- Главная
- Node
- Սուրբ Սարգսի տոնը հայերի շրջանում․ պատմական ակունքներ և ժողովրդական ավանդույթներ
Января 31, 2026 | 10:46
Հասարակություն
Սուրբ Սարգսի տոնը հայերի շրջանում․ պատմական ակունքներ և ժողովրդական ավանդույթներ
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու շարժական տոներից Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 31-ին՝ զորավարի նահատակության օրը: Նախկինում մշտապես հունվարի 31-ին նշվող տոնն այսօր հայ եկեղեցու տոնացույցում նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը:
Սուրբ Սարգիսը համաքրիստոնեական սրբերի դասին պատկանող առասպելական կերպար է: Արդեն 5-րդ դարում Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը: Ըստ հռոմեական վարքագրության՝ սուրբ Սարգսին նվիրված հիշատակի օրը՝ որպես Կեսարացի սրբի տոն, նշվել է փետրվարի 24-ին, մինչդեռ հույներն այն տոնում են հունվարի 20-ին: Ի դեպ, սուրբ Սարգիս զորավարի պաշտամունքը տարածված էր հարևան ազգերի՝ պարսիկների, քրդերի, եզդիների մեջ ևս:
Հայկական լեռնաշխարհում սուրբ Սարգսի անունով կառուցվել են մոտ 220 սրբավայրեր՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, անվանակոչվել են բերդեր, գյուղեր, լեռներ, գետեր, աղբյուրներ, թաղամասեր, բլրակներ, ձմեռանոցներ, մենաստաններ:
Զորավարը
Ազգությամբ հույն Սարգիս զորավարն ապրել է 4-րդ դարում Կապադովկիայում՝ Կեսարիայի Գամիրք գավառում: Նրան նկարագրում են այսպես. «…Ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր… Իմաստուն ու հանճարեղ էր, ծանոթ բոլոր դատավորներին և իշխաններին: Նա զորական էր, և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ: Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում: Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը: Նա ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, սիրահոժար ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին և քրիստոնեություն քարոզում նաև իր գնդի զինվորներին: Ուժեղ և քաջարի զորավար լինելով՝ նա ոչ թե բռնությամբ էր թելադրում իր կամքը, այլ փորձում էր հնազանդությամբ ու գթասրտությամբ վերաբերվել իր զինվորներին ու նույնիսկ իր թշնամիներին»:
Ավանդազրույցը
Սուրբ Սարգիսն անվախ ու ազնիվ զորավար էր, որն օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին։ Նրա ճերմակ ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց՝ բուք ու բորան բարձրանում: Ժողովուրդը հավատում էր, որ սուրբը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Ձիով շրջելով լեռներում՝ օգնում էր նաև կարիքավոր ճանապարհորդներին։
Ավանդազրույցը պատմում է, որ Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջամարտիկների հետ 363 թվականին նահատակվում է հանուն քրիստոնեության։ Նահատակության վայրում՝ Դաղման քաղաքի մոտ, գլխատվելուց առաջ սուրբ Սարգիսը խնդրում է Աստծուն, որ իր անունով կատարված աղոթքներն ի կատար ածվեն:
Հավատացյալները սրբի և մյուս նահատակների մարմինները թաքուն ամփոփում են Համիան քաղաքում, որտեղից էլ Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան՝ Կարբի (Աշտարակի մոտ), և վանք հիմնում: Ապա սրբի մասունքներից զետեղում են խաչափայտի մեջ և ամփոփելով Գագ բլրի գագաթին՝ կառուցում Սուրբ Սարգիս եկեղեցին:
Տոնի սովորույթներից
