- Գլխավոր
- Նորություններ
- Հարմարավետությո՞ւն, թե՞ առաջընթաց․ կարիերային վերաբերող կարևոր ուղերձներ՝ ԵՊՀ ուսանողներին
Մարտ 20, 2026 | 16:19
Գործընկերներ
Կարիերա
Միջոցառումներ
Հարմարավետությո՞ւն, թե՞ առաջընթաց․ կարիերային վերաբերող կարևոր ուղերձներ՝ ԵՊՀ ուսանողներին
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «University Tour» հանդիպումը՝ «Career City Fest» նախաձեռնության շրջանակում: Հանդիպման նպատակն էր ուսանողների համար ստեղծել հնարավորություն՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին, ինչպես նաև լսելու կարիերայի ճիշտ ընտրության, մասնագիտական աճի և առկա հնարավորությունների մասին։
Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր, «Career City Fest»-ի պրոդյուսեր Սերգեյ Ուսնունցը։ Նա ուսանողներին ներկայացրեց կարիերային վերաբերող կարևոր նրբությունները՝ նախ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք առաջին գործատուն հնարավորություն կտա առաջխաղացման, թե պարզապես տարիներ կխլի աշխատողից։
Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ առաջին գործատուն միաժամանակ դառնում է առաջին ղեկավարը և առաջին կոլեգան։
«Առաջին աշխատանքը հիմնականում դիտարկվում է որպես սկիզբ, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ այն ապահովում է աճի հնարավորություն։ Առաջին ղեկավարը կարող է զարգացնել ձեր պոտենցիալը, սովորեցնել մտածել, բայց նաև սովորեցնել վախենալ»,– նշեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ տարբեր ընկերություններում աշխատակցին տարբեր կերպ կարող են ընկալել․ մի վայրում նա կարող է զարգանալ, իսկ մյուսում կարող են դիտարկել որպես լրացուցիչ աշխատանք կատարելու համար նախատեսված կադր, ինչի հետևանքով աշխատակցի զարգացման հնարավորությունները կարող են հետաձգվել։
Ուսնունցի դիտարկմամբ՝ աշխատավայրի ընտրության հարցում, երբ շեշտը դրվում է հարմարավետության վրա, օրինակ, կրճատ աշխատաժամանակի, աշխատավայրը մոտ լինելու կամ ոչ ծանրաբեռնված աշխատանքի, հաճախ հենց այդ հարմարավետությունն է դանդաղեցնում կարիերայի առաջխաղացումը, քանի որ այդ պայմաններում աշխատակցին ոչինչ չի մղում զարգանալու։
«Դուք պետք է ընտրություն կատարեք՝ ընտրել հարմարավե՞տ, թե՞ առաջ շարժվելու հնարավորություն ընձեռող աշխատանք՝ թեկուզ որոշակի անհարմարություններով»,- ընդգծեց բանախոսը։
Նրա խոսքով՝ աշխատանքի առաջին 3–5 տարիներն այն առանցքային ժամանակահատվածն են, երբ աշխատակիցը կարող է հասնել նշանակալի բարձունքների։
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ ներկայացրեց ծանրամարտը՝ որպես կարիերա ընտրելու իր մոտեցումը՝ ընդգծելով, որ իր համար կարևորը ոչ թե հարմարավետ միջավայրում աշխատելն էր, այլ անընդհատ առաջ գնալու ձգտումը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը, ուսանողների կարիերայի կայացման գործում խորապես կարևորելով նման քննարկումները, ասաց. «Ինչքան էլ կրթությունը՝ հիմնարար գիտելիքը, կարևոր է, կապը աշխատաշուկայի հետ դուք կարող եք զարգացնել հենց նման միջոցառումների շնորհիվ»:
«Skill Event Marketing Company»-ի նախագծերի կառավարիչ, ԵՊՀ շրջանավարտ Իրինա Դավթյանը տեսանյութով ուսանողներին ներկայացրեց «Career City Fest» փառատոնը:
Նշենք, որ «Career City Fest»-ը լավագույն գործատուների ամենամյա փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Տարածաշրջանում գործատուի բրենդինգի ամենամեծ փառատոնը միջազգային «Eventex Awards»-ի եռակի մրցանակակիր է։ Երեք տարիների ընթացքում այն համախմբել է հազարավոր այցելուների, հարյուրավոր բանախոսների ու ընկերությունների։ «Career City Fest»-ը տարվա գլխավոր կարիերային իրադարձությունն է, որտեղ խաչվում են միտումները, ոգեշնչումն ու հնարավորությունները բոլոր սերունդների համար:






