- Գլխավոր
- Նորություններ
- Համագործակցության հուշագիր՝ ուղղված ակադեմիական փոխանակումների խթանմանը
Դեկտեմբեր 08, 2025 | 16:21
Գործընկերներ
Կրթություն
Համագործակցության հուշագիր՝ ուղղված ակադեմիական փոխանակումների խթանմանը
«Մաքս Վեբեր» հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղը և Երևանի պետական համալսարանը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու գիտական համագործակցությունը և ստեղծելու նոր հնարավորություններ ակադեմիական փոխանակումների համար։ Այդ նպատակով կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը կդառնա ապագա ծրագրերի և հեռանկարային նախաձեռնությունների զարգացման հիմք։
Հուշագիրը միտված է խթանելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտական և կրթական գործունեությունը ինչպես գիտնականների, այնպես էլ ուսանողների մասնակցությամբ։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է պատմաբանների և արխիվագետների մասնագիտական փոխանակումների խթանում՝ դասախոսությունների, կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների և ակադեմիական այլ միջոցառումների միջոցով։ Կողմերը նաև համատեղելու են տեղեկատվական ռեսուրսները՝ փոխանակելով համապատասխան հրապարակումներ և այլ նյութեր այն ոլորտներում, որոնք հետաքրքրում են երկու հաստատություններին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով գործընկերների հետ կնքվող հուշագրերի և համագործակցությունների մասին, նշեց, որ ԵՊՀ-ն գործակցում է տարբեր երկրների և ակադեմիական հաստատությունների հետ ինչպես «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և դասախոսների փոխանակման, այնպես էլ հետազոտական և կրթական առանձին նախագծերի իրականացման նպատակով։
«Այս համագործակցությունները նպաստում են ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների միջազգային փորձի ընդլայնմանը և հնարավորություն են ստեղծում զարգացնելու համագործակցությունը պատմության և տարածաշրջանային հետազոտությունների ոլորտներում, ինչը կնպաստի նոր նախագծերի ստեղծմանը, գիտական կապերի ամրապնդմանը և հետազոտական գործունեության երկարաժամկետ զարգացմանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
«Մաքս Վեբեր» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի ցանցի փոխտնօրեն Մորից Ֆլորինը, որը նաև հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի ղեկավարն է, շեշտեց․ «Ինչպես գիտեք, մենք մասնաճյուղ ունենք Թբիլիսիում և մեծապես հետաքրքրված ենք հայաստանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկար ունենալով՝ նախատեսում ենք միջոցառումներ կազմակերպել նաև Հայաստանում։ Գործընկեր հաստատությունների հետ համագործակցությունը մեզ համար կարևոր է, ուստի կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է մեզ համար՝ զարգացնելու տարածաշրջանային պատմության ուսումնասիրությունը»։
Կարևորելով հուշագրի կնքումը՝ Մորից Ֆլորինը մատնանշեց, որ այն ակադեմիական հաստատություններին հնարավորություն է ընձեռում ձևավորելու մշտական և արդյունավետ համագործակցություն, խթանելու գիտնականների և ուսանողների փոխանակումները, ինչպես նաև աջակցելու հետազոտական ու կրթական համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը։
Նշենք, որ «Մաքս Վեբեր» հիմնադրամը պարբերաբար հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ՝ Գերմանիայում գիտաժողովների, աշխատաժողովների և ուսումնազրույցների մասնակցելու համար։ Այս միջոցառումները հնարավորություն են տալիս հայ և օտարերկրյա գիտնականներին ստանալու ֆինանսական աջակցություն իրենց հետազոտական և ակադեմիական ծրագրերի իրականացման համար։



