Սան Պաուլոյի համալսարանը (Բրազիլիա) կազմակերպում է «Armenian Diaspora in Brazil: History, Culture and Human Rights» թեմայով կրթական առցանց դասընթաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Բրազիլիայում հայկական սփյուռքի ձևավորման գործընթացների համապարփակ ուսումնասիրությանը: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել միջառարկայական գիտելիքներ՝ պատմական, իրավական, մշակութային և ինքնության հետ կապված գործոնների վերլուծության միջոցով:
Դասընթացը բաղկացած է չորս բաժիններից՝ 16 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Այն կանցկացվի շաբաթ օրերին «Microsoft Teams» հարթակի միջոցով և առցանց, համաժամանակյա (սինխրոն) ձևաչափով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դասընթացը նախատեսված է ուսանողների, հետազոտողների և մասնագետների համար, որոնք հետաքրքրված են մարդու իրավունքներով, պատմությամբ, միջազգային հարաբերություններով, արտագաղթով (միգրացիա) և հավաքական հիշողությամբ: Այն միտված է նաև խթանելու ակադեմիական երկխոսությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև՝ ԵՊՀ ակադեմիական համայնքի ներգրավմամբ։
Մասնակցության վճարը ամբողջ խմբի համար կազմում է 1800 ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր ուսանողի համար վերջնական արժեքը կախված է գրանցված մասնակիցների ընդհանուր թվից)։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս.թ. փետրվարի 6-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների/դասախոսների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
անձնագրի պատճեն,
տեղեկանք՝ ԵՊՀ ուսանող/դասախոս լինելու վերաբերյալ: