- Գլխավոր
- Նորություններ
- Տեխնոլոգիական նոր համալիրներ՝ ԵՊՀ-ում բջջային ազդանշանների և իմունոօնկոլոգիական հետազոտությունների համար
Հունվար 30, 2026 | 13:30
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Մրցույթներ
Տեխնոլոգիական նոր համալիրներ՝ ԵՊՀ-ում բջջային ազդանշանների և իմունոօնկոլոգիական հետազոտությունների համար
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը դարձել է երկու նախագծերի շահառու։ Առաջին նախագիծը վերաբերում է բջջային ազդանշանային ցանցերի ուսումնասիրմանը, իսկ երկրորդը՝ դեղակայունության և իմունոօնկոլոգիական հետազոտություններին։ Այս երկու նախագծերը ներկայացնում են տարբեր ռեագենտների, հակամարմինների, իմունային համակարգի բջիջների, քիմիական նյութերի հավաքածուների և հետազոտական մեթոդների ամբողջական համալիր, որն անհրաժեշտ է ախտաբանական գործընթացների խորքային ուսումնասիրության համար։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ. Նիկոլայ Ավթանդիլյանի խոսքով՝ նախագծերը հիմնարար նշանակություն ունեն ֆակուլտետի համար։
«Այս նախագծերի ուսումնական և գիտահետազոտական հատվածների շնորհիվ ձևավորվում է ամբողջական գործիքակազմ գիտական երկու նոր ուղղությունների՝ բջջային ամբողջական ազդանշանային ցանցերի ուսումնասիրման և դեղակայունության ու իմունոօնկոլոգիայի ոլորտի համար։ Բջջում և միջբջջային միջավայրում ընթացող գործընթացները կարելի է համեմատել տիեզերքում աստղային գալակտիկաների հետ․ այստեղ գործում են հազարավոր և միլիոնավոր սպիտակուցներ, թիրախներ և կարգավորող գործոններ, որոնք ապահովում են բջջի աճը, պրոլիֆերացիան, հաղորդակցությունը, մետաստազավորումը, դեղանյութերի ներթափանցումն ու տեղափոխումը։ Այս բոլոր սպիտակուցները ցանցի նման կապված են մեկը մյուսի հետ, և մեկ օղակի փոփոխությունը կարող է անկանխատեսելի ձևով ազդել մյուս օղակների վրա»,- ընդգծում է նա։
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման խմբի ղեկավար, կ․գ․թ․ Հայարփի Ջավրուշյանը այս նախագծերը համարում է ոչ թե պարզապես տեխնիկական համալրում, այլ ռազմավարական գիտական հարթակներ։ Նրա խոսքով՝ մոլեկուլային կենսաբանության և կենսաքիմիայի ժամանակակից մեթոդների կիրառմամբ հնարավոր է դառնում ուսումնասիրել այդ բարդ համակարգը ամբողջականության մեջ։
«Փաստացի այս նախագծերը կարելի է դիտարկել որպես լայնածավալ գիտական ծրագրեր՝ ռազմավարական հստակ նշանակությամբ։ Դրանք լաբորատորիայում «սնում» և զարգացնում են երկու նոր գիտական ուղղություններ՝ օգտագործելով արդեն առկա սարքավորումների ամբողջական ներուժը»,- նշում է Հայարփի Ջավրուշյանը։
Նոր համալիրները հնարավորություն են տալիս լիարժեք գործարկելու այն սարքավորումները, որոնք ձեռք են բերվել 2024 թվականին՝ իրական ժամանակում բջջային անալիզատորի ներդրման շրջանակում։ Այդ համակարգը արդեն գործում է և 2025 թվականի հունվարից օգտագործվում դրամաշնորհային տարբեր ծրագրերում։
Մինչև 20 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ համալիրները կլրացնեն այդ սարքավորումները՝ հնարավորություն տալով կատարելու բազմաթիրախային և բազմակողմանի հետազոտություններ հատկապես քաղցկեղի և շաքարային դիաբետի ախտաբանություններում։ Գործարկվելու են կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության առանցքային մեթոդները, առանց որոնց այսօր միջազգային մակարդակով մրցունակ գիտական գործունեությունը պարզապես անհնար է։
Մասնավորապես կիրականացվեն «Western blot» մեթոդով սպիտակուցների էքսպրեսիայի ուսումնասիրություններ, «PCR» մեթոդով գեների էքսպրեսիայի վերլուծություն, իմունոցիտոքիմիա՝ ներբջջային սպիտակուցների ֆլուորեսցենտ դիտարկման համար, իմունոհիստոքիմիա՝ հյուսվածքներում սպիտակուցների հայտնաբերման նպատակով։ Լաբորատորիան վստահ է, որ այս մեթոդների ներդրումը առնվազն առաջիկա 3-4 տարիներին կապահովի կայուն հետազոտական աշխատանք և նոր արդյունքների շարունակական ստացում։
