- Главная
- Node
- Գիտելիք, լեզուներ և միջազգային կապեր. ԵՊՀ ուսանող Տատյանա Դավթյանի կրթական փորձառությունն Իտալիայում
Января 26, 2026 | 12:13
Կրթություն
Ուսանողական
Գիտելիք, լեզուներ և միջազգային կապեր. ԵՊՀ ուսանող Տատյանա Դավթյանի կրթական փորձառությունն Իտալիայում
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Տատյանա Դավթյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Աքվիլայի համալսարանում (Իտալիա), որտեղ բացահայտել է նոր հնարավորություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացման համար։
«Ծրագրին մասնակցելն ինձ համար ոչ միայն մասնագիտական նվաճում էր, այլև մշակութային յուրօրինակ ճամփորդություն»,- ասում է Տատյանան։
Թվարկելով ծրագրի ընթացքում արձանագրած իր ձեռքբերումները՝ Տատյանան նշում է, որ արտերկրում գտնվելու ընթացքում սովորել է նոր լեզու, մասնակցել միջազգային սեմինարների և ծանոթացել Բոստոնի համալսարանի պրոֆեսորների հետ, որոնք ջերմորեն ընդունել և աջակցել են իրեն տարբեր հարցերում։
«Օրվա ընթացքում շատ էի այցելում գրադարան, որտեղ կատարում էի հետազոտություններ։ Բոլորը շատ ջերմ էին վերաբերվում ինձ և օգնում հարցերի դեպքում»,- նշում է նա։
Տատյանան ծրագրին դիմել է ոչ միայն մասնագիտական հմտությունների կատարելագործման, այլև նոր լեզու սովորելու նպատակով։ Ուսանողի խոսքով՝ միջմշակութային հաղորդակցության շրջանակում հանդիպած հիմնական մարտահրավերը հաղորդակցության լեզվի սահմանափակումներն էին, քանի որ ոչ բոլորն էին այնտեղ խոսում անգլերեն։
«Այս հանգամանքը ստիպեց ինձ արագ յուրացնել նոր լեզուն և ազատորեն շփվել տեղացիների հետ»,– պատմում է Տատյանան։
Կարևորելով ընկերական նոր կապերի հաստատումը՝ նա մատնանշում է, որ մինչ այժմ պահպանում է կապը Իտալիայի իր ընկերների հետ՝ հաճախ վերհիշելով իրենց անցած ճանապարհը։
«Անհավանական էր բացահայտել տարբեր ազգերի սովորույթները. սկզբում դրանք տարօրինակ էին թվում, բայց նաև շատ հետաքրքիր էին»,- հավելում է նա։
ԵՊՀ ուսանողի համար հաջողության հիմնասյուներն են ցանկությունը և նպատակասլացությունը։
«Եթե կա ցանկություն, ամեն ինչ հաղթահարելի է»,- ասում է նա։
Միջազգային կրթական այս փորձառությունը Տատյանային ոչ միայն նոր գիտելիքներ և հմտություններ է տվել, այլև վստահություն ու պատրաստվածություն՝ մասնագիտական և միջազգային ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։