- Главная
- Node
- Գիտության կեսդարյա ուղի․ աշխատաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված պատմաբան Հայրապետ Մարգարյանին
Ноября 28, 2025 | 15:15
Կրթություն
Հասարակություն
Գիտության կեսդարյա ուղի․ աշխատաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված պատմաբան Հայրապետ Մարգարյանին
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատաժողով, որը նվիրված էր պատմաբան, պ․գ․դ, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի ծննդյան 75-ամյակին և նրա գիտական գործունեության 50-ամյակին։ Միջոցառումը միավորել էր պատմագիտության ոլորտի մասնագետներին և երիտասարդ հետազոտողներին, ուսանողներին, որոնք վերարժևորեցին և վերաիմաստավորեցին պրոֆեսորի գիտական ավանդը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսները, ուսանողները և, առհասարակ, աշխատաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ պատմաբան Հայրապետ Մարգարյանի աշխատությունները նշանակալից ազդեցություն են ունեցել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային պատմագիտության զարգացման վրա։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը նշեց, որ Հ. Մարգարյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նորովի է ընկալվում այն մեծածավալ գործը, որ պրոֆեսորը կատարել է և՛ որպես գիտնական, և՛ որպես դասախոս, և՛ որպես կրթական գործիչ։ Նա շեշտեց՝ մեծ պատիվ է գնահատել այն մարդու վաստակը, որը, ցավալիորեն, մեր դասական հայագիտության, վրացագիտության և կովկասագիտության «վերջին մոհիկաններից» էր։
«Հայրապետ Մարգարյանը խորապես ուսումնասիրել է Վրաստանը, այն ամենը, ինչ վերաբերում է Վրաստանին ու տարածաշրջանին․ շատ վրացիներ կցանկանային այդքան տեղեկություններ իմանալ։ Նրա սիրած տեղը գրադարանն էր, սիրելի զբաղմունքը՝ գրքեր կարդալը, ուսումնասիրելը»,- նշեց դեկանը՝ կարևորելով աշխատաժողովի անցկացումը փորձառու, սակայն արդեն երջանկահիշատակ մասնագետի մասին խոսելու և նրա կատարած աշխատանքները հանրայնացնելու անհրաժեշտությունը։
Պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի ծննդյան 75-ամյակի և գիտական գործունեության 50-ամյակի կապակցությամբ նրա մի շարք կարևոր գիտական հոդվածներ թարգմանվել և հրապարակվել են անգլերենով՝ միջազգային գիտական հանրությանը հասանելի դարձնելու նպատակով։ Գրքում տեղ գտած ուսումնասիրություններն անդրադառնում են Անդրկովկասի պատմության մի շարք բարդ ու բազմաշերտ հարցերի։ Ներկայացված հոդվածներում քննարկվում են Հայաստանի և Վրաստանի պատմությանը, պատմագրության, էթնոազգային ինքնությանը և հասարակական կյանքի խնդիրներին վերաբերող հարցեր։
«Կարևորելով մեծ գիտնականի հոդվածները՝ ընտրության կարգով անգլերեն է թարգմանվել (թարգմանիչ՝ Գևորգ Հարությունյան, կազմողներ՝ Էդուարդ Զոհրաբյան, Լիլիթ Մելիքյան, Բաբկեն Ղազարյան) չորս հոդված, որոնք զետեղված են մեկ գրքում։ Կարծում եմ՝ դրանք այնքան արժեքավոր են, որ անհրաժեշտություն կա այդ գիտական աշխատանքները ընթերցողներին ներկայացնելու նաև այլ լեզվով։ Ըստ իս՝ սա շատ օգտակար կլինի հետագայում Հայրապետ Մարգարյանի գիտական ժառանգությունը արժևորելու ու գնահատելու տեսանկյունից, ինչպես նաև Զաքարյաններին նվիրված ուսումնասիրությունը ավելի ամբողջական ներկայացնելու առումով»,– ասաց ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, վրացագիտության կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներն անդրադարձան Հ․ Մարգարյանի գիտական ուղուն՝ ներկայացնելով նրա կատարած ուսումնասիրությունները պատմական մտածողության ձևավորման, ինչպես նաև հարակից երկրների պատմական ժառանգության ուսումնասիրության ոլորտներում։ Քննարկվեցին նաև այն նոր մոտեցումները, որոնք պրոֆեսորը ձևավորել է հայ պատմագրության մեջ՝ նպաստելով պատմական գործընթացների ավելի բազմակողմանի վերլուծությանը։
Աշխատաժողովի ընթացքում ոլորտի մասնագետները հանդես եկան մի շարք հետաքրքիր և բազմաբովանդակ զեկուցումներով՝ «Զաքարյանների տան պատմության լուսաբանումը Հ. Մարգարյանի գիտական հետազոտություններում», «Հայ դիվանագիտական պատմության հարցերը Հ. Մարգարյանի աշխատություններում», «Հուշեր Հ. Մարգարյանի գիտական գործունեության մասին», «Կեչառիսի վանքի ԺԳ դարի գաւիթում Փրկչի եզակի որմնանկարի բնորդը կարող էր լինել Խաչէնի իշխան Հասան Ջալալը», «Շանշյան/Մարտիրոսաշվիլի տոհմի գործունեությունը Վրաստանում XVI դարում (տոհմագրություն, գործունեության ընդհանուր գծեր, դավանական կողմնորոշում)։