Սուրբ Սարգսի հիշատակության օրը, որն անվանվում է նաև Երիտասարդների օրհնության օր, հայ ժողովրդի ամենասիրելի տոներից է:
Սրբին առնչվող տարածված ավանդույթներից մեկն այն է, որ նա երիտասարդ սիրահարների, ընտանիքների հովանավորն է: Ըստ այդմ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ էին ուտում երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում իրենց ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պղնձից կամ կավից՝ աղքատ։ Էական էր ջրի քանակությունը ևս. եթե բաժակը ջրով լի էր՝ շատ երկար կապրեին, եթե կիսատ էր՝ կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր՝ ընդամենը մի քանի տարի։
Սովորաբար աղաբլիթը թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը՝ օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։
Ընդունված էր նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինձ դնել և սպասել, որ սուրբ Սարգիսն իր ձիու պայտի հետքերը կթողնի այնտեղ։ Մեծ հաջողություն էր սպասվում այն մարդուն, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով կանցներ սուրբը:
Ճակատագիրը որոշելու հետ կապված մեկ այլ հավատալիքի համաձայն՝ առավոտյան պատանիներն ու աղջիկները բարձրանում էին երդիկների վրա, լավաշի մեջ փաթաթած խաշիլի կամ հացի կտորներ դնում և ուշադիր հետևում: Թռչունները դրանք որ ուղղությամբ տանեին, այդ կողմից էլ կլիներ ապագա կողակիցը: Եթե հացի փշրանքները տեղում էին կտցում, ապա դա նշան էր, որ ընդհանրապես չեն ամուսնանալու:
Սուրբն օգնում էր նրանց, ովքեր մշտապես աղոթում էին ու պաս պահում: Տարածված պատումներից էր (օրինակ՝ ակնեցիների մեջ) նաև սրբի՝ պաս պահողների նկատմամբ բարեգութ վերաբերմունքը և պատիժը՝ չպահողների նկատմամբ. «Ով իմ (սուրբ Սարգսի) հինգ օր ծոմ պահե, առնիմ աջիկ թևիս (կամ ճերմակ ձիուս) վրա, նետիմ կանաչ արտիս վրա: Ով իմ հինգ օր ծոմս չի պահե, առնիմ չոլախ (ձախ) թևիս վրա, նետիմ չորացած արտի վրա»:
Ըստ հայկական պատկերագրության՝ սուրբ Սարգիսը գործում է որդու` Մարտիրոսի հետ, մի հանգամանք, որը բացակայում է այլալեզու աղբյուրներում: Նա հաճախ ներկայացվում է վիշապի կամ որևէ այլ կենդանու նիզակահարելիս (որդու հետ կամ առանց նրա):
Սուրբ Սարգսին տրվող անվանումներից
«Արագահա՛ս սուրբ Սարգիս, դո՛ւ եղիր մեզ ապավեն և օգնական»
«Արագահաս», «բարեխոս», «շնորհատու», «մուրազատու» (փափագակատար) սուրբ Սարգիս զորավարը, Կիրակոս Գանձակեցու վկայության համաձայն, նաև նեղյալների, անարդար բանտարկվածների, գերիների հովանավորն է: Այդ իսկ պատճառով սուրբ Սարգիսն անվանվում է նաև «գերեհան» և «գերեհաս»: Նոր Նախիջևանի ժողովրդական աղոթքներում հանդիպում է նման մի աղոթք.
- Սո՛ւրբ Սարգիս, դուն հասնիս,-
Գիշեր ասի, դուս ելլա,
Մեկ զորավոր սուրբ տեսա,
Ասի, լացի, ոտն ինկա ասի.
- Հա՛յր սուրբ, անունդ ի՞նչ է:
- Իմ անունս՝ սուրբ Սարգիս,
Օրդուս անունը` սուրբ Մարտիրոս,
Ձիս կքալե ամպի վերան,
Անթաթար ծովի վերան:
Գնա՛ ասա գերիներուն,
Ազա՛տ անե իր արևուն:
Սուրբ Սարգսի կերպարը մեծ տեղ ունի հայկական միջնադարյան արվեստի գրեթե բոլոր ճյուղերում։ Նրա պատկերները հանդիպում են որմնանկարներում, մանրանկարներում, քանդակներում, խաչքարերի վրա, անգամ եկեղեցական վարագույրների զարդերում ու խեցեղենի մակերեսին: Այս ամենը վկայում է, որ Սարգիս զորավարը ստացել է հայկական ազգային սրբի նշանակություն:
Ըստ տարբեր աղբյուրների