Նիկոլայ Ավթանդիլյանի խոսքով՝ իրենց լաբորատորիան առաջիններից էր Հայաստանում, որը սկսեց ինսուլինային ազդանշանային համակարգերի ուսումնասիրությունը քաղցկեղի և շաքարային դիաբետի համատեքստում։ Սակայն նոր համալիրները հնարավորություն են տալիս դուրս գալու ազդանշանային մեկ ուղու սահմաններից և ուսումնասիրելու միաժամանակ մի քանի փոխկապակցված համակարգեր, որոնք առանցքային դեր ունեն բջջի աճի, ապոպտոզի, ինվազիայի, մետաստազավորման, օքսիդացիոն սթրեսի և էներգետիկ փոխանակության գործընթացներում։
«Այս մոտեցումը կիրառվում է աշխարհի սահմանափակ թվով լաբորատորիաներում, և մենք դառնում ենք այդ առաջատար ուղղության ակտիվ մասնակից»,- ասում է նա։
Դեղակայունության և իմունոօնկոլոգիայի ոլորտում նախատեսվում է ուսումնասիրել T-կիլեր բջիջները, լիմֆոցիտները և մակրոֆագերը, նրանց փոխազդեցությունը քաղցկեղային բջիջների, բակտերիաների և վիրուսակիր բջիջների հետ։ Կուսումնասիրվեն ավելի քան 40 թիրախներ իմունային ակտիվացման և ճնշման մեխանիզմների շրջանակում, ինչը Հայաստանում գրեթե չի կատարվում գիտական մակարդակով։
Հայարփի Ջավրուշյանի խոսքով՝ դրամաշնորհի շրջանալում լաբորատորիայում առաջին անգամ կկիրառվեն «CD8⁺ T»-քիլերբջիջներ, «THP-1» մակրոֆագային մոդելներ և «Jurkat T» բջջային գիծը, որոնք համարվում են իմունոօնկոլոգիական հետազոտությունների «ոսկե չափանիշի» գործիքներ։
«Այս բջիջների համակցված օգտագործումը հնարավորություն կտա միաժամանակ ուսումնասիրելու ադապտիվ և բնածին իմունային պատասխանները, ուռուցքային միկրոմիջավայրի կարգավորումը և իմունային բջիջների փոխազդեցությունները։ Սա մեզ դարձնում է այն սակավաթիվ գիտական խմբերից մեկը, որոնք կկատարեն խորացված և թիրախային իմունոօնկոլոգիական հետազոտություններ»,- ընդգծում է նա։
Նոր տեխնոլոգիաները արդեն ակտիվորեն կիրառվում են նաև ուսումնական գործընթացում։ Բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտներն իրենց հետազոտական աշխատանքներում օգտագործում են լաբորատորիայում ստացած տվյալները։ Նոր համալիրները հնարավորություն կտան ներկայացնելու արդիական թեմաներով և մեթոդներով թեզեր, որոնք նախկինում պարզապես հնարավոր չէր ներառել կրթական ծրագրերում։
Սկզբնական շրջանում մեթոդները պահանջում են մասնագետների վերապատրաստում, սակայն առաջիկա տարիներին դրանք լիարժեք կներառվեն ուսումնական և գիտահետազոտական գործընթացներում՝ էականորեն արդիականացնելով կրթական ծրագրերը։
Քաղցկեղի հետազոտությունների զարգացման տեսանկյունից լաբորատորիան աշխատում է ամբողջական մոտեցմամբ՝ բջջային և կենդանի մոդելների մակարդակով, որոնք առաջիկայում կլրացվեն նաև համակարգչային մոդելավորման մեթոդներով։ Նոր համալիրները հնարավորություն կտան խորապես ուսումնասիրելու քաղցկեղի զարգացման և բուժման մոլեկուլային մեխանիզմները, բացահայտելու զգայուն թիրախներ, ինչպես նաև ուսումնասիրելու դեղերի նկատմամբ դիմադրողականության մեխանիզմները՝ իմունային համակարգի ընկճումը, թաղանթային պոմպերի գործունեությունը, դեղերի արտահոսքը, T-բջիջների ֆունկցիոնալ հյուծումը և այլ գործընթացներ։
Լաբորատորիան արդեն ունի նախնական պայմանավորվածություններ ինչպես ներպետական, այնպես էլ արտասահմանյան գիտական խմբերի, մասնավորապես Գերմանիայի և Բելգիայի համալսարանների գործընկերների հետ։ Համագործակցությունները հիմնականում ուղղված են դեղաբաշխման և դեղակայունության հետազոտություններին։
Առաջիկայում թիմի հիմնական նպատակն է գաղափարից հասնել գիտական հոդվածի, տպագրվել բարձր ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր ամսագրերում, ստեղծել նոր համագործակցություններ, պատրաստել երիտասարդ կադրեր և հետազոտություններում ներգրավել ասպիրանտների ու երիտասարդ հետազոտողների։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում են մասնագետները, ծրագրերի առանցքային նպատակն է նաև գիտականորեն արժեքավոր, հիմնարար նոր գիտելիքի ստեղծումը՝ կենսաբանական և ախտաբանական գործընթացների խորքային ըմբռնման համար։
Նրանց համոզմամբ՝ միայն այսպիսի գիտական մոտեցումն է, որ կարող է երկարաժամկետ հեռանկարում ապահովել իրական առաջընթաց թե՛ կենսաբանության, թե՛ կենսաբժշկության ոլորտներում։
Տեղեկացնենք, որ նախագծերն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ-2025» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։