Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնն առաջարկում է բակալավրիատի եռամյա և մագիստրատուրայի երկամյա կրթական ծրագրեր «Պատմաբանություն» մասնագիտությամբ (հայագիտության ուղղությամբ)։
Ուսուցման լեզուն անգլերենն է։
Ծրագիրն առաջարկում է միջառարկայական ուսուցում պատմության ոլորտում՝ համաշխարհային և հայկական հեռանկարների հատուկ ուղղվածությամբ՝ նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական մի շարք ուղիների, այդ թվում՝ կառավարության, միջազգային հարաբերությունների, ակադեմիական աշխատանքի, կրթության, իրավունքի, գրադարանավարության և արխիվային աշխատանքի համար: Միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդմամբ ուսանողները հնարավորություն կունենան բարելավելու արևելահայերենի, արևմտահայերենի և գրաբարի իմացությունը, ինչպես նաև մասնագիտանալու ազգային և անդրազգային պատմագրության, սոցիալական մարդաբանության, գրականության, թարգմանության, սփյուռքագիտության և մի շարք այլ բնագավառներում։
Համաշխարհային պատմության դասընթացներն իրենց հերթին ուսանողներին հնարավորություն կտան մարդկության պատմությունը դիտարկելու որպես տնտեսական, մշակութային, քաղաքական և տեխնոլոգիական փոխկապակցվածության շարունակական գործընթաց: Միջառարկայական մոտեցման շնորհիվ ծրագիրը նպատակ ունի զարգացնելու հետազոտական հմտությունները, վերլուծական և քննադատական մտածողությունը, որոնք առանցքային դեր ունեն մասնագիտական վերոնշյալ բոլոր ուղիների համար:
Մանրամասները՝ այստեղ։