- Главная
- Node
- Նոր անդրադարձ Վահան Թեքեյանի հրապարակախոսությանը․ ԵՊՀ դոցենտի հոդվածը՝ «Scopus»-ում
Апрель 09, 2026 | 11:00
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Նոր անդրադարձ Վահան Թեքեյանի հրապարակախոսությանը․ ԵՊՀ դոցենտի հոդվածը՝ «Scopus»-ում
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ Գոռ Աբրահամյանի գիտական հոդվածը լույս է տեսել «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված «Երկխոսություն ժամանակի հետ» («Диалог со временем») հանդեսում։ Ուսումնասիրության առանցքային նպատակներից է բացահայտել Վահան Թեքեյանին՝ որպես հրապարակախոս, և այն, թե ինչպես է հրապարակախոսությունը ազդում հանրային ընկալումների ձևավորման վրա։
Գոռ Աբրահամյանի «Հայաստանի Հանրապետության խորհրդայնացման և ռուսական կողմնորոշման հարցերը Վահան Թեքեյանի հրապարակախոսության մեջ (1920–1945 թթ.)» հոդվածը նվիրված է հայ մեծանուն գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Թեքեյանի հրապարակախոսության ուսումնասիրությանը՝ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո ձևավորված քաղաքական ընտրությունների, արտաքին կողմնորոշումների և պետականության պահպանման ռազմավարությունների համատեքստում։
Թեմայի շուրջ զրուցել ենք հոդվածի հեղինակ Գոռ Աբրահամյանի հետ։
- Պարո՛ն Աբրահամյան, ինչի՞ մասին է Ձեր ուսումնասիրությունը, ո՞ր հարցադրումների շուրջ է այն կառուցված։
- Գիտական հոդվածը վերաբերում է Վահան Թեքեյանի հրապարակախոսությանը՝ կապված Առաջին հանրապետության ձևավորմանը հաջորդած գործընթացների՝ պետականության անկման և Հայաստանի խորհրդայնացման հիմնահարցերի հետ։ Ուսումնասիրության առանցքում այն խոսույթն է, որը ձևավորվում էր հանրային միջավայրում Հայաստանի արտաքին կողմնորոշման ընտրության շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես ռուսական կողմնորոշման հիմնավորումներին ինչպես ներհայաստանյան, այնպես էլ համահայկական գործընթացների և միջազգային զարգացումների համատեքստում։ Իմ նպատակն էր ցույց տալ, թե հայ մտավորականությունը՝ ի դեմս Վահան Թեքեյանի, ինչ մոտեցումներ էր ձևավորում այդ ժամանակահատվածում և ինչպիսի տեսակետների բախումներ կային պետականության պահպանման հիմնահարցի շուրջ։ Այդ ընտրությունը վերաբերում էր միաժամանակ երկու կարևոր խնդիրների․ մի կողմից՝ ապահովել Արևելյան Հայաստանի պետականության շարունակականությունը, մյուս կողմից՝ հնարավորություններ գտնել Արևմտյան Հայաստանի հարցերի լուծման համար։
- Ինչո՞վ է պայմանավորված թեմայի արդիականությունը։
- Թեման արդիական է նաև այսօր, քանի որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները որոշակիորեն համադրելի են Առաջին հանրապետության գոյության և դրան հաջորդած ժամանակաշրջանի իրողությունների հետ։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե այդ ժամանակաշրջանում հայկական հասարակական-քաղաքական միտքն ինչպիսի խոսույթ էր ձևավորում, ինչ նարատիվներ էր օգտագործում և ինչպես էր ազդում հանրային ընկալումների ձևավորման վրա՝ փորձելով բացատրել նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։
Ուսումնասիրության առանցքային նպատակներից մեկն էր բացահայտել այդ հրապարակախոսական մտքի ներքին տրամաբանությունը, դրա պատճառահետևանքային կապերը և ազդեցությունը ինչպես հանրային գիտակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների վրա։
- Ձեր ուսումնասիրության մեջ ի՞նչ տեղ ունի սփյուռքահայության դիրքորոշումների փոփոխության հարցը։
- Շատ հետաքրքիր է դիտարկել Հայաստանի և սփյուռքահայության մոտեցումների տարբերությունը։ Եթե Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ էր Արևելյան Հայաստանի պետականության պահպանումը, ապա սփյուռքահայության մի զգալի հատվածի համար առաջնային էր Արևմտյան Հայաստանի հարցը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անտանտի երկրներից մեծ սպասելիքները ժամանակի ընթացքում փոխարինվում են հիասթափությամբ, և դրան զուգահեռ՝ փոխվում է նաև Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։
