- Главная
- Node
- «Եվրոպական միությունը երիտասարդների համար»․ ԵՊՀ-ում կայացավ հանդիպում-քննարկում Վասիլիս Մարագոսի հետ
Октября 24, 2025 | 14:50
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Եվրոպական միությունը երիտասարդների համար»․ ԵՊՀ-ում կայացավ հանդիպում-քննարկում Վասիլիս Մարագոսի հետ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Եվրոպական միությունը երիտասարդների համար» խորագրով հանդիպում-քննարկում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Հանդիպման շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ԵՄ դեսպանին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և քննարկելու տարբեր թեմաներ՝ խոսելով այն մասին, ինչը միավորում է երիտասարդությանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ԵՄ-ի հետ գործակցությունը և այդ գործակցության շրջանակում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները, ասաց․ «Այսօրվա հանդիպումը ԵՄ-ի հետ համագործակցությամբ անցկացվող միջոցառումների շարքի հերթականն է։ Վստահ եմ, որ մեր ուսանողները ԵՄ դեսպանի հետ այս քննարկմանը ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու կտեղեկանան տարաբնույթ ծրագրերի մասնակցելու հնարավորությունների մասին»։
Այս համատեքստում ԵՊՀ ռեկտորն ընդգծեց ԵՄ տարբեր ծրագրերի, հատկապես «Էրազմուս+»-ի շրջանակում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերը, որոնք մի շարք հնարավորություններ են ընձեռում ոչ միայն ուսանողներին՝ սովորելու արտերկրում, ծանոթանալու տարբեր երկրների մշակութային կյանքին, հաստատելու ընկերական ու գործակցային նոր կապեր, այլև դասախոսներին՝ օտարերկրյա համալսարաններում դասավանդելու և ընդլայնելու գործընկերների հետ գիտական կապերը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով «Եվրոպական միությունը երիտասարդների համար» ծրագրից, նշեց, որ այն երիտասարդների համար կազմակերպվող բազում ծրագրերից մեկն է։
«Երիտասարդների համար նախատեսված ԵՄ ծրագրերը նպատակ ունեն խթանելու նրանց մասնագիտական զարգացումը, ձևավորելու հարթակներ՝ տարբեր երկրների ուսանողների միջև գիտակրթական շփում ապահովելու համար։ Լինելով այսօրինակ ծրագրերի նախաձեռնողներից մեկը՝ ինձ համար հաճելի է տեսնել ծրագրի լավ արդյունքները և այն, թե որքան է մարդկանց կյանքը փոխվել դեպի լավը»,- ընդգծեց նա։
Մինչ ուսանողների հարցերին պատասխանելը՝ Վասիլիս Մարագոսն ընդգծեց երկու կարևոր միտք․ «Նախ՝ շատ կարևոր է ձեր ուսումնառության ժամանակը։ Անհրաժեշտ է գնահատել սովորելու համար հատկացված այս ժամանակաշրջանը, քանի որ լավ սովորելով դուք ապահովում եք ձեր լավ ապագան։ Երկրորդ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք բավականին ամրապնդվել և ընդլայնվել են բազմաթիվ ծրագրերի շնորհիվ»։
Հանդիպմանը առաջին հարցերը դեսպանին ուղղեց Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցի ներկայացուցիչ Սյուզի Թադևոսյանը, այնուհետև դեսպանը պատասխանեց նաև մասնակից ուսանողների հարցերին՝ տալով սպառիչ և ուսուցողական պատասխաններ։
«Օգտվե՛ք ձեր կյանքի այս փուլից, մի՛ կորցրեք ձեր ժամանակը՝ կրթվելու, զարգանալու, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու։ Եղե՛ք հետաքրքրասեր, լսե՛ք ուրիշների խորհուրդները, և ինքնե՛րդ պլանավորեք ձեր ապագան»,- ամփոփեց Վասիլիս Մարագոսը։









