- Главная
- Node
- ԵՊՀ ասպիրանտի հետազոտությունը` ուղղված խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսի վրա ազդող ապտամերների հայտնաբերմանը
Декабря 08, 2025 | 13:00
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
ԵՊՀ ասպիրանտի հետազոտությունը` ուղղված խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսի վրա ազդող ապտամերների հայտնաբերմանը
Խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսը աշխարհում վերացնում է միլիոնավոր խոզերի և լուրջ վտանգ է ներկայացնում անասնապահության ու տնտեսության համար: Այս խնդիրը բարձրաձայնում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ իր ուսումնասիրության շրջանակում է հակավիրուսային ազդեցությամբ օժտված ճիշտ ապտամերների (արհեստական ԴՆԹ-ի հաջորդականություններ) հայտնաբերումը:
ԵՊՀ ասպիրանտի խոսքով՝ ապտամերները Հայաստանում ներդրվում և ուսումնասիրվում են առաջին անգամ։
«Ապտամերը արհեստական ԴՆԹ-ի հաջորդականությունն է, որը կարող է ազդել մարդու կամ կենդանու ԴՆԹ-ի վրա: Այսինքն՝ ապտամերները սինթեզվում են արհեստական կամ քիմիական ճանապարհով և բնության մեջ չհանդիպող ԴՆԹ-ի հաջորդականություններ են, որոնք կարող են քիմիական կապի մեջ մտնել տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ ու արգելակել վտանգավոր հարուցիչների գործունեությունը»,- նշեց Հովհաննես Իգիթյանն ու հավելեց, որ ապտամերները կարելի է օգտագործել որպես դեղամիջոց:
Նա ընդգծեց, որ ապտամերներով ազդում են բջիջները, որ տեսնեն՝ այդ բջիջներում գենաթունային և բջջաթունային ազդեցություններ արտահայտվո՞ւմ են, թե՞ ոչ։
«Բջջաթունային ազդեցությունը դադարեցնում է բջջի կյանքը, իսկ գենաթունայինն առաջացնում է ցանկացած տեսակի վնասվածք բջջի մեջ գտնվող գենոմում՝ ԴՆԹ-ում»,- փաստեց նա:
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայում կատարվում է գենաթունային ազդեցության գնահատում. ուսումնասիրվում է, թե որքանով է ապտամերն անվտանգ օրգանիզմի համար, այսինքն՝ թիրախին միանալու դեպքում ունի՞ ԴՆԹ-ի վնասվածքների մակարդակի աճը խթանող կողմնակի վտանգավոր ազդեցություն, թե՞ ոչ:
Բջջաթունային ազդեցությունը գնահատվում է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայում, որտեղ թեստավորվելու է ապտամերների հակավիրուսային ազդեցությունը, քանի որ այն ունի հակավիրուսային ազդեցություն։
«Այդ ապտամերները արգելակում են աֆրիկյան ժանտախտի վիրուսի հարուցիչը՝ միանալով EGFR ռեցեպտորին: Դրա միջոցով աֆրիկյան ժանտախտի վիրուսը մուտք է գործում բջիջ, իսկ եթե այդ ռեցեպտորը ապտամերի միջոցով արգելափակվի, ապա վիրուսը չի կարողանա մուտք գործել բջիջ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ ապտամերների թեստավորմամբ ակնկալվում է ստանալ այնպիսի արդյունք, որը կսահմանափակի վիրուսի մուտքի հնարավորությունը դեպի բջիջ՝ միաժամանակ անվտանգ լինելով օրգանիզմի համար, քանի որ գնահատվում են և՛ գենոտոքսիկ, և՛ բջջաթունային ազդեցությունները:
Հետազոտության շրջանակում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան համագործակցում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ինստիտուտի, Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի հետ:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթում Հովհաննես Իգիթյանի ներկայացրած «Նոր ապտամերներ՝ որպես խոզի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ հակավիրուսային, գենաթունային և բջջաթունային պոտենցիալ միջոցներ» վերտառությամբ գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման:


