- Գլխավոր
- Նորություններ
- Ընդլայնելով միջազգային գործընկերների շրջանակը․ նոր համագործակցություն Կրետեի համալսարանի հետ
Ապրիլ 09, 2026 | 15:02
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ընդլայնելով միջազգային գործընկերների շրջանակը․ նոր համագործակցություն Կրետեի համալսարանի հետ
Երևանի պետական համալսարանը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ամրապնդելով գիտակրթական կապերը եվրոպական առաջատար բուհերի հետ։ Այդ նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել Կրետեի համալսարանի հետ՝ զարգացնելու ակադեմիական, գիտական և մշակութային բազմակողմ գործընկերությունը:
Կրետեի համալսարանը համարվում է Հունաստանի առաջատար պետական բուհերից մեկը՝ աչքի ընկնելով իր ակադեմիական բարձր չափանիշներով և միջազգային համագործակցության ակտիվությամբ։ Ներկայում համալսարանն ունի ավելի քան 18 000 բակալավրիատի ուսանող, շուրջ 3 000 մագիստրանտ ու ասպիրանտ։ Կրետեի համալսարանում դասավանդում են շուրջ 450 մասնագետներ, ինչպես նաև հրավիրյալ դասախոսներ, հետազոտողներ և մասնագիտական օժանդակ անձնակազմ։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է խթանել դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը, իրականացնել համատեղ գիտահետազոտական նախագծեր, ինչպես նաև կազմակերպել ակադեմիական տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակում։ Կարևոր ուղղություններից է միջազգային ակադեմիական շարժունության ակտիվացումը, որը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ներգրավվելու կրթական և գիտական նոր միջավայրերում, ձեռք բերելու միջազգային փորձ և ընդլայնելու մասնագիտական կապերի շրջանակը։
Կրետեի համալսարանը ներառված է «Times Higher Education World University Rankings» համաշխարհային վարկանիշային աղյուսակում և 2026 թ. տվյալներով ընդգրկված է 601-800 խմբում՝ աշխարհի ավելի քան 2000 համալսարանների շարքում։ Ազգային մակարդակում այն զբաղեցնում է առաջատար դիրքեր գնահատմանը մասնակցող հունական համալսարանների շրջանակում։
Իր հետազոտական ներուժն ու միջազգային ներգրավվածությունը ամրապնդելու նպատակով Կրետեի համալսարանը դարձել է հունական առաջին բուհը, որը ստորագրել է ԵՄ հետազոտողների խարտիան և հետազոտողների հավաքագրման վարքականոնը։ Համալսարանը նաև «EURAXESS» եվրոպական ցանցի անդամ է, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնելու հետազոտողների շարժունության ծրագրերը և գիտական համագործակցությունը։
Երևանի պետական և Կրետեի համալսարանների համագործակցության զարգացումը հատկապես կարևոր է ԵՊՀ միջազգայնացման ռազմավարության տեսանկյունից։ Այս գործակցությունը կնպաստի համատեղ կրթական ծրագրերի ստեղծմանը, եվրոպական դրամաշնորհային ծրագրերում ԵՊՀ հետազոտողների ներգրավվածության աճին, ինչպես նաև դասավանդման և գիտական աշխատանքների որակի բարձրացմանը։ Միաժամանակ, այն նոր հնարավորություններ կստեղծի երիտասարդ հետազոտողների համար՝ մասնակցելու միջազգային գիտաժողովների, կարճաժամկետ ուսումնագիտական այցերի և համատեղ գիտական նախաձեռնությունների։