Նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում և Վրաստանում կայուն զբոսաշրջության զարգացմանը՝ մեկնարկեց «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» նախագիծը, որը ֆինանսավորում է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը: Ս.թ. ապրիլի 1-ին տեղի ունեցավ մեկնարկային առցանց հանդիպումը, որի նպատակն էր հիմնական կողմերին ներկայացնել նախագծի բովանդակությունը։
Մասնավորապես՝ նախագիծը Հայաստանում և Վրաստանում կայուն զբոսաշրջությունը զարգացնելու համար, ապահովելով միջտարածաշրջանային համագործակցություն, կկատարի Վրաստանի և Հայաստանի գեոժառանգության գույքագրում, որի արդյունքում ստացված գիտական տվյալների հիման վրա կստեղծի զբոսաշրջային էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված։ Նախագծի շրջանակում նախատեսվում են փոխայցելություններ մասնակից երկրներ՝ գեոժառանգության զբոսաշրջային օգտագործման փորձը ուսումնասիրելու նպատակով։
Առցանց հանդիպմանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Եվա Մերենիկսը, նախագծի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Քրիստոֆ Լաբուսը (Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարան), Մարտին Կլեմպան (Օստրավայի տեխնիկական համալսարան), Օլգա Սուսկերիան (Վրաստանի տեխնիկական համալսարան): Մասնակիցները կարևորեցին նախագիծը և դրա գիտական ու պրակտիկ ներդրումը՝ Հայաստանում և Վրաստանում զբոսաշրջության կայուն զարգացմանը նպաստելու տեսանկյունից։ Հանդիպումը համակարգում էր նախագծի ղեկավար Գոռ Ալեքսանյանը, որը ներկայացրեց նախագծի նպատակները, վերջնարդյունքները և սպասվելիք գործողությունները։ Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով և մասնակիցների շնորհակալական խոսքով։
Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում:



