Պատկերասրահ
Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Միջազգային 2-րդ գիտաժողովին մասնակից բուհերն ու գիտական կառույցները ներկայացված էին լայն աշխարհագրությամբ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Հարվարդի, Սորբոնի, Բորնմութի, Ազորեի, Հռոմի Սապիենցա, Մաքմասթերի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Բարսելոնայի տնտեսագիտության, Հարվարդի բիզնես դպրոցների և բարձր վարկանիշ ունեցող այլ առաջատար բուհերի ու հետազոտական կենտրոնների ավելի քան 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Գիտաժողովի ընթացքում թեմատիկ յոթ բաժանմունքներում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվեցին ավելի քան 75 զեկուցումներ: Եռօրյա գիտական միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետներ: Գլխավոր խոսնակների թվում էին երկու Նոբելյան մրցանակակիրներ՝ ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Փոլ Կրուգմանը (2008 թ.) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն (2024 թ.), ինչպես նաև Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը:




























































