- Գլխավոր
- Նորություններ
- Բրիտանական թանգարանի տեղեկագրի անդրադարձը ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպված ցուցադրությանը
Հոկտեմբեր 24, 2025 | 16:32
Թանգարան
Հետազոտություն
Մրցույթներ
Բրիտանական թանգարանի տեղեկագրի անդրադարձը ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպված ցուցադրությանը
Բրիտանական թանգարանի տեղեկագրում պարբերաբար լուսաբանվում են թանգարանի վերապատրաստումներին մասնակից ուսանողների ծավալած գործունեությունը, գրանցած հաջողություններն ու առաջընթացը, որոնք նաև թանգարանի վերապատրաստումների արդյունավետության վկայությունն են:
2024 թվականին ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» վերտառությամբ հետազոտական նախագիծ-ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համագործակցությամբ: Այն ներառում էր 5 դասախոսություն (որոնցից մեկն ուղեկցվել է ֆիլմի դիտումով) և վեցամսյա մեկ ցուցադրություն:
Միջազգային դրամաշնորհի շրջանակում ցուցադրությունը ԵՊՀ թանգարանում կազմակերպվում էր առաջին անգամ: Ցուցադրության առանձնահատկությունը նաև այն էր, որ վերջինս ներառում էր մատչելի, շոշափելի տարածքներ, ինչպիսիք էին, օրինակ, 1960-ականների սրճարանի և հյուրասենյակի անկյունների վերստեղծումը, հիպիների հագուստի ցուցադրությունը, արգելված և «սամիզդատ» գրքերով գրապահարանը, ռադիոհաղորդիչը և այլն: Ցուցանմուշներին կարելի էր ձեռք տալ, շոշափել, նստել աթոռին, «սելֆի» անել: Ցուցանմուշներով վերստեղծված դարաշրջանի իրականությանն առնչակից լինելով մոտիկից՝ թանգարանի այցելուները, հատկապես ուսանողները դրանով իսկ բուն ցուցադրության մաս կազմեցին:
ԵՊՀ պատմության թանգարանի առաջին դրամաշնորհային և միջազգային համագործակցային նախաձեռնությանն անդրադարձել է Բրիտանական թանգարանն իր տեղեկագրում, որն այս տարի կրում էր «Մի մոռացիր ձեռք տալ» խորագիրը: ԵՊՀ պատմության թանգարանի ցուցադրությունն ամբողջությամբ համապատասխանում էր այդ տրամաբանությանը:
Թանգարանի տնօրենը, իր խոսքում ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում, նշեց, որ առաջիկայում իրենց ռազմավարական ծրագրերում նախատեսելու են նյութերի հասանելիություն բոլորի, այդ թվում՝ տեսողական, հենաշարժողական և ֆիզիկական այլ սահմանափակում ունեցող ուսանողների համար:
Թանգարանն այդպիսով կդադարի առարկաների լոկ ցուցադրության տարածք լինելուց՝ վերածվելով ինտերակտիվ կրթության և հետազոտության արդյունավետ միջոցի:
Ժամանակակից թանգարանագիտության մեջ այցելուի և ցուցադրվող առարկաների միջև կենդանի կապ ապահովելու միտում կա (այդ նպատակով ցուցադրվող բնօրինակները հաճախ փոխարինվում են կրկնօրինակներով): Այդ միտումներին և փոփոխություններին համընթաց է փորձում շարժվել նաև ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը, որի գործունեությունը միտված է նպաստելու համալսարանի կրթական ներուժի զարգացմանը, կրթահետազոտական առաքելության իրագործմանն ու արժևորմանը:
Իսկ մինչ այդ…
ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ 2022 թվականին է դիմել Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրին և ֆելոուշիփի հնարավորություն ստացել:
Ստանձնելով ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը՝ Տ. Սարոյանը որոշեց մասնագիտական տիրույթում հանդես գալ հետաքրքիր նախաձեռնությամբ: 2024 թվականին լրանում էր ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի 64-ամյակը, ինչն էլ հիմք հանդիսացավ մասնագիտական տիրույթում նախաձեռնություններով հանդես գալու (գիտական հետազոտություն, ֆոնդերի ուսումնասիրություն, հաշվետու ցուցադրություն), ի թիվս որոնց՝ նաև միջազգային դրամաշնորհի դիմում: