- Главная
- Node
- ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանը
Март 20, 2026 | 15:18
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանը
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Րիզոն։ Այցի շրջանակում դեսպանը հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ ուղենշելու համագործակցության նոր հեռանկարներ, այնուհետև՝ ուսանողների հետ՝ բաց քննարկման ձևաչափով հանդիպմանը պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց համալսարանի և Իտալիայի բուհերի միջև ձևավորվող գործընկերության ընթացքը՝ հատկապես կարևորելով Միլանի (Իտալիա) համալսարանի հետ արդեն հաստատված կապերը։ Նրա խոսքով՝ կողմերը գտնվում են ակտիվ համագործակցության փուլում․ կայացել են առցանց քննարկումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ գործընկերության ընդլայնման վերաբերյալ։
«Միլանի համալսարանի հետ արդեն ունենք գործող հուշագիր, որը նախաձեռնվել էր հնագիտության ոլորտի մեր գործընկերների կողմից, և որոշել ենք շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, նախատեսում ենք գործակցությունը զարգացնել նաև միջազգային հարաբերությունների և բնական գիտությունների ոլորտներում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Նա ընդգծեց, որ արդեն նախաձեռնվել է կոնկրետ աշխատանք կենսատեխնոլոգիայի և դեղագիտության ուղղություններով՝ գործընկերների միջև անհրաժեշտ տեղեկությունների փոխանակմամբ և հետագա քայլերի հստակեցմամբ։ Քննարկվեց նաև համագործակցության խորացումը պատմության և մշակութաբանական ուսումնասիրությունների ուղղությամբ՝ առանձնահատուկ շեշտադրելով մշակութային մարդաբանության դերը։ Ռեկտորի խոսքով՝ այս փուլում նպատակահարմար է կենտրոնանալ մի քանի առաջնահերթ ուղղությունների վրա՝ հետագայում ընդլայնելու հնարավորությամբ։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, կարևորելով նախաձեռնության շարունակականությունը, ընդգծեց՝ միջազգային կապերի հաջողության գրավականը կայուն և հետևողական աշխատանքն է։ Նա նշեց, որ հատկապես ավանդական արվեստի և մշակութային ուսումնասիրությունների ոլորտներում ունեն միջազգային համագործակցության լայն փորձ, իսկ հնագետների ներգրավվածությունը տարբեր արշավախմբերում կարող է նոր հնարավորություններ ստեղծել համատեղ նախագծերի համար։
«Մի քանի տարի առաջ մեկնարկած այս համագործակցության առաջին փորձը մեզ ցույց տվեց շարունակականության կարևորությունը։ Այսօր հասել ենք այն կետին, երբ կարող ենք լուրջ աշխատանք կատարել և ձևավորել իսկապես ամուր և արդյունավետ գործընկերություն»,- մատնանշեց Ալեքսանդր Մարգարովը և հավելեց, որ գործընթացը ձևավորվում է ոչ միայն մասնագիտական, այլև բարեկամական մթնոլորտում։
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Րիզոն ևս կարևորեց երկու երկրների միջև արդեն առկա կրթագիտական համագործակցությունը և դրա զարգացումը։ Նրա համոզմամբ՝ ձևավորված փոխադարձ հետաքրքրությունն ու ներգրավվածությունը հնարավորություն են տալիս հարաբերությունները տեղափոխելու նոր՝ առավել արդյունավետ փուլ։
Դեսպանը նշեց, որ այսօր Հայաստան-Իտալիա հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով, և կրթական համագործակցությունը դրանց կարևոր բաղադրիչներից է։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ համալսարանների միջև ձևավորվող կապերը հաճախ կառուցվում են ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև մարդկային վստահության և բարեկամության հիմքի վրա, ինչը կարևոր նախապայման է երկարաժամկետ համագործակցության համար։
Անդրադառնալով ուսանողական հետաքրքրվածությանը՝ դեսպանը նշեց, որ վերջին շրջանում նկատվում է աճող հետաքրքրություն Իտալիայի նկատմամբ, ինչը պարտավորեցնում է առավել ակտիվացնել աշխատանքը կրթական և գիտական համագործակցության ոլորտներում։ Նա նաև ընդգծեց, որ «Էրազմուս+» փոխանակման ծրագրերի շրջանակում Իտալիան շարունակում է մնալ ամենապահանջված ուղղություններից մեկը թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։
«Մենք այսօր ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ սկսած ավիահաղորդակցությունից մինչև հաստատված գործընկերային կապեր, և պետք է առավելագույնս օգտագործենք այդ հնարավորությունները»,- նշեց դեսպանը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը շարունակելու է զարգանալ՝ գրանցելով նոր արդյունքներ։
Այցի ավարտին դեսպանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ՝ բաց քննարկման ձևաչափով։




