊՀ կրթական համակարգը պատրաստ է նորարարական փոփոխությունների։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ «T4GREEN» ծրագրին մասնակցությունը դարձել է բացառիկ մասնագիտական փորձառություն և զարգացման հնարավորություն։ Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները և թվային ու «կանաչ» օրակարգերի վերաբերյալ հմտությունները հնարավորություն են տվել վերանայելու դասավանդման բովանդակությունն ու ձևաչափը՝ ներառելով նախագծային ուսուցում, թվային գործիքներ և միջառարկայական համագործակցություն։ Լ․ Սարգսյանն ընդգծեց, որ այս փորձը ոչ միայն նպաստել է իր մասնագիտական աճին, այլև դարձել է ամբիոնի ընդհանուր զարգացման շարժիչ ուժը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի գնահատմամբ՝ «T4GREEN» ծրագիրը բացառիկ հնարավորություն էր հասկանալու և կիրառելու այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է համատեղել «կանաչ» և թվային փոխակերպումները ուսուցչական կրթության մեջ։ Ըստ նրա՝ ծրագրին մասնակցությունը խորացրել է իր պատկերացումները այն մասին, թե ինչպես կարելի է համադրել կենսաբանությունը, տեխնոլոգիան, ֆիզիկան և քիմիան միասնական ինտեգրատիվ ուսումնական մոդելում և ուսանողին դարձնել ոչ թե պարզապես տեղեկություն ստացող, այլ վերլուծող ու լուծումներ ստեղծող մասնագետ։
ԵՊՀ ներկայացուցիչները համոզված են՝ ծրագրի հաջող իրականացումն ապացուցեց, որ կրթական բարեփոխումների հաջողությունը մեծապես կախված է հենց ուսուցչի պատրաստակամությունից՝ լինել փոփոխության շարժիչ ուժը։
«T4GREEN»-ը ԵՊՀ-ում ձևավորեց այդ մոտեցումը՝ դարձնելով դասախոսներին ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև նորարարությունը խթանող մասնագետներ։