- Այս համատեքստում ինչպե՞ս է փոխվում Վահան Թեքեյանի դիրքորոշումը։
- Վահան Թեքեյանի հրապարակախոսությունը ցույց է տալիս այդ փոփոխությունների ամբողջ ընթացքը։ Եթե սկզբնական շրջանում ռուսական գործոնը մերժելի էր, ապա 1920 թվականից հետո աստիճանաբար սկսում է ընկալվել որպես հնարավոր լուծում։ Թեքեյանը նույնիսկ փորձել է հասնել նրան, որ խորհրդային իշխանությունները քննարկեն Արևմտյան Հայաստանի տարածք զորքեր մտցնելու հնարավորությունը։ Թեև այդ նախաձեռնությունը իրական հնարավորություն չուներ՝ հաշվի առնելով խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի հարաբերությունները, այն ցույց է տալիս նրա վճռականությունը Արևմտյան Հայաստանի փրկության հարցում։
Երբ արդեն պարզ է դառնում, որ այդ տարբերակը նույնպես իրատեսական չէ, Թեքեյանը սկսում է պաշտպանել Հայաստանի խորհրդայնացումը՝ որպես Արևելյան Հայաստանի պետականության պահպանման միակ հնարավոր տարբերակ։
- Ի՞նչ ազդեցություն ուներ հրապարակախոսությունը հանրային մտածողության վրա։
- Ուսումնասիրության կարևոր ուղղություններից մեկն էր հասկանալ, թե ինչպես է հրապարակախոսությունը ազդում հանրային ընկալումների ձևավորման վրա։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է 1920-ականներից մինչև իր կյանքի վերջը Թեքեյանը փորձում հասկանալ Առաջին հանրապետության ձախողման պատճառները՝ անդրադառնալով թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ հասարակության մտածողության առանձնահատկություններին։ Նրա հրապարակախոսության միջով կարմիր թելի նման անցնում է մի կարևոր գաղափար՝ հայ ժողովուրդը չպետք է դառնա որևէ մեծ պետության քաղաքական գործիքը, քանի որ սեղանին դրված է Հայաստանի ապագան։
- Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել ուսումնասիրություն կատարելիս։
- Ուսումնասիրության նյութ են դարձել շուրջ 250 հրապարակումներ տարբեր երկրներում լույս տեսնող մամուլից։ Դրանց թվում են Թեքեյանի խմբագրած «Արև» օրաթերթը, որը լույս էր տեսնում Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում հրատարակվող «Ժողովրդի ձայն» պարբերականը։ Ուսումնասիրության մեջ ներառվել են նաև ռամկավարական, դաշնակցական և այլ ուղղությունների մամուլի հրապարակումներ՝ ապահովելու հնարավորինս ընդգրկուն գրականություն։
Հետազոտության ընթացքում կիրառվել են բովանդակային վերլուծության, համեմատության և համադրության մեթոդներ, ուսումնասիրվել են ինչպես սկզբնաղբյուրները, այնպես էլ թեմայի վերաբերյալ առկա գիտական գրականությունը։
- Ինչո՞ւ է Վահան Թեքեյանը քիչ ուսումնասիրված որպես հրապարակախոս։
- Թեքեյանը բավական լավ ուսումնասիրված է որպես գրող, սակայն նրա հրապարակախոսությունը, հատկապես՝ քաղաքական գործունեության հետ համադրված, համեմատաբար քիչ է ուսումնասիրվել։
Սա պայմանավորված է ժամանակի փոփոխությամբ։ Այսօր Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները նորից արդիական են դարձնում այդ ժամանակաշրջանի հրապարակախոսության ուսումնասիրությունը։ Այդ իսկ պատճառով կարևոր է վերարժևորել ոչ միայն Թեքեյանի, այլև տվյալ ժամանակաշրջանի մյուս հրապարակախոսների գործունեությունը՝ հասկանալու դրանց ազդեցությունը հանրային տրամադրությունների ձևավորման վրա։
- Որքանո՞վ է կարևոր այսօրինակ թեմաների հանրահռչակումը միջազգային գիտական հարթակներում։
- Դա չափազանց կարևոր է ոչ միայն միջազգային գիտական ներկայության ապահովման, այլև հայկական թեմատիկան միջազգային գիտական հանրությանը հասանելի դարձնելու տեսանկյունից։ Ես սա դիտարկում եմ նաև գիտական դիվանագիտության շրջանակում։ Որքան շատ լինեն նման հրապարակումներ միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում, այնքան բարձր կլինի Հայաստանի գիտական ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։ Միաժամանակ կարևոր է, որ նման ուսումնասիրությունները հասանելի լինեն նաև հայաստանյան գիտական հանրությանը և դառնան քննարկման առարկա տեղական գիտական հարթակներում։