- Գլխավոր
- Նորություններ
- «Էրազմուս+» ծրագրի մեկ կիսամյակը՝ որպես մասնագիտական և անձնական փորձառություն
Հունիս 04, 2026 | 15:30
Կրթություն
Ուսանողական
«Էրազմուս+» ծրագրի մեկ կիսամյակը՝ որպես մասնագիտական և անձնական փորձառություն
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Անի Գասպարյանի համար արտերկրում ուսանելու հնարավորությունը դարձավ ոչ միայն ակադեմիական փորձ, այլև ինքնաճանաչման ու մասնագիտական կողմնորոշման կարևոր փուլ։ Մեկ կիսամյակով Ֆրանսիա մեկնելը՝ նոր դասերով, նոր կանոններով ու նոր միջավայրով, ԵՊՀ ուսանողի համար փոխեց սովորելու սովորական ձևը։
Բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Անի Գասպարյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարանում։ Ուսանողն ընդգծում է՝ փորձը եղել է հետաքրքրաշարժ և ուսանելի։
Անիի խոսքով՝ Ֆրանսիայում անցկացրած կիսամյակը հնարավորություն է տվել ծանոթանալու ոչ միայն երկրի մշակույթին, այլև կրթական նոր համակարգին ու մեթոդաբանությանը։ Նա նշում է, որ դասընթացների կազմակերպումը էապես տարբերվում էր ԵՊՀ կրթական համակարգից․ յուրաքանչյուր առարկայի դաս անցկացվում էր շաբաթական մեկ անգամ, իսկ ուսուցման ձևաչափը կենտրոնացած էր կոնկրետ թեմաների խորացված ուսումնասիրության վրա։
«Նոր գիտելիքներ ձեռք բերեցի Ֆրանսիայի մշակույթի և ակադեմիական միջավայրի վերաբերյալ․ փորձի փոխանակումը հնարավորություն տվեց ծանոթանալու և հարմարվելու արտերկրում կիրառվող ուսուցման մեթոդներին, ինձ արդեն հայտնի առարկաները դիտարկել նոր՝ այլ մոտեցումներով, ինչպես նաև առավել հեշտությամբ հարմարվելու կրթական փոփոխվող պայմաններին»,- նշում է նա։
Անիի դիտարկմամբ՝ ուսանող-դասախոս հարաբերությունները Ֆրանսիայում պրոֆեսիոնալ էին, իսկ ուսումնական գործընթացը՝ կանոնակարգված։
«Քննությունների կազմակերպման կարգը ևս տարբերվում էր․ ուսանողները պարտավոր էին ներկայանալ համալսարանական քարտով, իսկ առաջադրանքներն ու պահանջները, թեև երբեմն անսովոր, միևնույն է՝ հստակ և հաղթահարելի էին»,-պատմում է ուսանողը։
Ամենամեծ տարբերությունը, ըստ նրա, կրթական առօրյայի կառուցվածքն էր․ դասերի հաճախականությունն ու ուսումնառության ռիթմը սկզբում անսովոր էին։ Այդուհանդերձ, Անիի համար արտերկրում սովորելը միաժամանակ և՛ սպասելիք էր, և՛ մարտահրավեր՝ սովորական ակադեմիական միջավայրից դուրս գալու և նոր համակարգ փորձելու հնարավորություն։
Թեև նա նշում է, որ արտերկրում գտնվելը իրեն առանձնապես չի փոխել, այնուամենայնիվ փորձը համարում է անհրաժեշտ և արժեքավոր։
«Ռիսկի գնալը և արտերկրում սովորելը անգնահատելի փորձ է»,- մատնանշում է նա։
ԵՊՀ-ն, նրա խոսքով, մեծ դեր է ունեցել ինքնավստահության ձևավորման և դժվարությունների հաղթահարման հարցում։
- Անի՛, ի՞նչն եք կարևորում կրթության մեջ։
- Կրթության մեջ կարևորում եմ գիտելիքի կիրառելիությունը և այն մարդկանց, որոնք այն փոխանցում են։ ԵՊՀ-ն իմ հաջողություններում ունեցել է մեծ դեր, հատկապես՝ ինքնավստահության ձևավորման և դժվարությունները հաղթահարելու կարողության զարգացման հարցում։
- Ձեր կարծիքով՝ համալսարանը որքանո՞վ է պատրաստել Ձեզ իրական կյանքին։
- Կարծում եմ՝ համալսարանը մեծապես նպաստել է իմ պատրաստվածությանը իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու հարցում՝ ձևավորելով ավելի ինքնավստահ և ճկուն մոտեցում։
- Իսկ ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում համալսարանն ավարտելուց հետո։
- Դեռ վերջնական չեմ կողմնորոշվել, քանի որ ցանկանում եմ ուսումնասիրել տարբեր ոլորտներ՝ հասկանալու, թե որտեղ և ինչ ուղղությամբ եմ ցանկանում զարգանալ։
- Անի՛, ի՞նչ նպատակներ ունեք, արդյո՞ք ցանկանում եք շարունակել ուսումը։
- Նպատակ ունեմ բացահայտելու տարբեր ոլորտներ և հասկանալու՝ ինչ կուզենամ սովորել ու որտեղ զարգանալ հետագայում։
Ուսանողական տարիների ավարտին մոտենալով՝ Անի Գասպարյանն ամփոփում է իր ճանապարհը ԵՊՀ-ում, որտեղ Ֆրանսիայում անցկացրած կիսամյակն առանձնանում է որպես շրջադարձային կարևոր փուլ։ Մեկ կիսամյակը ԵՊՀ ուսանողի համար համադրեց ակադեմիական նոր մոտեցումները, մշակութային բացահայտումները և ինքնաճանաչման ընթացքը՝ ընդլայնելով նրա պատկերացումները կրթության և ապագա մասնագիտական ուղու վերաբերյալ։