- Главная
- Node
- ԵՊՀ պատվիրակությունը Բրաշովում ներկայացրել է կրթական ծրագրերի վերափոխման փորձը
Апрель 03, 2026 | 14:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ պատվիրակությունը Բրաշովում ներկայացրել է կրթական ծրագրերի վերափոխման փորձը
ԵՊՀ պատվիրակությունը պաշտոնական այցով Բրաշովում էր՝ մասնակցելու Տրանսիլվանիայի համալսարանում (Ռումինիա) անցկացված «Erasmus+» (KA2) ծրագրի «Reforming Undergraduate Education for Green and Sustainable Development in Armenia and Moldova» (RE-GRAD) նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային աշխատաժողովին, որը նվիրված էր բակալավրի վերանայված կրթական ծրագրերի փորձարկման միջանկյալ արդյունքների ներկայացմանը և «կանաչ» ու կայուն զարգացման կրթության արդիական մոտեցումների քննարկմանը։
ԵՊՀ պատվիրակությունը ներկայացրեց «Կենսաբանություն» և «Հանրային քաղաքականություն և կառավարում» բակալավրիատի կրթական ծրագրերում կատարված փոփոխությունները՝ հիմնված կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և «կանաչ» հմտությունների ինտեգրման սկզբունքների վրա։ Ներկայացվեցին նաև դասավանդման նորարարական մոտեցումները՝ արդյունքահենք կրթության սկզբունքների կիրառմամբ, գործնական և միջգիտակարգային մեթոդների ներդրմամբ, ինչպես նաև թվայնացված ուսուցման գործիքների արդյունավետ օգտագործմամբ։ Շեշտադրվեց, որ վերանայված ծրագրերը միտված են ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցմանը, այլև ուսանողների վերլուծական և քննադատական մտածողության, ինչպես նաև կիրառական կարողությունների զարգացմանը, հատկապես՝ կայուն զարգացման և բնապահպանական մարտահրավերների հաղթահարման համատեքստում։
Ներկայացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ծրագրերի կառուցվածքային վերափոխումներին, ուսումնառության արդյունքների հստակ ձևակերպմանը և դրանց համապատասխանեցմանը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։
Ելույթների շրջանակում ներկայացվեցին նաև ծրագրերի փորձարկման միջանկյալ արդյունքները, որոնք վկայում են, որ ԿԶՆ-ի ինտեգրումը և դասավանդման մեթոդների արդիականացումը նպաստում են ուսանողների ներգրավվածության աճին և ուսումնառության արդյունավետության բարձրացմանը։ Միաժամանակ անդրադարձ կատարվեց առկա մարտահրավերներին՝ կապված ծրագրերի ներդրման գործընթացի, նոր կրթական ձևաչափերի ադապտացման և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հետ։
Նշենք, որ աշխատաժողովին ելույթներով հանդես եկան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Մոլդովայի տեխնիկական համալսարանի և Կահուլի պետական համալսարանի պատվիրակները՝ ներկայացնելով իրենց բուհերում կատարվող կրթական բարեփոխումների փորձը։
Միջազգային նման ձևաչափերով ծրագրերին մասնակցությունը կարևոր հնարավորություն է ստեղծում ԵՊՀ աշխատակիցների համար՝ ծանոթանալու կրթական ծրագրերի արդիականացման եվրոպական փորձին, ընդլայնելու համագործակցությունը գործընկեր համալսարանների հետ և շարունակաբար բարելավելու բակալավրի կրթական ծրագրերը՝ «կանաչ» և կայուն զարգացման սկզբունքների ներառմամբ։
Բացի դրանից՝ այն նաև նպաստում է դասավանդման մեթոդների կատարելագործմանը, համատեղ հետազոտական նախաձեռնությունների ձևավորմանը և համալսարանի միջազգային տեսանելիության բարձրացմանը, հատկապես՝ «Erasmus+» ծրագրի շրջանակում իրականացվող «RE-GRAD» նախաձեռնության նպատակների համատեքստում։