- Գլխավոր
- Նորություններ
- Չինացի անվանի գիտնական Սուն Չժուանչժիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԵՊՀ
Հունիս 05, 2026 | 09:38
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Չինացի անվանի գիտնական Սուն Չժուանչժիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԵՊՀ
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգային հարաբերությունների ոլորտի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Սուն Չժուանչժիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակում Սուն Չժուանչժին հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Նրանք քննարկել են հայ-չինական ակադեմիական համագործակցության զարգացման հեռանկարները, գիտահետազոտական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները և բարձրագույն կրթության ոլորտում փորձի փոխանակման հարցերը։
Այնուհետև պրոֆեսոր Սուն Չժուանչժին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդիպել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով մասնագիտական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր։ Քննարկման առանցքում են եղել ժամանակակից աշխարհի վերափոխումները, միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, աշխարհաքաղաքական նոր իրողությունները, գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Չինաստանի դերակատարումը ձևավորվող միջազգային գործընթացներում։
Մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության, տնտեսական համագործակցության, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և պետությունների միջև գործակցության նոր ձևաչափերի վերաբերյալ։
Ձևավորելով կարևոր հարթակ գիտական և փորձագիտական երկխոսության համար՝ այս հանդիպումը հայ և չինացի մասնագետներին հնարավորություն ընձեռեց համադրելու միջազգային զարգացումների շուրջ իրենց մոտեցումներն ու գնահատականները։



